Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Մի ամբողջ թիմ իր պատրաստակամությունն է հայտնել լինել Արցախի ու արցախցու կողքին»

Հունվար 19,2017 21:35

Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, որի ընթացքում անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանի և Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ ԼՂՀ Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի հետ հաստատված ամուր կապերը՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանն, իրոք, ուրույն և կարևոր դերակատարում ունի Արցախի կյանքում, ինչն առանձնակի է կարևորվում և գնահատվում արցախահայության կողմից:

«Մենք բարձր ենք գնահատում Ստեփանակերտի ու Արցախի շրջանների հետ կապերը զարգացնելու և խորացնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի ողջ անձնակազմի անկեղծ շահագրգռվածությունը և պատրաստակամությունը: Դա հայրենասիրության և քաղաքացիական բարձր կեցվածքի վառ դրսևորում է»,-ընդգծել է Բակո Սահակյանը:

Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքը գնահատելու համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն իսկապես պարտավորեցնող է:
«2012 թվականից սկսած Արցախի մեր գործընկերների հետ միասին, մենք իրականացրել և իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր՝ Արցախի տնտեսության զարգացման ուղղությամբ, որոնք ընդգրկում են մշակութային, կրթական, սոցիալական, առողջապահական, հումանիտար, տուրիզմի և մի շարք այլ ուղղություններ: Նաև պետք է փաստեմ, որ Երևանի վարչական շրջանները ևս Արցախի քաղաքների ու շրջանների հետ ձևավորել են կայուն գործընկերային կապեր: Մեր համագործակցության համատեքստում, թերևս առանձնացնեմ բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված մեր համատեղ ջանքերը: Ինչպես սահմանամերձ գոտիներում ծառայություն իրականացնող զինծառայողների ծնողների արդեն ավանդական դարձած այցելությունները, այնպես էլ երևանաբնակ լավագույն զինծառայողներին արձակուրդի տրամադրումը: Մի ամբողջ թիմ իր պատրաստակամությունն է հայտնել լինելու Արցախի ու արցախցու կողքին, որը ոչ թե աշխատանք է, այլ բարոյական պարտք ու կարևոր առաքելություն: Ու վստահ եմ, որ մինչ օրս մեր թիմերի կողմից իրականացված բոլոր ծրագրերը, որոնք արժանացել են դրական գնահատականի, ըստ էության, հանդիսանում են ապագա ավելի խոշոր ծրագրերի հիմք, ինչը համատեղ ուժերով անպայման կդարձնենք իրականություն», – ընդգծել է Տարոն Մարգարյանը։
ՀՀ մայրաքաղաք Երևանի և ԼՂՀ միջև սերտ համագործակցության և փոխադարձ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով:

ՀՀ մայրաքաղաք Երևանի և ԼՂՀ միջև համագործակցության ծրագրերում ներդրած մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ԼՂՀ ՊԲ շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:
Երևան և Ստեփանակերտ քաղաքների միջև արդյունավետ համագործակցության համար Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը ևս պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը:

Ընդլայնված խորհրդակցության ժամանակ Արցախի Նախագահը պետական պարգևներով է պարգևատրել Երևանի քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանին և Դավիթ Օհանյանին, քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանին, խորհրդական Արայիկ Քոթանջյանին, Երևանի Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարներին, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին, քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի, կոմունալ տնտեսության, կրթության, առողջապահության ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունների պետերին: Արցախի նախագահի պետական պարգևի են արժանացել նաև Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը և «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Վարդան Գաբրիելյանը:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ ելույթի իր խոսքում նկատել է, որ հատկապես հաճելի է արձանագրել, որ երկու պետությունների մայրաքաղաքների փոխգործակցությունը բոլոր ուղղություններով զարգանում է արդյունավետ, արդյունքներն էլ իսկապես շոշափելի են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031