Լրահոս
Օրվա լրահոսը

Յուլի Էդելշտեյնը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ վաղ թե ուշ Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հունվար 19,2017 17:24

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը:

Ողջունելով հայկական պատվիրակությանը` Յուլի Էդելշտեյնը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությունը եւ հայտնել իր պատրաստակամությունը` այսուհետ եւս ջանքեր ներդնելու տարբեր ոլորտներում համագործակցության համար` մասնավորապես ընդգծելով մշակույթի, տուրիզմի, տնտեսության եւ հատկապես գյուղատնտեսության ոլորտները: Կնեսետի խոսնակը կարեւորել է նաեւ հայ եւ հրեա համայնքների ունեցած դերակատարությունը պետությունների զարգացման գործում:

Յուլի Էդելշտեյնը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ վաղ թե ուշ Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ափսոսանք է հայտնել, որ առ այսօր Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչվել Կնեսետի կողմից, սակայն վերջին շրջանում այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք քայլեր:

«Ես այդքան էլ հպարտ չեմ այն փաստով, որ Իսրայելը դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանութունը, բայց, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ արդեն առկա է որոշակի առաջխաղացում»,- ասել է խոսնակը:

Պարոն Էդելշտեյնը նաեւ հույս է հայտնել, որ ապագայում հնարավոր կլինի գտնել խաղաղ լուծումներ չկարգավորված հակամարտությունների համար: Կնեսետի խոսնակը խոստացել է աջակցել Իսրայելի եւ Հայաստանի միջեւ բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ հանդիպումների հաճախակի կազմակերպմանը, ինչպես նաեւ միջխորհրդարանական ակտիվ հարաբերությունների պահպանմանը:

Արտակ Զաքարյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ընդունելության համար, եւս ընդգծել է միջխորհրդարանական շփումների դերը միջպետական հարաբերությունների զարգացման, հասարակության միջեւ փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ քաղաքական երկարատեւ փոխգործակցության առումով:

Արտակ Զաքարյանը կարեւորել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Կնեսետի նախագահ Յուլի Էդլշտեյնի կողմից վերջերս ստորագրված միջխորհրդարանական փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաեւ վերջերս Երեւանում ձեւավորված «Հայ-իսրայելական միջազգային հասարակական ֆորումը»` որպես միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության զարգացման ու ընդլայնման համար իրավական եւ հասարակական լայն բազա:

Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ հունվարի 19-ին Թել Ավիվում կայանալիք երկրորդ ֆորումի արդյունքները կարող են շոշափելի լինել եւ քայլ առ քայլ նպաստել հասարակական փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը մի շարք ոլորտներում:

Արտակ Զաքարյանը ներկայացրել է նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ դրանց հանգուցալուծման վերաբերյալ հայկական դիրքորոշումները:

Հանդիպման ավարտին պարոն Էդելշտեյնը հաջողություն է մաղթել Հայաստանի խորհրդարանին առաջիկա ընտրությունների կազմակերպման հարցում եւ հույս հայտնել, որ նորընտիր խորհրդարանում եւս ակտիվ կլինեն հայ-իսրայելական կապերը:

Նույն օրը Կնեսետի լիագումար նիստում Կնեսետի խոսնակը հատուկ ուղերձով ողջունել է հայկական խորհրդարանական պատվիրակությանը:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Կնեսետի անդամներ,

Ցանկանում եմ ողջունել Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբին: Բարի գալուստ հարգարժան հյուրեր Երուսաղեմ, Իսրայելի մայրաքաղաք, եւ ժողովրդավարության մեր նստավայր Կնեսետ:

Հայ եւ հրեա ժողովուրդներն ունեցել են նմանատիպ ընդհանրություններ իրենց ողջ պատմության ընթացքում: 20-րդ դարում մեր ժողովուրդներն անցել են սարսափելի ողբերգությունների միջով՝ կանգնելով վերացման սպառնալիքի առջեւ: Մենք հայ ժողովրդին համարում ենք բարեկամեր, եւ հույս ունենք զարգացնել մեր կապերն ու համագործակցությունը նաեւ մշակույթի, տուրիզմի, տնտեսության, եւ հատկապես գյուղատնտեսության ոլորտներում:

Վերջին ժամանակներում սա Հայաստանի խորհրդարանական պատվիրակության երկրորդ այցն է Իսրայել: Մենք հույս ունենք. որ հաճախակի կդառնան խորհրդարանականների փոխայցերը` նպատակ ունենալով ավելի լավ ճանաչելու եւ հասկանալու միմյանց:

Հայաստանը, Իսրայելի նման, ունի մեծ սփյուռք` հատկապես Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում: Հրեա ժողովրդի նման, հայերը եւս ամուր կապված են իրենց հայրենիքին: Հայկական սփյուռքը թվով շատ ավելի մեծ է, քան Հայաստանի բնակչությունն ինքնին, որը բնորոշ է նաեւ հրեա ժողովրդին: Մենք հույս ունենք համագործակցել ձեզ հետ՝ փոխանակելով մեր իմացությունները եւ փորձը սփյուռքի հետ կապերի պահպանման հարցում:

Կնեսետի, նրա անդամների եւ իմ անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ եւ ցանկանում հաճելի օրեր Իսրայելում եւ Երուսաղեմում:

Իմ օրհնությունը ձեզ եւ ձեր մեծ ժողովրդին»:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031