Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում էր տեղեկատվություն, ինչն արդեն տրամադրվել էր

Հունվար 19,2017 15:00

Ռաֆիկ Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ «ԴԵԼՏԱ» ՍՊ ընկերության դեմ: Նա խնդրել էր պարտավորեցնել «ԴԵԼՏԱ» ՍՊԸ-ին՝ իրեն տրամադրել ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի պատճենները: Մասնավորապես, 2013-2014թթ. ընկերության ընդհանուր ժողովների արձանագրությունները եւ որոշումները, ընկերության ընդհանուր ժողովների անցկացման մասին Ռաֆիկ Ղազարյանին ուղարկված ծանուցումները եւ դրանք ստանալու վերաբերյալ ապացույցները, 2010-2014թթ. ընկերության ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ տարեկան ֆինանսական հաշվետվությունները:

«ԴԵԼՏԱ» ՍՊ ընկերության մասնակից Ռաֆիկ Ղազարյանը հղում էր կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասին, ինչպես նաեւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքին:
«Հայփոստ» ՓԲԸ-ից ստացված հարցման պատասխանի համաձայն՝ պատասխանող ընկերությունը ստացել էր իր աշխատակցի դիմումը 2015թ. մայիսի 4-ին:
Ռ.Ղազարյանի դիմումը ներկայացնելուց անցնում է մեկ ամիս, սակայն պատասխանողն այդպես էլ չի կատարում օրենքով նախատեսված իր պարտականությունը եւ հայցվորին պահանջվող տեղեկությունները չի տրամադրում:

Թե Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, թե վերաքննիչ քաղաքացիական դատարանում հայցվորը պնդեց, որ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` ընկերության մասնակիցներն իրավունք ունեն`ստանալ տեղեկություններ ընկերության գործունեության վերաբերյալ:

Նույն օրենքի համաձայն` ընդհանուր ժողովի օրակարգը նախապատրաստելիս ընկերության մասնակիցներին ներկայացվելիք տեղեկատվությանն ու նյութերին են դասվում ընկերության տարեկան հաշվետվությունը, վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) եւ աուդիտորի եզրակացությունն ընկերության տարեկան հաշվետվությունների եւ ամենամյա հաշվապահական հաշվեկշիռների ստուգումների արդյունքների վերաբերյալ, տեղեկություններ ընկերության գործադիր մարմնում, խորհրդում եւ վերստուգիչ հանձնաժողովում ընդգրկվելու համար առաջադրվող թեկնածուի (թեկնածուների) մասին, ընկերության կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունների եւ լրացումների նախագիծը կամ ընկերության կանոնադրության նախագծերը նոր խմբագրությամբ, ընկերության ներքին փաստաթղթերի նախագծերը, ինչպես նաեւ ընկերության կանոնադրությամբ նախատեսված տեղեկատվությունը (նյութերը), եթե վերը նշված հարցերն ընդգրկված են ընդհանուր ժողովի օրակարգում:

Իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: Կամ՝ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:

Փաստորեն, ըստ դատարաններում առկա հայցի, պատասխանող ընկերությունը պարտավոր էր հարցումն ստանալուց հետո 5- օրյա ժամկետում հայցվորին տրամադրել օրենքով իրեն հասանելի տեղեկությունը, կամ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը չէր կարող գերազանցել 30 օրը` դիմումը ստանալու օրվանից, եթե հնարավոր տեխնիկական աշխատանքների հետ էր կապված այդ ամենը:
Նշենք, որ պատասխանող կողմի ներկայացուցիչը եղել է Արամ Օրբելյանը, որն էլ հայտնել է, թե «Դելտա» ՍՊ ընկերությունում ընդհանուր ժողովներ վերջին անգամ անցկացվել են 2013թ. նոյեմբերի 27-ին:

Դա պատճառ էր դարձել, որ հայցվորը հրաժարվել էր 2013թ.-ից մինչեւ վճռի փաստացի կատարումը կայացած ՍՊ ընկերության ընդհանուր ժողովների արձանագրությունները եւ կայացված որոշումները պահանջելուց:

Դատարանները մերժել են թե հայցը, թե օրեր առաջ վճռի դեմ բերված Ռ.Ղազարյանի բողոքը: Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ հայցվորի ներկայացուցիչ Վահե Մնացականյանը ներկայացել է «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, ծանոթացել ընկերության ֆինանսական հաշվետվություններին, ընդհանուր ժողովների նիստերի արձանագրություններին:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

18.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031