Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի լրագրողները բաց նամակ են գրել Դոնալդ Թրամփին

Հունվար 19,2017 12:38

Columbia Journalism Review պարբերականը հրապարակել է ամերիկյան մամուլի ներկայացուցիչների բաց նամակը երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Նամակը թարգմանությամբ ներկայացնում ենք ստորև.

Հարգելի ընտրված նախագահ,

Երդմնակալությունից առաջ մենք որոշեցինք, որ հարկ է պարզաբանել՝ ինչպես ենք մենք պատկերացնում փոխհարաբերությունները Ձեր աշխատակազմի և լրագրողների միջև:

Հազիվ թե Ձեզ զարմացնի այն, որ մենք այդ հարաբերությունները լարված ենք համարում: Վերջին հաղորդագրությունն այն մասին, որ Ձեր մամուլի քարտուղարը պատրաստվում է Սպիտակ տնից հանել լրագրողների համար նախատեսված գրասենյակները, վերջնականապես հաստատեց այն ամենը, ինչ շարունակվում էր Ձեր ամբողջ նախընտրական արշավի ընթացքում: Դուք արգելել եք լրատվական կազմակերպություններին գրել Ձեր մասին: Twitter-ում Դուք վիրավորել և սպառնացել եք առանձին լրագրողների և խրախուսել եք նմանատիպ վարքը ձեր համախոհների շրջանում: Դուք հանդես եք եկել զրպարտության մասին առավել խիստ օրենքի օգտին և սպառնացել եք բազմաթիվ հայցերով, որոնք այդպես էլ չեն նյութականացել: Դուք խուսափել եք մամուլից, երբ այդպիսի հնարավորություն եք ունեցել, և խախտել եք Սպիտակ տանը և մամուլի ասուլիսներում ընդունված աշխատանքի կանոնները: Դուք ծաղրել եք լրագրողին հաշմանդամության համար, քանի որ նա գրել էր մի բան, որը Ձեզ դուր չէր եկել:

Այս ամենը, իհարկե, Ձեր ընտրությունն է, և, ինչ-որ առումով, Ձեր իրավունքը: Չնայած սահմանադրությունը պաշտպանում է մամուլի ազատությունը, այն չի թելադրում՝ ինչպես պետք է նախագահը դրան հետևի: Պարբերաբար տրվող մամուլի ասուլիսների մասին էլ դրանում ոչինչ չի ասվում:

Դուք կարող եք մամուլի հետ շփվելու կանոններ սահմանել, բայց մենք էլ կարող ենք մեր կանոնները սահմանել: Ի վերջ, եթերային ժամանակը և սյունյակների չափսերը, որոնց վրա դուք փորձում եք ազդել, մեզ են պատկանում: Մենք, և ոչ թե դուք եք որոշում՝ ինչպես պետք է ավելի լավ աշխատել մեր ընթերցողի, ունկնդիրների և հեռուստադիտողի համար: Ստորև շարադրվածը դիտեք որպես հիմք՝ ինչ ակնկալել մամուլից առաջիկա 4 տարիներին:

Հասանելիությունը նախընտրելի է, բայց քննադատելի չէ: Դուք կարող եք որոշել, որ լրագրողներին Սպիտակ տան աշխատակազմին հասանելիություն տալը ձեռնտու չէ: Մենք կարծում ենք, որ դա սխալ կլինի, բայց, դա էլ Ձեր իրավունքն է: Մենք շատ լավ ենք գտնում տեղեկատվություն հավաքելու այլընտրանքային միջոցներ. ըստ էության, նախընտրական արշավի ժամանակ լավագույն լրագրողական աշխատանքները հրապարակել են այն պարբերականները, որոնց արգելված է եղել Ձեզ հետ հանդիպել: Լրագրողներին ասել, որ նրանք ինչ-որ բանի հասանելիություն չեն ստանա, այն վերաբերմունքը չէ, որ մենք նախընտրում ենք, բայց դա հաճելի մարտահրավեր է:

«Ձայնագրության համար չէ» և այլ հիմնական կանոնները մենք ենք սահմանում, ոչ թե Դուք: Մենք կարող ենք համաձայնել որոշ պաշտոնյաների հետ խոսել առանց ձայնագրության, կարող ենք և չհամաձայնել: Մենք կարող ենք գնալ ճանաչողական ճեպազրույցի կամ հրապարակման չենթարկվող սոցիալական միջոցառումների, բայց կարող ենք և բաց թողնել դրանք: Ընտրությունը մերն է: Եթե դուք կարծում եք, որ եթե լրագրողները չհամաձայնեն Ձեր կանոններին, չեն կարող նյութ գտնել, տեսեք վերը շարադրվածը:

Մենք ենք որոշում՝ որքան եթեր տալ Ձեր ներկայացուցիչներին: Մենք կկարողանանք իմանալ ձեր տեսակետը, անգամ եթե դուք անջրպետ կառուցեք մեր միջև: Բայց դա չի նշանակում, որ մենք եթեր կտանք կամ թերթում տող կհատկացնենք այն մարդկանց, ովքեր պարբերաբար աղճատում են ճշմարտությունը կամ շահարկում են այն: Մենք կբարձրաձայնենք այդ մասին, երբ նրանք սկսեն այդպես գործել, և մեզ իրավունք կվերապահենք առավել աղաղակող դեպքերում արգելել նրանց երևալ մեր պարբերականներում:

Մենք հավատում ենք, որ գոյություն ունի օբյեկտիվ ճշմարտություն, և կստուգենք Ձեզ: Եթե Դուք կամ Ձեր ներկայացուցիչները ասում կամ թվիթում եք բացահայտ սուտ, մենք բազմիցս կհայտարարենք այդ մասին: Մենք զբաղվում ենք փաստերով, և մենք պարտավորություն չունեք կրկնել սուտ պնդումները. եթե Դուք կամ Ձեր թիմի անդամները ինչ-որ սուտ բան եք ասել, դա կարող է նորություն դառնալ, բայց նորություն կլինի նաև այն փաստը, որ այդ հայտարարությունը չի դիմանում ոչ մի քննադատության: Այս երկու ասպեկտները հավասարաչափ են:

Մենք ուշիուշով կհետևենք կառավարությանը: Դուք և Ձեր աշխատակազմը նստած եք Սպիտակ տանը, բայց ԱՄՆ կառավարությունը լայն կառույց է: Մենք թղթակիցներ կուղարկենք իշխանության բոլոր մարմիններ, տարբեր դաշնային գործակալություններ, պաշտոնյաների շրջանում կգտնենք աղբյուրներ: Արդյունքն այսպիսին կլինի. մինչ Դուք կփորձեք վերահսկել՝ ինչ են հաղորդում Սպիտակ տան Արևմտյան թևից, մենք ձեռքներս կպահենք այն զարկերակին, թե ինչպես են իրականացվում Ձեր որոշումները:

Մենք մեր առջև կդնենք շատ ավելի բարձր չափանիշներ, քան նախկինում: Մենք կարծում ենք, որ հենց մենք ենք պատասխանատու մեդիայում չափազանց լուրջ և խոշոր քաղաքական պառակտման համար: Դա առաջ է եկել Ձեր արշավի հետևանքով, և դա սթափվելու լուրջ ազդանշան է մեզ համար: Մենք պետք է վերադարձնենք մեր վստահությունը: Եվ մենք կվերադարձնենք այն՝ անվախ և դիպուկ լրագրողական աշխատանքների, սխալներն ընդունելու և առավելագույն խիստ էթիկական նորմերի հետևելու օգնությամբ, որոնք մենք ինքներս կսահմանենք մեզ համար:

Մենք կաշխատենք միասին: Դուք փորձեցիք պառակտել մամուլը և լրագրողների միջև մրցակցությունն օգտագործել ընտանեկան վեճեր հրահրելու համար: Դրա վերջը եկել է: Մենք այժմ հասկանում ենք, որ Ձեր աշխատանքի լուսաբանումը պահանջում է, որ մամուլն աշխատի միասին և փոխօգնությամբ, երբ որ դա հնարավոր է: Այնպես որ, երբ Դուք լռեցնեք կամ արհամարհեք լրագրողին մամուլի ասուլիսի ժամանակ, քանի որ նա Ձեզ համար տհաճ բան է ասել, Դուք կբախվեք միասնական թիմի: Մենք միասին կաշխատենք նյութերի վրա, երբ դրա կարիքը լինի, և վստահ կլինենք, որ աշխարհը կլսի մեր գործընկերների կարևորագույն աշխատանքների մասին: Մեզ մոտ, իհարկե, կմնան տարաձայնություններ, մենք կարևոր վեճեր կտանենք էթիկայի, նրբազգացության կամ քննադատության բարեխղճության մասին: Բայց այդ վեճերը մեր կլինեն՝ սկզբից մինչև վերջ:

Մենք երկար խաղ ենք խաղում: Լավագույն դեպքում Դուք կմնաք Ձեր աշխատանքին 8 տարի: Մենք մեր աշխատանքով զբաղվում ենք այնքան, որքան գոյություն ունի պետությունը, և մեր դերն այս հզոր ժողովրդավարության մեջ մեկ անգամ չէ, որ ընդունվել է և ուժեղացել: Դուք մեզ ստիպեցիք ևս մեկ անգամ մտածել ամենահիմնարար հարցերի շուրջ. ո՞վ ենք մենք, և ինչու՞ ենք այստեղ: Դրա համար մենք Ձեզ շնորհակալ ենք:

Ուրախ երդմնակալություն:

Սպիտակ տան լրագրողական կորպուս

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031