Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանն ընդդեմ՝ Վանաձոր քաղաքի բնակչուհի Մարիամ Ավագյանի գործով դատական առաջին նիստը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ՝ Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասի մոտ Մ. Ավագյանը խոչընդոտել էր իր մասնագիտական պարտականությունները կատարող Շողիկ Գալստյանի աշխատանքը, կոտրել վերջինիս բջջային հեռախոսը՝ պատճառելով գույքային վնաս:
Դատական նիստին ներկա էին տուժող Շողիկ Գալստյանը, նրա ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը, մեղադրյալ Մարիամ Ավագյանը, դատախազ Ռաֆայել Երիցյանը, գործով ներգրավված վկաներ:
Կարդացեք նաև
Դատավոր Սուրեն Բաղդասարյանը Մ. Ավագյանին նախ ծանուցեց վերջինիս իրավունքները, միաժամանակ նաեւ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ պաշտպան չունի: Մեղադրյալ Մ. Ավագյանն էլ նշեց, որ խնամքին ունի 2 անչափահաս երեխա, եւ որ ինքն անվճարունակ է:
– Քննիչը ձեզ չի՞ բացատրել, էդ իրավունքը, որ կարող եք նաեւ պետության հաշվին, հանրային պաշտպան հրավիրվի եւ ձեր շահերը պաշտպանվի: Դուք ազատվեք իրավաբանական օգնության վճարից: Ձեզ համար նորությու՞ն էր սա: Դատարանը ձեր խնդրանքով, ձեր միջնորդությամբ կարող է կայացնել որոշում, ազատելու իրավաբանական օգնության վճարից եւ նշանակել հանրային պաշտպան՝ պետության հաշվին,- առաջարկեց դատավոր Ս. Բաղդասարյանը:
Մեղադրյալը նշեց, որ նույն ֆինանսական վիճակից ելնելով, նախաքննության փուլում եւս հրաժարվել է իրավաբանական օգնությունից. «Ֆինանսի պատճառով ես չէի վերցրել: Բայց հիմա, եթե հանրային կա՝ կօգտվեմ»,- ասաց Մ. Ավագյանը:
Դատավորը հաշվի առնելով նշված հանգամանքները, որոշեց նիստը հետաձգել: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 3-ին՝ ժամը 14:30-ին:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ