Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է դժգոհում Աշոտյանին երկու անգամ մեդալը հանձնած ռեկտորը

Հունվար 19,2017 15:23

Aravot.am-ը Երեւանի Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանից հետաքրքրվեց՝ ինչու է հիմա ուշացումով քննադատում ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի՝ ոչ պետական բուհերի հետ կապված գործունեությունը, եւ եթե դժգոհ էր, ինչու էր ժամանակին նրան երկու անգամ պարգեւատրում Հյուսիսային համալսարանի մեդալով:

«Ինչ իմանայի, որ դրանից հետո ինքը պետք է փոխվի, համ էլ ինչ-որ մի տեղ դա նաեւ լավ օրից չի եղել: Չի լինո՞ւմ, որ պետական պարգեւ ստանան, հետո դատվեն, էն ժամանակ ինչ գիտեի, թե ինքը ինչեր է անելու»,- արդարացավ ռեկտորը:

Բորիս Մակիչյանին հիշեցրինք նաեւ, որ ինքը Արմեն Աշոտյանի օրոք է դարձել ՀՀԿ անդամ, նաեւ եղել է ԿԳ նախարարին կից կոլեգիայի անդամ, այդ դեպքում ժամանակին ինչո՞ւ չի բարձրաձայնել ոչ պետական բուհերի խնդիրների մասին:

«Այո ես ռոտացիոն կարգով եղել եմ կոլեգիայի անդամ, բայց դա ոչ մի կապ չունի: Եթե կոլեգիայի անդամ եմ եղել, ուրեմն պետք է ձայնս կտրեի՞, նա իր կամայականությունները շարունակե՞ր: Մի փաստ միայն, հիշո՞ւմ եք Հրապարակում ուսանողների այրվելը: Իր հորդորով ես 10 ոչ պետական բուհ տարա՝ որպես ռեկտորների խորհրդի նախագահ: Կառավարությունը, որ տարեկան 60 մլն դրամ է տալիս սոցիալապես անապահով խավերին, իր դրածոն՝ Երիտասարդական հիմնադրամի, ամեն անգամ հայտարարում էր, որ 60 մլն աջակցությունը վերաբերում է միայն պետական բուհերին, այն դեպքում, երբ բարձրագույն կրթության մասին օրենքի 5-րդ հոդվածով, պետական քաղաքականության սկզբունքում հստակ գրված է, որ պետությունը խրախուսում է բոլորի իրավահավասարությունը: Այս դեպքում նույնիսկ այս պատճառով այրված գերազանց սովորող երեխեքը օգնություն չստացան»,-ուշացումով հիշեց Հյուսիսային համալսարանի ռեկտորը:

Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի նախարարության օրոք ՀՀԿ անդամ դառնալուն, Բորիս Մակիչյանը պատասխանեց. «Դա ի՞նչ նշանակություն ունի…Իր հորդորով էր, իրեն աջակցում էինք ամենուրեք, ընտրությունների ընթացքում էլ շատ-շատ բաներ ենք արել, շտաբ էլ եմ տվել իմ սեփական տարածքներից: Ես հո չգիտեի՞, որ նա պիտի գա եւ իր հիմնական նպատակը պետք է լինի այլընտրանքային բուհական համակարգի կազմալուծումը»:

Հավելենք, որ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանն անդրադառնալով ոչ պետական բուհերի կողմից կեղծ հիմքով դիպլոմներ վաճառելուն եւ Մակիչյանի արձագանքին, ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Եթե ամփոփեմ որոշ մասնավոր բուհերի ռեկտորների «բացատրությունները», թե ինչու են կեղծ դիպլոմներ վաճառվում, ստացվում է հետևյալը՝ ժամանակին խստացրել են կանոնները, հսկողություն են սահմանել, որոշները մրցակցությանը չեն դիմացել, ընդունվողների թիվը կտրուկ պակասել է, դե, մի ձև պիտի գոյատևեին, դիպլոմ են ծախել, որ «դրած գործը» չփակվի:

Ու մեղավորը, փաստորեն, խստացնողն ու կրթության որակի համար կռիվ տվողն էր :

Հ.Գ. Հայաստանում մասնավոր բուհերը չեն զարգանա այնքան ժամանակ, քանի դեռ շահույթ հետապնդող, առևտրային կազմակերպություններ են…»:

Ինչ վերաբերում է Հյուսիսային համալսարանի ռեկտորին, որը կրթական սեմինարների ճաշկերույթների ժամանակ սեղանի թամադա էր նշանակվում եւ գովաբանում այն ժամանակվա «շեֆին», Լիցենզավորման գործակալության պետ նրա որդուն ժամանակին Արմեն Աշոտյանն է աշխատանքից ազատել: Իմիջիայլոց, Մակիչյանը հին ոխ ունի մեկ այլ պատճառով եւս. ԿԳ նախկին նախարարի օրոք լիցենզիա չի տրամադրվել Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղին:

Ոչ պետական բուհերի խնդրի մասին այլ տեսակետներ՝ ավելի ուշ:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031