Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. Ադրբեջանական լրագրողի հարցը «լկտի» է եղել, Լավրովն էլ բաց խոսել է (Տեսանյութ)

Հունվար 19,2017 16:16
shavarsh

Ադրբեջանցի լրագրողի հարցը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ստիպել է, որպեսզի նա ավելի բաց խոսի: Այսօր այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ արված հայտարարությանը:

Ադրբեջանցի լրագրողի հարցին, Լավրովը պատասխանել էր, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ», ինչը մեր հարեւան երկրում` Ադրբեջանում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել:

Շավարշ Քոչարյանը վստահեցրեց, որ Ռուսաստանի դիրքորոշումը որեւէ փոփոխության չի ենթարկվել Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում. «Որեւէ դիրքորոշում չի փոխվել, համանախագահների դիրքորոշումը վաղուց հայտնի է, նաեւ հայտնի են այն հայտարարությունները, որոնք արել են համանախագահող երկրների նախագահները: Ուղղակի Ադրբեջանը միշտ դրանից դուրս է գործել, իսկ տվյալ պարագայում մի լրագրող թույլ է տվել մի այնպիսի անպարկեշտ մոտեցում, որը բերել է նրան, որ Լավրովը բացահայտել է այն` ինչ առանց այն էլ կար»:

Շավարշ Քոչարյանի խոսքերով, միջնորդները միշտ զգուշավոր են խոսում, իսկ Լավրովը այդպես պատասխանել է, քանի որ «լրագրողի հարցը լկտի» է եղել:

Այն հարցին, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խումբը համարժեք գնահատական չի տալիս հրադադարի ռեժիմի խախտումների ժամանակ, պարոն Քոչարյանն ասաց, որ Մինսկի խմբի հայտարարությունը միշտ հավասարակշռություն է պարունակում: Սակայն այն թերի է նրանով, որ երբ չկա հասցեականություն, «Բաքվին հնարավորություն է տալիս գործել սանձարձակ»:

Շավարշ Քոչարյանի խոսքերով. «Այնքան դեպքեր են եղել, երբ գործողությունը բացահայտ իրականացրել է Ադրբեջանը, բայց նպատակային հասցեագրված չեն ասել: Եթե կարծում են, որ այսպիսի մեղմ մոտեցումով կարող են Ալիեւին բերել ավելի կառուցողական դաշտ, սխալվում են: Ժամանակն արդեն ցույց է տվել, որ սա այդ դեպքը, չէ, որ այդպես սիրաշահելով, մխիթարելով, հավասարության նշան դնելով կարելի է հակամարտության կարգավորման գործընթացում ունենալ ոչ թե առաջընթաց, այլ ճիշտ հակառակը»,-ասաց պարոն Քոչարյանը:

Ինչ վերաբերում է ապրիլյան դեպքերից հետո պայմանավորված

հետաքննությունների մեխանիզմների ներդրմանը, որին անդրադարձել է նաեւ Սերգեյ Լավրովը` ակնարկելով, թե որ կողմը չի պահում պայմանավորվածությունը, պարոն Քոչարյանն ասաց, որ այդ հարցով զբաղվում է ԵԱՀԿ-ն եւ որ դրա համար համապատասխան գումարներ են

անհրաժեշտ. «Խնդիրը նոր չէ ծագել: Իհարկե, Վիեննայում դա ամրագրվել է որպես պարտավորություն, բայց դեռեւս 1995-ին ստորագրված եռակողմ համաձայնագրով ամրագրված է այդ մեխանիզմը: Սա եւս հանդիսանում է միջազգային պարտավորություն Ադրբեջանի համար: Դրանից հետո Ադրբեջանն արգելափակելով ԵԱՀԿ բյուջեն, թույլ չտվեց, որ այդ ուղղությամբ քայլեր կատարվեն: Հիմա նույնն է անում, չնայած որ Վիեննայում ունեցել է այդ պարտավորությունը»:

Շավարշ Քոչարյանի դիտարկմամբ, ադրբեջանական կողմը անգամ պարզ նախադասությունն այլ իմաստով է հասկանում. «Եթե որեւէ մեկը, իրենց գնահատականով, չի գործում իրենց օգտին, սկսում են քննադատելը»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031