Միացյալ հայեր նախաձեռնության անդամներ արվեստաբան Արամ Ավետիսյանը և ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր «Փաստարկ» ակումբում հիմնավորեցին, թե ինչո՞ւ են առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: «Այս քայլը պայմանավորված է նրանով որ Հայաստանը պատերազմական իրավիճակում է եւ ՀՀ իշխանությունը կարիք ունի մի մարդու, ով գիտե, թե ի՞նչ է պատերազմը»,- ասաց Արամ Ավետիսյանը`հավելելով նաեւ, որ Սեյրան Օհանյանը որեւէ մեկի գրպանն ու ընտանիքը չի մտել, նա մարդ է, ով երբեք պատասխանատվությունից չի խուսափել:
Ազատ Արշակյանի ընտրության չափանիշը եղել այն, որ քաղաքական հայտ ներկայացրած եւ կենսագրություն ունեցող գործիչների մեջ, Սեյրան Օհանյանը պարտություն չկրած քաղաքական գործիչ է, ռազմական ասպարեզում էլ իր օսկարը`գեներալ-գնդապետը ստացել է: Ազատ Արշակյանը տեսնում է, որ հայտ են ներկայացրել նաեւ գործիչներ, որոնք ասես մազոխիստ լինեն, քանիցս պարտվել են, հիմա էլ գիտեն, որ պարտվելու են, բայց մտնում են մրցակցության մեջ:
Նաեւ, Ազատ Արշակյանի համար ընդունելի է Սեյրան Օհանյանի քաղաքական ծրագիրը: Դրանք դեռ չեն ներկայացվել հանրությանը.«Կներկայացվեն`կտեսնեք, որ ճիշտ եմ անում, որ սատարում եմ»:
Լրագրողներից մեկը նկատեց`Սեյրան Օհանյանը իշխանության մաս է եղել, սատարել է սահմանադրական բարեփոխումներին, որոնց Ազատ Արշակյանն այդքան դեմ էր: «Ես իմ հայացքներից, մոտեցումներից չեմ հրաժարվում: Ինքն ի՞նչ է արել ժամանակին`Սահմանադրություն է պաշտպանել, ի՞նչ է արել, հանում եմ, դա առանձին թեմա է, դա օրակարգում չէ այսօր: Ես պաշտպանում եմ հաղթած զինվորականին, ով քաղաքական ասպարեզ է մտել: Այսօր հարց է դրված`կասեցնել հայկական պետության անկումը»,- եղավ Ազատ Արշակյանի պատասխանը:
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանը մասնակից է եղել պետության եւ պետականության անկմանը`դիտարկմանն էլ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Եթե այդ ճանապարհով գնանք, չպետք է ճանաչենք հայկական պետությունը. հացթուխն էլ է թերակշռելով մասնակցել անկմանը, հացից հրաժարվե՞նք»:
Ի դեպ, Սեյրան Օհանյանին սատարելուց առաջ Ազատ Արշակյանը նախապայման է դրել`հայտարարի, որ քրեաօլիգարխիկ համակարգը պետք է ապամոնտաժել, պատասխանատվության ինստիտուտը վերադարձնել:
Aravot.am-ի հարցին`ինչո՞ւ Սերժ Սարգսյանին չի սատարում, քանի որ իր թե քաղաքական, թե ռազմական կենսագրությամբ նա էլ հաղթած գործիչ է, Ազատ Արշակյանը պատասխանեց, որ ինքը Սերժ Սարգսյանին էլ է ժամանակին պաշտպանել, բայց երբ Սերժ Սարգսյանը ինքնուրույն որոշեց ՀՀ քաղաքացիներին զրկել անկախությունից, եւ առանց իր երկրի, նաեւ իրեն սատարած քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու որոշում կայացրեց մտնել ԵԱՏՄ, այլեւս չի պաշտպանում. «Վերացրեց պետականության գլխավոր խորհրդանշանները, Սահմանադրությամբ հայկական պետության կարգավիճակը դարձրեց գուբերնիայի կարգավիճակ ու հայտարարեց, որ իրենից հետո նախագահ այլեւս չի լինելու: Ինքն է մեզնից հեռացել, գնացել»:
Լրագրողները հիշեցրեցին, որ ՌԴ-ի հետ ՀՕՊ համաձայնագրի ջատագովներից էր: Ազատ Արշակյանը հակադարձեց`նա լավ զինվոր է, ով հրամանները կատարում է:
Բանախոսները վստահ են`Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքն անպայման կլինի խորհրդարանում ներկայացված եւ ազդեցիկը կլինի: Ըստ Ազատ Արշակյանի, ՀՀԿ-ն կլինի այն չափով, ինչ չափով ժամանակին Կոմկուսն էր, ապա ՀՀՇ-ն: «Ծառուկյան» դաշինքն, ըստ նրա, կլինի երկրորդ տեղում, եթե իրավիճակային փոփոխություններ չլինեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ