Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարի վրա կուտակված մշուշը պայմանավորված է հիմնականում նրանով, որ չեն երեւում տնտեսության մեջ իրականացվելիք խոշոր ներդրումների ուրվագծերը։
Այն, որ ներդրումների ոլորտում իրավիճակը իրոք մշուշոտ է, պարզ է դառնում նաեւ Կարեն Կարապետյանի կառավարության 100 օրվա գործունեության վերաբերյալ հրապարակված զեկույցից։
«2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 92 միլիոն ԱՄՆ դոլար, որը ՀՆԱ-ի շուրջ 1.3 տոկոսն է, ինչը երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար բավարար չէ»,- ասված է այդ զեկույցում։
Զեկույցում, իհարկե, մեղմ, շատ մեղմ, չափազանց մեղմ է գնահատականը, թե դա «բավարար չէ»։ Իրականում սա խայտառակ վատ ցուցանիշ է։ Ըստ մասնագիտական վերլուծությունների, Հայաստանի տնտեսության նորմալ զարգացման համար ներդրումների ընդհանուր ծավալը տնտեսության մեջ պետք է կազմի համախառն ներքին արդյունքի 25-40 տոկոսը, այսինքն՝ տարեկան 3.5-4 միլիարդ դոլար։ Տվյալ դեպքում մենք միայն օտարերկրյա ներդրումների մասով ունենք ընդամենը 1.3 տոկոս։
Կարդացեք նաև
Թե ինչ է դա նշանակում, նույնպես նշված է վերոնշյալ զեկույցում։ Ըստ այդմ, «Հայաստանի երկարաժամկետ տնտեսական աճի հնարավորությունը մնում է խիստ սահմանափակ, Հայաստանի տնտեսությունը զրկվում է օտարերկրյա ներդրումներն ուղեկցող նոր արտադրական տեխնոլոգիաների, կառավարման նոր մշակույթի մուտքի հնարավորությունից, Հայաստանը կորցնում է տարածաշրջանային տնտեսական մրցունակությունը»,-նշված է զեկույցում։ Էլի շատ մեղմ է նկարագրված, բայց, ընդհանուր առմամբ, համապատասխանում է իրականությանը։
Եվ ուրեմն, ինչ է ուզում անել կառավարությունը իրավիճակը շտկելու համար։ Կառավարությունը, ինչպես նշված է զեկույցում, առաջնահերթ կարգով պատրաստվում է բարձրացնել ներդրումների պաշտպանության եւ դրա նկատմամբ վստահության մակարդակը, ձեւավորել ներդրումային ծրագրերի իրականացման լրացուցիչ հնարավորություններ եւ բարձրացնել Հայաստանի՝ որպես ներդրումների իրականացման ապահով եւ շահեկան վայրի ճանաչելիությունը։ Փաստորեն, կառավարության համոզմամբ, այս պայմանների բացակայությունն է պատճառը, որ Հայաստանում ներդրումներ չեն իրականացվում։ Եվ թերեւս հենց այստեղ է կառավարության սխալը։ Այն, որ ներդրումները պետք է պաշտպանված լինեն, անվիճելի է: Բայց միայն դա՞ է խոչընդոտը։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում