Լրահոս
Օրվա լրահոսը

Քիշմիրյանների բազմազավակ ընտանիքում 3 երեխա մի մահճակալին են քնում (Ֆոտոշարք)

Հունվար 19,2017 15:30

Ռոզա, Համլետ, Ֆլորա, Հայկ, Կատրին, Մարի. նրանք Հայաստանի Հանրապետության անչափահաս քաղաքացիներ են: Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն այս երեխաներից ու նրանց ծնողներից խլել է բարեկեցիկ ապրելու հնարավորությունը: Բազմազավակ ընտանիքում գուցեեւ երեխաների համար օրն ուրախ է անցնում, բայց այդ ուրախությունը կարճ է տեւում, երբ գալիս է գիշերը. երեք հոգով մի մահճակալին քնելու դաժան փորձությունը ոչ մի կերպ չի ավարտվում, ընդհակառակը` երեխաներն օր օրի մեծանում են, մահճակալը` փոքրանում:

Հողաշեն տունը, որտեղ բնակվում է Քիշմիրյանների 9 հոգանոց ընտանիքը` վեց երեխաները, տատիկը, ժառանգություն է հասել հորական կողմի տատի եղբորից: Ընտանիքին, որպեսզի դրսում չմնան, խղճացել են, տանիք տվել, բայց խորհրդային տարիներին «պլանի տակ» գտնվող տունը, որը պետք է իրացվեր, եթե «Սովետը» չփլուզվեր, բնակվելու համար այլեւս պիտանի չէ:

Մկներն ու առնետները տան տակով թունելներ են փորել, մի քանի անցք էլ դեպի Քիշմիրյանների տուն բացել: Կրծողներն այս ընտանիքում գրեթե ամեն գիշեր հյուր են: Տանտերերը կատակում են` այնքան են գնացել-եկել, որ իրար դեմքով ճանաչում են, ցերեկներն էլ չեն քաշվում` ազատ ելումուտ են անում:

Ընտանիքի հայրը` Հարություն Քիշմիրյանը, կրծողների փորած անցքը մի տեղ փակում է, հաջորդ օրը մեկ այլ տեղից նրանք կրկին անցք են բացում, եւ այսպես՝ ամեն գիշեր ընտանիքի անդամները վախը սրտներում անկողին են մտնում` հերթով հսկելով, որ առնետները գոնե փոքրիկ Մարիին չվնասեն:

Մարին 1 տարեկան 4 ամսական է, երեխաներից ամենաուրախը, որովհետեւ փոքր է ու չի գիտակցում ընտանիքի դրությունը: Մարին գիշերը մոր եւ հոր արանքում է քնում, սակայն ոչ այն պատճառով, որ ծնողներն այդպես են ուզում, այլ որովհետեւ մահճակալ չունի: Եթե ընտանիքի բոլոր անդամներով տանն են լինում, քայլելու տեղ էլ գրեթե չի լինում:
«Ինչո՞ւ է պետությունը տարբեր ծրագրերով խթանում ծնելիությունը, բազմազավակությունը, եթե արժանապատիվ ապրուստի համար պայմաններ չի կարողանում ստեղծել»,- «Առավոտի» լրագրողին այսպիսի հռետորական հարց է տալիս Հարություն Քիշմիրյանը: Նրա խոսքերով. «Ընտրությունների ժամանակ գալիս, ասում են` քաղաքացի եք, գնացեք ձեր քաղաքացիական պարտքը կատարեք, բայց ընտրվելուց ու նշանակվելուց հետո մոռանում, որ քաղաքացիների առաջ պարտականություններ ունեն»:

Քիշմիրյանները որոշել են` առաջիկա խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու են, քանի որ, ինչպես նրանք են ասում, պետության հոգսը երկար տարիներ է՝ հարազատները, հարեւաններն ու գթասիրտ մարդիկ են հոգում` այս ընտանիքին շոր, կոշիկ ու անհրաժեշտ կենցաղային իրեր տրամադրելով, եւ անկախ այն բանից՝ ում են ընտրում, միեւնույն է՝ իրենց ընտանիքի դրությունը չի փոխվում: Աղքատությունը եկել է նրանց տուն ու չի հեռանում:

«Բազմոց չունեինք, չէի կարողանում երեխաներիս բերանից կտրել, գումարն այդպիսի իրերի վրա ծախսել, բայց լավ է, գտնվեցին բարի մարդիկ, որ տվեցին: Հիմի ես գոնե բազմոցին եմ քնում»,- ասում է Հարություն Քիշմիրյանի մայրը: Գիշերը փոքրիկ Կատրինն էլ տատի կողակիցն է:


Զգեստապահարան, գրապահարան ու մի շարք անհրաժեշտ իրեր էլ չունեն, որ գոնե օգնություն տված հագուստները մեջը դասավորեն:

Երեխաները մեծանում են, բնակարան չունենալու հարցը` ավելի սրվում: Տունն օր օրի քանդվում է, ավելի ճիշտ՝ մաշվում. հատակն ու առաստաղը ճռճռում: Փլվելու վտանգն էլ մի կողմից է վախեցնում:


2013 թվականին Հարություն Քիշմիրյանը բնակարանային պայմանները բարելավելու խնդրանքով դիմել է Երեւանի քաղաքապետարան: Մայրաքաղաքի համար պատասխանատուները եկել են, Քիշմիրյանների պայմանները տեսել, զարմանքից գլուխները թափ տվել, ու ինչպես ընտանիքի անդամներն են ասում` էն գնալն է, որ գնացել են: Ամեն անգամ, երբ դիմում են քաղաքապետարան` դիմումի ընթացքի մասին տեղեկանալու, նրանց ասում են` հերթագրել ենք: Բայց թե բնակարանի հերթացուցակում կան-չկան, կամ հերթը երբ կհասնի՝ նրանց որեւէ մեկն այդպես էլ պատասխան չի տալիս:
«Ինչի՞ պիտի բազմազավակին տուն տան, հենա կտան դերասաններին, ոստիկաններին ու այնպիսի քաղաքացիների, որոնք ով գիտե՝ դրա կարիքը չունեն էլ: Մեզ նման ընտանիքներին էլ շնորհակալություն հայտնելու փոխարեն մի բան էլ ասում են` եթե չեք կարում պահեք, ինչի եք էդքան ունենում»,- ասում է Հարություն Քիշմիրյանը: Նրա խոսքով՝ ինքը երեխաներին պահելու խնդիր չունի, բայց հանգամանքներն այնպես են դասավորվել, որ ընտանիքը տուն չունի. «Ինձ միայն բնակարան է հարկավոր, ուրիշ ոչինչ, անգամ գյուղերում, մարզերում կգնանք կապրենք` միայն թե տուն տան: Անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ կզբաղվենք, մեր գլուխը կպահենք, աշխատանքից չեմ վախենում»:
Պետությունից ստացած աղքատության նպաստն ու տատի թոշակը բազմազավակ ընտանիքը հարկերի, վարկերի ու կոմունալ վճարումների տեսքով կրկին վերադարձնում է պետությանը, գազ, լույս ու ջուր մատակարարող ընկերություններին: Ասում են` ոչ մի դրամ ոչ ոքի պարտք չենք:

Ռոզան ընտանիքի մեծ երեխան է, անչափահաս է, վարսավիրություն է սովորում, որ ընտանիքի հոգսը մի քիչ թեթեւացնի, ծնողներին օգնի, որ փոքրիկ քույր ու եղբայրներին մեծացնեն: Երեխաներից 4-ը դպրոցահասակ են, տանը մի փոքրիկ տարածք չունեն, որ երեխաները նստեն դաս սովորեն: Միանգամից չորս երեխայի դպրոց ուղարկելն էլ ընտանիքի համար հեշտ չէ, դպրոցական հագուստի, գրքերի ու տետրերի համար պահանջվող գումարները ընտանիքի ուժերից վեր են:

Վերջին երեխայի ծնվելու առթիվ պետությունը Քիշմիրյանների ընտանիքին մեկուկես միլիոն դրամ է հատկացրել, որից միայն 500 հազարը ծախսելու իրավունք ունեն, մեկ միլիոնն անձեռնմխելի գումար է, եւ կարող են օգտագործել միայն օրենքով նախատեսված դեպքերում` երեխային սպառնացող լուրջ հիվանդություն եւ այլն: Երբ ընտանիքը, ծայրահեղ վիճակից ելնելով, դիմել է, որ գումարն օգտագործի, պատասխանել են, որ կարող են ամսական 25 հազարական դրամով այն ստանալ: Սակայն Հարություն Քիշմիրյանը չի համաձայնվել, քանի որ չի ուզում, ինչպես ինքն է նշում` «աննպատակ ծախսել»: Ստացվում է` ընտանիքը միլիոնատեր է, բայց ոչ տուն ունի, ոչ ապրուստ:
Հարությունի կինն առողջական խնդիրներ ունի, աշխատել չի կարող եւ միայն հասցնում է երեխաների խնամքով զբաղվել:


Երեխաներից երկուսը խոսքի խնդիր ունեն, բարի մարդիկ լոգոպեդի ծառայության հարցն էլ են հոգացել, սակայն պարապմունքներին այցելելու համար ծնողները չեն կարողանում երեխաների ճանապարհածախսն ապահովել: Մի քանի պարապմունք գնացել են եւ դադարեցրել: Ստացվում է` Քիշմիրյանների սոցիալական վիճակը այդ երեխաների հետագա ճակատագրի վրա էլ է խաչ քաշել: Խոսքի խանգարման պատճառով նրանք դպրոցում գրեթե չեն սովորում, հասակակիցներից առաջադիմությամբ հետ են մնում:
Կառավարության նոր ծրագրում բազմազավակների մասին անգամ մեկ տող չկա: Ով գիտե, գուցե ծրագրում առկա «սոցիալական աջակցության հասցեականության բարձրացում» կամ «2017 թվականից սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված նոր ծրագրերի ներդրում» կետերը բազմազավակներին էլ են վերաբերում։ Սակայն մինչ կյանքի կկոչվեն այդ ծրագրերը, պետության սոցիալական քաղաքականությունը բազմազավակներին էլ կհասնի, ծնելիությունը մեր երկրում անկում է ապրում: Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով՝ 2016թ. հունվար-սեպտեմբերին ծնվել է 29 հազար 914 երեխա, ինչը 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 2.3%-ով, իսկ 2014թ. համեմատ՝ 4.9%-ով:

Ընտանիքին օգնել ցանկացողների համար բացվել են հաշվեհամարներ

АРМЭКОНОМБАНК account numbe,currency163018308474 AMD 163018308490 EUR 16301808508 RUR 163018308482 USD INTERMEDIARY BANK NAME:DEUTSCHE BANK AG ADDRESS: TAUNUSANLANGE 12,D-60325,FRANKFURT AM MAIN SWIFT:DEUTDEFF ARMECOMBANK OJSC ACCOUHT:No,DE85500700100947163200 EUR BENEFICIARY’S BANK NAME: “SHENGAVIT” BRANCH of” ARMECONOMBANK” OJSC ADDRESS:REPUBLIC OF ARMENIA,G HJDEH 28ST,Y EREVAN SWIFT:ARECAM22 BENEFICIARY NAME: TOROSYAN FLORA BANEFICIARY’S ACCOUNT N: 163018308490(EUR) INTERMEDIARY BANK NAME:DEUTSCHE BANK TRUST KOMPANY AMERICAS ADDRESS: NEW YORK, USA SWIFT:BKTR US33 ARMECOMBANK OJSC ACCOUHT:No, 04419220(USD) BENEFICIARY’S BANK NAME: “SHENGAVIT” BRANCH of” ARMECONOMBANK” OJSC ADDRESS:REPUBLIC OF ARMENIA,G HJDEH 28ST,Y EREVAN SWIFT:ARECAM22 BENEFICIARY NAME: TOROSYAN FLORA BANEFICIARY’S ACCOUNT N: 163018308482(USD) БАНК КОРРЕСПОНДЕНТ NAME:ПАО ПРОМСВЯЗЬБАНК ADDRESS: УЛ>СМИРНОВСКАЯ 10,СТР.22,РОСИЯ ,Г.МОСКВА SWIFT:PRMSRUMM К/C 30101810400000000555, БИК 044525555 ИНН 7744000912 ARMECOMBANK OJSC ACCOUHT:No 30111810910000168801 БАНК ПОЛУАЧАТЕЛА NAME:OAO(( АРМ ЭКОНОМБАНК )) ADDRESS АРМЕНУЯ,SWIFT:ARECAM 22 ПОЛУЧАТЕЛЬ NAME: ТОРОСЯН ФЛОРА BANEFICIARY”S ACCOUNT N:163018308508RUR

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

18.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀԱՐՈՒԹ says:

    ԱՄԵՆԱ ՃԻՇՏ ԼՐԱՏՎԱԿԱՆԱ

  2. ԱՌՄԵՆ says:

    Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ : Եկեք օգնենք ընտանիքին հասնել իր նպատակին, նրանց շատ պետք է մեր օգնությունը!! Միացեք մեզ Մենք հայ ենք եւ մենք ուժեղ ենք միասին!!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031