Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում արդարադատությունը խորքային բարեփոխումների կարիք ունի. ԵԽԽՎ

Հունվար 19,2017 17:55

ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ Ստեֆան Շենախը (Ավստրիա) և Ցեզար Ֆլորին Պրեդան (Ռումինիա) հայտարարություն են տարածել հունվարի 12-14-ին Բաքու կատարած փաստահավաք այցից հետո՝ ուշադրություն հրավիրել Ադրբեջանում հատկապես արդարադատության ոլորտում առկա որոշ խնդիրների վրա:

Այցի ընթացքում համազեկուցողները հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի փոխխոսնակի, ներքին գործերի, արդարադատության նախարարների և այլ պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագրողների, ինչպես նաև ազատազրկման մեջ գտնվող քաղբանտարկյալների հետ:

«Անչափ կարևոր է նոր խթան հաղորդել բարեփոխումների գործընթացին և երկխոսություն սկսել իշխանությունների հետ, հատկապես արդարադատության, մամուլի ազատության և մարդու իրավունքների ոլորտներում, մասնավորապես, ՀԿ-ների մասին օրենսդրության վերաբերյալ: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունն Ադրբեջանի կառավարության և մարդկանց հետո՝ այս բարեփոխումները սահմանելու և իրականացնելու հարցում»,- ասվում է համազեկուցողների հայտարարության մեջ:

Ստեֆան Շենախը և Ցեզար Ֆլորին Պրեդան ուշադրություն են հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում բացթողումների, հատկապես քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակի վրա, որոնց Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ճանաչել է խղճի բանտարկյալներ: Հիշեցնելով, որ 2016թ. ազատ են արձակվել որոշ իրավապաշտպաններ, քաղաքական ակտիվիստներ և լրագրողներ՝ համազեկուցողները հույս են հայտնել, որ այդ դրական միտումը կպահպանվի 2017թ. ընթացքում:

Անդրադառնալով Ադրբեջանի արդարադատության համակարգում բարեփոխումների անհրաժեշտությանը՝ համազեկուցողները նշել են. «Կարևոր է հաշվի առնել խնդրի խորքային պատճառները և ավելացնել վստահությունը արդարադատության համակարգի ներսում և դրա անկախությունը: Մասնավորապես, անհրաժեշտություն կա վերանայելու քրեական արդարադատության համակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով մինչդատական կալանքներին, պատժի այլընտրանքային միջոցների մշակմանը և անչափահասների համար առանձին դատական համակարգի ստեղծմանը»:

Համազեկուցողների ուշադրությունից չեն վրիպել նաև համացանցում և սոցցանցերում տեղի ունեցող զարգացումները՝ կապված թվային տարածքում խոսքի և մամուլի ազատությունների հետ: Մասնավորապես, նրանք իրենց մտահոգությունն են հայտնել մեծ թվով երիտասարդ բլոգերների ձերբակալությունների կապակցությամբ:

Համազեկուցողները նշել են, որ այցի արդյունքներն առավել մանրամասն կներկայացնեն ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի առաջիկա հանդիպումներից մեկում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031