Լրահոս
Օրվա լրահոսը

 «Խորովածի միջազգային մայրաքաղաք, Շալյապինի կենտրոն, այ տենց ա պետք, իսկ թե տակը ինչ կստացվի՝ ժամանակը ցույց կտա». Կարեն Կարապետյան

Հունվար 19,2017 12:17

Վարչապետ Կարեն Կարապետյանի Լոռու մարզ կատարած այցի ընթացքում, առաջարկվեց որ մարզի արդյունաբերական ոլորտի մասին խոսի Լոռու մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանը: Վերջինս էլ կես կատակ-կես լուրջ այսպես դիմեց վարչապետին. «Սա, ինչպես ես հասկացա՝ փորձություն էր ինձ համար, որ տեսնեք՝ կարողանալո՞ւ եմ ձեր հարցին պատասխանեմ, թե՞ ոչ»:

-Ոչ, ուղղակի փորձում եմ ինֆորմացիա ստանամ ձեզնից, ոչ մի փորձություն չկա,- պարզաբանեց վարչապետը:

-Ես կատակ էի անում,- Կ. Կարապետյանի խոսքին հետեւեց Լեւոն Ասլանյանի պատասխանը, որից հետո վերջինս ներկայացրեց մարզի արդյունաբերական պատկերը:

Հանդիպման ընթացքում Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանն էլ իր խոսքը սկսեց շնորհակալություն հայտնելով. «Մեծարգո պարոն վարչապետ, նախ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ախթալայի բնակիչների եւ իմ անունից, Միքայել Արամյանցի դղյակի խնդրի լուծման համար: Դրա համար Լոռու մարզպետ պարոն Նալբանդյանն ու ես շուրջ 6 տարի պայքարում էինք, իսկ դուք այդ խնդիրը լուծեցիք մեկ օրվա ընթացքում»:

Քանի որ դղյակի հարցն արդեն իսկ լուծվել էր, Հ. Խաչիկյանը կառավարության ղեկավարին ներկայացրեց համայնքում տուրիզմի զարգացման իր տեսլականը՝ այս հարցում եւս ակնկալելով վերջինիս աջակցությունը. «Ախթալայի ամենամյա դարձած խորովածի փառատոնը, որ արդեն 9-րդ տարին պետք է անցկացվի, բավականին լուրջ մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունեցել տարածաշրջանում: Եվ քանի որ դղյակի խնդիրն էլ լուծվեց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 25 տարի առաջ, այդ դղյակում հանգստացել է Ֆեոդոր Շալյապինը, մենք նպատակ ունենք այս տարի, օգոստոս ամսվա վերջին, ամենամյա դարձնենք Շալյապինի անվան արվեստների եւ արհեստների միջազգային փառատոնը: Ձեզանից կխնդրենք, որ ձեր հանձնարարականը լիներ, որպեսզի մշակույթի եւ տնտեսական զարգացման նախարարություններն աջակցեին մեզ»:

Վարչապետը պատրաստակամություն հայտնեց այս հարցում եւս աջակցել խորովածի միջազգային մայրաքաղաք Ախթալային. «Պայմանավորվեցինք: Մշակույթի նախարարն այստեղ է, լսում է, տնտեսական զարգացման փոխնախարարն այստեղ է, Զառան այստեղ է: Նարեկ, Ախթալայի ծրագիրը մի հատ լսեք: Բռենդ ունեն, լոգո ունեն, երազանք ունեն: Մնում է թղթերը նայեք: Խորովածի միջազգային մայրաքաղաք, Շայլապինի կենտրոն, այ տենց ա պետք, իսկ թե տակը ինչ կստացվի՝ ժամանակը ցույց կտա»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031