Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, եւ անցկացրել ընդլայնված խորհրդակցություն Երեւանի քաղաքապետարանի եւ Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Համապատասխան ելույթներով հանդես են եկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Երեւան քաղաքի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս ոչ միայն լուծել տարբեր սոցիալ-տնտեսական հարցեր, այլ նաեւ ստեղծել ամուր բարեկամական կապեր քաղաքամայր Երեւանի եւ Արցախի միջեւ: «Մենք բարձր ենք գնահատում Ստեփանակերտի ու Արցախի շրջանների հետ կապերը զարգացնելու եւ խորացնելու Երեւանի քաղաքապետարանի անկեղծ շահագրգռվածությունը եւ պատրաստակամությունը: Դա հայրենասիրության եւ քաղաքացիական բարձր կեցվածքի վառ դրսեւորում է»,- ընդգծել է Բակո Սահակյանը:
Երկրի ղեկավարը պետական պարգեւներով պարգեւատրել է Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների մի խումբ աշխատակիցների` ԼՂՀ մայրաքաղաքում եւ շրջաններում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Կարդացեք նաև
Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ