Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր անդրադառնալով ՊԵԿ նախագահին ավելի վաղ տված հանձնարարականին, այն է` հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ փոքր ու միջին ձեռնարկություններին անդրադառնալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ասաց. «ՊԵԿ-ն ահազանգում է, որ մեծ թվով հարկ վճարողներ ոչ համարժեք են ընկալել եւ մեկնաբանել այս հանձնարարականը: Մասնավորապես, առկա են հետեւյալ բացասական երեւույթները՝ իրացման շրջանառությունների եւ գների, աշխատողների թվաքանակի, վարձատրությունների մեծությունների թերհայտարարագրում, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարում, ծախսերի ուռճացում, ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտում»:
Ըստ վարչապետի` «այսպես կոչված մեղմ վարչարարությունը կարող է եւ պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին», իսկ հարկերից խուսափելու ցանկացած դրսեւորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի:
Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ին հանձնարարեց հսկողություն սահմանել վերոնշյալ երեւույթների նկատմամբ՝ կիրառելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը եւ յուրաքանչյուր եռամսյակ տեղեկատվություն ներկայացնել վարչապետի վերահսկողական ծառայությանը արձանագրված խախտումների վերաբերյալ:
Նա նաեւ հանձնարարեց պարբերաբար հրապարակել ինչպես օրինապահ, այնպես էլ խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները:
Կարդացեք նաև
Իսկ այն հարկ վճարողները, որոնք հարկայինին առցանց հասանելի կդարձնեն իրենց հաշվապահական հաշվառման համակարգերը եւ կամավոր կուղղեն ՊԵԿ կողմից արձանագրված անճշտությունները, չպետք է ներառվեն ստուգումների ցուցակում:
Վարչապետի մեկ այլ հանձնարարականով Հայաստանում ներդրումային ծրագրերը պետք է գույքագրվեն: Ըստ վարչապետի, ամեն գերատեսչության ղեկավար իր ոլորտում պետք է իրականացնի ներդրումային ծրագրերի գույքագրում եւ կառավարության աշխատակազմ ներկայացնի այն ծրագրերի ցանկը, որոնցով կանխատեսվում է ներդրումների իրականացում այս տարվա ընթացքում: Վարչապետն ակնկալում էր, որ գերատեսչությունների պատասխանատուները կնշեն նաեւ կանխատեսվող ներդրումների ծավալները. «Հաջորդ շաբաթ բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը պետք է հաշվետվություն տան, թե 2017 թվականին իրենց ոլորտներում ինչ ներդրումներ են ակնկալվում: Ներդրումների աղբյուրը կարող է լինել տարբեր՝ վարկային, բյուջե եւ այլն: Մենք խոսել ենք յուրաքանչյուրի հետ, էդ թվերը ձեր մոտ պատրաստ են, ձեր ներկայացման հիման վրա մենք ամփոփ կներկայացնենք, թե կառավարությունն ինչ ներդրումային ծրագիր է ստանում, որպեսզի պատկերացնենք: Այդ թվում՝ Մշակույթի նախարարությունը, Կրթության նախարարությունը, բոլորը պետք է գույքագրեն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ