Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ, առաջիկա խորհրդարանական ընտրությունները կա՛մ կդառնան բացառիկ իրենց քաղաքականացման մակարդակով, կա՛մ հակառակը՝ նախկինների նման անհետաքրքիր ընտրություններ կլինեն:
«Դատելով ռեյտինգային համակարգից, որը թաքնված մեծամասնական է, կարելի է ասել, որ ընտրությունները վերածվելու են այնպիսի ընտրությունների, որոնք մենք արդեն տեսել ենք, եւ հասարակությունը չի կարևորի դրա բացառիկությունը՝ որպես վերջին և կարևոր ընտրություն»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նա նկատեց, որ ակնհայտ է՝ ՀՀԿ-ն դեռեւս իր լծակներով առավելություն ունի մնացած ուժերի նկատմամբ, իսկ ՀԱԿ-ը թերեւս ռիսկային վիճակում է. « Այն ինչ հաղթահարեց 12-ին, հեղափոխական ալիքի իներցիայի վրա էր… չմոռանանք՝ այն ժամանակ ցուցակում էին Նիկոլ Փաշինյանը, Բագրատյանը, Արամ Սարգսյանը… որոնք այլևս այնտեղ չեն»:
Անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու առաջարկին՝ պարոն Սաֆարյանն ասաց՝ դեռ քննարկում են.
Կարդացեք նաև
«Ես եւ Անահիտ Բախշյանը դեռ քննարկում ենք առաջարկը։ Մենք ընտրական գործընթացներին մասնակցել ենք, լավ գիտենք՝ ինչ է ընտրությունը եւ ինչ է արժենում մարդկայնորեն քո վրա, եթե ամբողջ մարդկային, նյութական ու ժամանակային ռեսուրսներով մտնում ես դրա մեջ։ Այս պարագայում հարց է ծագում՝ այն ինչ ստանում ես, արդյոք համաչափ է նրան, ինչը ներդնում ես այդ գործընթացի մեջ»:
Նա նաեւ նկատեց, որ «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը որոշել է իր կուսակցության հենքի վրա ոչ կուսակցական հանրային դեմքերի դաշինքով մասնակցել ընտրություններին։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ