Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ-ի ներկայացուցչի նշանակման հետաձգման պատճառներին:
«Ընդունվել է որոշում, համաձայն որի ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ռոտացիոն կարգով փոխարինվի եւ, բնական է, եթե ռոտացիան ուժի մեջ է մտնում, համաձայն ռուսական այբուբենի՝ 1-ին պետությունը Հայաստանն է: Երեւանում, երբ տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, չեղավ կոնսենսուս եւ ժամանակ պահանջվեց որոշման համար: Հաջորդ հանդիպմանն էլ չի եղել Բելառուսի նախագահը, ինչը հնարավորություն չի տվել որոշում կայացնել: Արդյունքում, հունվարի 1-ից նշանակվել է ոչ թե գլխավոր քարտուղար, այլ ընդամենը պաշտոնակատար եւ մոտակա գագաթնաժողովը պետք է այդ հարցում հստակություն մտցնի»,-ասաց պարոն Քոչարյանը:
Այն դիտարկմանը, թե տպավորություն է ստեղծվում, որ Բելառուսն ու Ղազախստանը խոչընդոտում են ՀՀ ներկայացուցչի՝ քարտուղարությունը ստանձնելուն՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ղազախստանը չի խոչընդոտել, իսկ Բելառուսը խոչընդոտել է այնքանով, որ նախագահի չմասնակցելու պատճառով գագաթնաժողովին հարցի լուծումը հետաձգվել է»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ