ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով տրանսպորտի բնագավառում իրականացվող օրենսդրական բարեփոխումների շրջանակում մշակվող օրենսդրական ակտերի, նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի դիրքորոշումն ստանալու, քննարկելու և դրանք նախարարին ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը հունվարի 19-ին գումարեց հերթական նիստը։
Նիստին ներկա էին աշխատանքային խմբում ընդգրկված մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը, «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ էդուարդ Հովհաննիսյանը։
Նիստին մասնակցում էին նաև Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, նախարարության համապատասխան վարչությունների մասնագետներ։
Աշխատանքային խմբի ղեկավար, նախարարության Լիզենզավորման գործակալության պետ Աշոտ Սահակյանը նախարար Վահան Մարտիրոսյանի անունից աշխատանքային խմբի անդամներին 2017 թվականին ևս մաղթեց արդյունավետ գործունեություն, որից հետո ներկայացրեց քննարկվող հարցերը։
Կարդացեք նաև
Դրանք հիմնականում վերաբերում էին մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելուն։
Ներկայացված առաջարկներն առավելապես ուղղված էին հավասար մրցակցային պայմաններ սահմանելուն, մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելուն։
«Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ընդգծեց, որ ուղևորափոխադրում իրականացնող բոլոր մեքենաների նկատմամբ պետք է լիցենզավորման հավասար պայմաններ ստեղծվեն. երթակարգավարական և տաքսի ծառայությունները պետք է լիցենզավորվեն։ «Աջակցություն տաքսի սերվիսներին» ՀԿ նախագահ Արամ Թամազյանն էլ հավելեց, որ անպայման պետք է տարանջատում լինի տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների և անհատ տաքսիների միջև։
«Աքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ առաջարկեց սահմանել ուղևորափոխադրումների մատուցման կարգ, որով կկանոնակարգվի ուղևոր-վարորդ փոխհարաբերությունները։
Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանն անդրադարձավ մեքենաների տեխնիկական զննության կարգին։ Նա ցանկացավ տեղեկանալ, թե ինչքանո՞վ են հաշվի առնվել նախորդ նիստի ընթացքում այդ խնդրի վերաբերյալ ներկայացված իրենց առաջարկությունները։
Նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մանրամասնեց, որ բոլոր առաջարկները հաշվի են առնվել, և հաջորդ շաբաթ արդեն նախագիծը կուղարկվի աշխատանքային խմբի բոլոր անդամներին։
Նիստի ընթացքում անդրադարձ եղավ նաև ավտոկայանների կառավարման խնդրին։ «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ընդգծեց իրենց կազմակերպության կողմից այն արդյունավետ կառավարելու հնարավորությունը։ Նրան առաջարկվեց ներկայացնել ավտոկայանների կառավարման իրենց մոդելը, որը կդրվի քննարկման։
Նիստի ավարտին աշխատանքային խմբի ղեկավար, նախարարության լիզենզավորման գործակալության պետ Աշոտ Սահակյանը նշեց, որ աշխատանքային խմբի բոլոր առաջարկները կարձանագրվեն և եզրակացությունը կներկայացվի նախարարին։
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն