Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. Գագիկ Ծառուկյանը պետք է կրի ժողովրդի առջեւ իր խաչը

Հունվար 19,2017 14:44

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հույս ունի, որ խորհրդարանական ընտրությունները կընթանան թափանցիկ, իսկ ընտրությունների արդյունքները վիճահարույց չեն լինի: Համենայնդեպս, «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր ասաց, որ իր հարազատ կուսակցությունը` ՀՀԿ-ն նման դիրքորոշում, քաղաքական կամք եւ նպատակ ունի: Պատգամավորը կարծում է, որ այն նպատակները, որ սահմանադրական բարեփոխումները դրել էին իրենց առջև, կարծես թե, իրականություն են դառնում, այն է՝ յուրաքանչյուր դաշինք կամ քաղաքական ուժ պետք է փորձի շահել ժողովրդի այս կամ այն հատվածի վստահության քվեն:

Լրագրողները հետաքրքրվեցին`հասունացա՞ծ է քաղաքական դաշտը այդ ամենի համար: «Ես խոսում եմ ընդհանրական և ընդունելի տարբերակի մասին, հանրության կողմից ընդունվող ընտրությունների մասին: Նախկինում գիտենք, որ մեր ժողովրդի առանձին հատվածներ դժգոհ են եղել ընտրությունների արդյունքներից, և սա բնական է, քանի որ բացարձակ արժեքներ չեն լինում: Այժմ, այո, կարող ենք ասել, որ հասունացած է քաղաքական դաշտը»,- եղավ Մկրտիչ Մինասյանի պատասխանը:

Այլ հարցի`կհաջողվի՞ առանց բախումների ու վայրիվերումների անցկացնել այս ընթացակարգը, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Առանց քաղաքական բախումների, տեսակետների անհամաձայնության և անընդունելի վերաբերմունքի չեն կարող ընտրություններ ընթանալ: Այս ամենը պետք է իրականանա քաղաքական դաշտում, և այս ամենն է, որ քաղաքական նոր մշակույթ է ձևավորվում»:

Aravot.am-ի հարցին` ճշմարտության հատիկ պարունակո՞ւմ են կուլիսային խոսակցությունները եւ մամուլի հրապարակումներն այն մասին, որ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը քաղաքականության փակված էջը բացեց Սերժ Սարգսյանի իմացությամբ եւ թույլտվությամբ ու առհասարակ, ի՞նչ է տալիս Գագիկ Ծառուկյանի վերադարձը իշխող ուժին կամ ի՞նչ սպառնալիք է ներկայացնում: Մկրտիչ Մինասյանն ասաց, որ նման խոսակցություններ չի լսել ու կարծում է, որ դրանք իրականությունից հեռու են: «Ծառուկյանն իր հայտարարության մեջ նշեց, թե ինչի համար է հետ գալիս»,- ասաց նա` հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի առանձին հայտարարությունների հետ համամիտ չլինելով, ինքը բնական է համարում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակում է իր քաղաքական գործունեությունը եւ ինչպես ինքն ասաց, հանրության առջեւ պետք է կրի իր խաչը:

Դիտարկմանը`ոչ վաղ անցյալում ՀՀԿ-ի համար Գագիկ Ծառուկյանը քաղաքական չարիք էր, իսկ մենք էլ կրկեսի վերածելու հայրենիք չունեինք, բանախոսը հակադարձեց` քաղաքականությունը քարացած չէ, դինամիկ, շարժուն գործընթաց է:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031