Aravot.am-ը Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանից հետաքրքրվեց` որպես փորձագետ ինչ կարծիքի է Երեւանի Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի հայտարարության վերաբերյալ, որը ԱԱԾ-ի կողմից բացահայտված` ոչ պետական բուհերի ռեկտորների կողմից կեղծ դիպլոմներ վաճառելու պատճառը համարել էր ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործունեության հետեւանքը, քանի որ ըստ Մակիչյանի, նախկին նախարարը ոչ պետական բուհերի ընդունելությունը դարձրել էր միասնական քննակարգով, ինչը հանգեցրել էր դիմորդների թվի կտրուկ նվազման:
«Անկեղծ ասած՝ մեկնաբանելու նյութ առանձնապես չեմ տեսնում։ Հյուսիսային համալսարանի ռեկտորի վերլուծությունը, մեղմ ասած, քննադատության չի դիմանում։ Կեղծ դիպլոմներ տալու քրեական բնույթի զանցանքը որևէ աղերս չունի ընդունելության կազմակերպման հետ։ Պատահական չէր Կրթության և գիտության նախկին նախարարի արձագանքը։ Մյուս կողմից, բարձրագույն կրթության մասնավոր հատվածի այսօրվա տխուր իրավիճակը ամբողջ ոլորտում տարվող քաղաքականության համակարգային խնդիրների առկայության կարևոր ցուցիչներից է, ուժեղ մասնավոր համալսարանները խթանում են իրական մրցակցությունը, և ստիպում հանրային կրթական հաստատություններին բարելավել կրթական ծառայությունների որակը, ավելի ճկուն գործել (դա կարելի է տեսնել մեր հարևան երկրների օրինակով, որտեղ մասնավոր համալսարանները որոշ դեպքերում ավելի մեծ հեղինակություն են վայելում, քան հանրայինները), և կապել դա շահույթ հետապնդող հաստատություն լինելու հետ, անշուշտ, իրավաչափ չէ»,-ասաց պարոն Կարաբեկյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ