Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի գործով դատական նիստին որոշվեց արագացված դատական կարգով գործը քննել:
Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա իր ընկերներ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի և գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ միասին 2016թ. ապրիլի 17-ին Երևան քաղաքի Աբովյան փող. թիվ 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն:
Պաշտպանները դատական նիստում ներկայացրեցին ամբաստանյալների բնութագրերը, ըստ որի, օրինակ, Գուրգեն Արսենյանը Մանկավարժական համալսարանում ցուցաբերել է պարկեշտ աշխատասեր, հետաքրքրասեր, ակտիվ ուսանողի վարք, ուսանողին ոչ վայել պահվածք չի ցուցաբերել: Ուսման ընթացքում բարձր առաջադիմություն է ունեցել: մանկավարժա-դասախոսական կազմը պատգամավորի որդուն բնութագրել է որպես կիրթ եւ զուսպ երիտասարդ, բավականին խելացի եւ ուսումնատենչ, վայելում է ուսանողերի հարգանքը, ընկերասեր է եւ այլն: Իսկ համատիրությունից տեղեկանք են տվել, որ նա համեմատաբար ակտիվ, աշխատասեր տղա է, հակահասարակաան արարքով աչքի չի ընկել, խնդիրների լուծման աջակցման հարցում ակտիվ է եղել, մեծերի նկատմամբ ընդգծված հարգալից է եղել եւ այլն:
Արմեն Ներսիսյանի համար համատիրությունից տեղեկանք էին բերել, որ նա վայելում է հարեւանների հարգանքը, մասնակցում է ակտիվորեն հասարակական աշխատանքներին. «Նա Հայբուսակ համալսարանի հենակետային ավագ դպրոցում բարեխիղճ, պարտաճանաչ սովորող է, ընկերասեր է, վայելում է ուսուցիչների, ընկերների համակրանքը»: Պաշտպանն ասաց, որ Արմեն Ներսիսյանը ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել այն հիմքով, որ տառապում է տուբերկուլյոզով եւ հաշվառված է եղել Հակատուբերկուլյոզային դիսպանսերում:
Կարդացեք նաև
Գուրգեն Գրիգորյանին էլ բնութագրում են, որ միայն դրական հատկանիշներով է օժտված, նրան սիրում եւ հարգում են:
Մեղադրական ճառով հանդես գալով՝ դատախազն ընդգծեց, որ Գուրգեն Գրիգորյանի դեպքում կա ծանրացուցիչ հանգամանք՝ դեպքի ժամանակ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Դատախազն առաջարկեց Գուրգեն Գրիգորյանին ազատազրկել 8 ամիս ժամկետով, Գուրգեն Արսենյանին՝ ազատազրկման դատապարտել 4 տարի ժամկետով, որի մեջ նախնական կալանքի տակ գտնվելու 20 օրն էլ, Արմեն Ներսիսյանին էլ նույնը՝ սահմանելով նաեւ տուգանք նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով:
Տուժողները դատարանում վստահեցրին, որ բողոք չունեն, հաշտվել են, ներել են, ամեն ինչ նորմալ է:
Գուրգեն Գրիգորյանի պաշտպանը վստահեցրեց, որ իր պաշտպանյալն այս ընթացքում 7-8 ամսում, ինչ եղել է Նուբարաշեն քրեակատարողականում, արդեն ուղղվել է: Պաշտպանը խնդրեց անազատության հետ չկապված պատիժ կիրառել, պայմանականորեն չկիրառել կամ հնարավորինս մեղմ պատիժ սահմանել: Գրիգորյանն էլ ասաց. «Խնդրում եմ հնարավորինս մեղմ վարվել, ընդունել եմ մեղքս»:
Գուրգեն Արսենյանի պաշտպանը նույնպես վստահեցրեց, որ պատգամավորի որդին ուղղվել է, ուստի առաջարկեց պատիժը պայմանականորեն չկիրառել, այլ սահմանել փորձաշրջան:
Արմեն Ներսիսյանի նկատմամբ պաշտպանը նշեց, որ ծանրացնող հանգամանքները բացակայում են, առաջին անգամ է հանցագործություն կատարում, տուբերկուլյոզով է տառապում: Առաջարկեց պատիժը նրա նկատմամբ էլ չկիրառել, այլ՝ փորձաշրջան սահմանել: Գուրգեն Արսենյանն ասաց ամբաստանյալի իր վերջին խոսքը. «Խնդրում եմ ամենահնարավոր մեղմ պատիժը սահմանել: Տուժողների հետ հաշտվել ենք, ոչ մի խնդիր չկա»:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, քիչ հետո կհրապարակվի վճիռը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ