Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կապանի Բ/Կ-ի գլխավոր տնօրենը պարզաբանում է՝ որոնք են եղել 20 օրվա ընթացքում 5 մահվան դեպքերի պատճառները

Հունվար 19,2017 15:44

Հունվարի 17-ին մարզպետի հրամանով աշխատանքից ազատված Կապան բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Սմբատ Օրբելյանը պարզաբանում է մարզպետ Վահե Հակոբյանի ասածները, թե «20 օրվա ընթացքում Կապանի ԲԿ-ում արձանագրվել է 5 մահ, 4-ը երեխաներ են: Մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրել է բոլոր դեպքերը: Ի հայտ են եկել և’ կազմակերպչական, և’ բուժանձնակազմի հետ կապված խախտումներ»:

«Չորս երեխաներից մեկը մեռելածին էր, մյուսը՝ քսան օրական էր, ցնցումների մեջ է եղել ու տանը որոշել էին տաք ջրում պահել, հետո տեղափոխել են հիվանդանոց: Մենք Երեւանից բրիգադ էինք կանչել, նրանք արձանագրել են, որ երեխայի մոտ ուղեղի մահ կա, եւ մենք երեխային հինգ օր պահել ենք արհեստական շնչառական ապարատի տակ: Հինգ օրից հետո ծնողները խնդրել են անջատել ապարատը: Հաջորդ դեպքը՝ տանը բռնկված հրդեհից մարմնի 90 տոկոսի այրվածքով ու պարալիչ ստացած երեխա էր, որը տեղափոխվել է հիվանդանոց: Ռեանիմացիոն բոլոր միջոցառումներն արել ենք, մեքենա էինք հրավիրել, որ երեխային տեղափոխեինք, մեքենան դեռ ճանապարհին՝ երեխան մեզ մոտ մահացավ, կյանքի հետ անհամատեղելի այրվածքներ էր ստացել: Իսկ վերջին դեպքը երեխային տեղափոխել էին Երեւան, բնածին արատով էր ու այդ երեխան հենց Երեւանում էլ մահացել էր»,- Aravot.am-ին ասաց Սմբատ Օրբելյանը:

Նա վստահեցրեց, որ մահացության նշված բոլոր դեպքերում բժշկական անձնակազմի թերացումներ չկային. «Չգիտեմ իրենց հանձնաժողովն ինչ է որոշել, որեւէ մեկին որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել, որեւէ քննարկում չի եղել: Հանձնաժողովի վերլուծությունը նաեւ նրա համար է, որ մեզ տեղեկացնեն՝ ինչ են վերլուծել: Ենթադրենք տնօրենին հանեցիք, ի վերջո, չէ որ այդ բժիշկները շարունակելու են իրենց աշխատանքը, այդ մարդիկ պետք է չէ՞ իմանան՝ իրենց սխալները որոնք են: Վերլուծությունը հո չեն արել նրա համար, որ միայն տնօրեն հանեն, եթե բան ունեք ասելու, ասեք, քննարկենք, մենք էլ բան ունենք ասելու»:

Հիշեցնենք, որ Սմբատ Օրբելյանն արդեն պարզաբանել էր իրենց հիվանդանոցում մահացած ծննդկան Մարինե Իվանյանի մահվան եւ բժշկի կողմից հիվանդի նկատմամբ սեռական ոտնձգության փորձի մասին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nver says:

    Որպես քսան օրականում մահացած նորածնի հայր` պահանջում եմ Կապանի բ/կ-ի արդեն նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանից ճիշտ ներկայացնել լրատվամիջոցներին երեխայիս մահվան դեպքի հետ կապված մանրամասները: Չնայած նա արձակուրդում էր, բայց պարտավոր է իր համակարգում տեղի ունեցող ամեն դեպքի մասին ճիշտ տեղեկություն ունենալ: Մենք երեխային ցնցումների մեջ չենք տեղափոխել հիվանդանոց, կամ էդ ո՞նց կարող էինք ցնցման մեջ գտնվող երեխային տաք ջրում պահել: Ուղղակի երեխան անհանգիստ էր, մտածեցինք, որ փորիկում գազիկներ ունի եւ շատ կարճ ժամանակով տաք ջուր գցեցինք: Երեխան հիվանդանոցում ինչ-որ ներարկումներ անելուց հետո կոմայի մեջ ընկավ: Հետո Երեւանից մեր կողմից հրավիրված բրիգադը արձանագրեց ուղեղի մահ: Մեզ համար ամենացավալին այն է, որ Օրբելյանն ասում է, թե իբր ծնողներն են եկել խնդրել` անջատեք արհեստական շնչառության ապարատը: Իրականում մենք համաձայնություն ենք տվել` բժշկի խորհրուրդը լսելով. քանի որ ոչ մի առաջխաղացում չկար եւ արդեն հավանական չէր, որ կլինի:
    Ասածս այն է, որ նախկին տնօրենն իրականում ոչ ճիշտ տվյալներ է ներկայացրել. կամ չի իմացել իրականում ինչ է կատարվել իր ղեկավարած համակարգում, կամ էլ արդարանում է` ուրիշների դժբախտությունը շահարկելով:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031