«Կարելի է մի քսան սցենար նկարագրել ու ասել, որ՝ այո, նա իշխանությունների թույլտվությամբ է վերադառնում, կամ՝ «վա՜յ, ռուսական ուժերն են արել», կամ նա այլ տեղերից է ոգեւորվել»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իշխանությունների թույլտվությա՞մբ է մտնում քաղաքական պայքարի մեջ, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
«Թե ինչ է իրականում, պարզ կլինի նրա՝ ներկայացվելիք ծրագրից»,-նշեց նա: Հարցին ի պատասխան, թե ո՞րն է այն քաղաքական բացը, որն ըստ Ծառուկյանի, իր հեռանալուց հետո ոչ մի ուժ չի լրացրել, Թեւան Պողոսյանն ասաց. «Իր տեղը չեմ կարող ասել, բայց առհասարակ՝ կցանկանայի սերնդափոխություն տեսնել: Դա է մեր քաղաքական դաշտի բացը»:
Թեւան Պողոսյանի խոսքով՝ Սեյրան Օհանյանի եւ Գագիկ Ծառուկյանի վերադարձը կարող է ինչ-որ բան փոխել, եթե նրանց ձեւավորելիք քաղաքական ուժերը ներկայացնեն փոփոխությունների տանող ծրագրեր: Պատգամավորն ասաց՝ եթե տեսնի այնպիսի ծրագիր, որին կհավատա, ինքն իրեն կառաջարկի տվյալ քաղաքական ուժին: Թեւան Պողոսյանը նաեւ նշեց, որ վերջին երկու տարում «Ժառանգությունում» շփումներ չունի եւ ճիշտ չէ գնահատական տալ Զարուհի Փոստանջյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետներին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ