Հայաստանում Ֆրանսիական համալսարանի 60 ուսանողներ այս տարի եւս շուրջ երկու ամիս (յոթ շաբաթ) պրակտիկա կանցնեն արտասահմանում: Նրանք դառնում են Հայաստանի եւ համալսարանի յուրօրինակ դեսպանները այլ երկրներում:
«Առավոտը» զրուցեց նրանցից մի քանիսի հետ:
Իրավաբանական ֆակուլտետի ուսանող Նարեկ Զաքարյանն, օրինակ, պրակտիկան անցնելու է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում` Maison des Droit des enfants et des jeunes կազմակերպությունում: Ֆրանսիայում իրականացրած պրակտիկայի ընթացքում նա ակնկալում է ձեռք բերել իրավաբանության ոլորտում միջազգային փորձ, բարելավել ֆրանսերենի տիրապետման աստիճանը, մոտիկից շփվել ֆրանսիական մշակույթի հետ: Ինչ վերաբերում է վերադառնալուց հետո գիտելիքները Հայաստանում իրացնելուն, Նարեկն ասում է. «Հետագայում Հայաստանում աշխատելիս նպատակ ունեմ ներդնել ձեռք բերված միջազգային փորձը եւ իրավաբանական ոլորտում նորությունները հայկական շուկա: Հնարավորության շրջանակներում աշխատավայրում կփորձեմ կատարել համապատասխան բարելավումներ»:
Կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Նարինե Խաչատրյանը Դոնի Ռոստովում (ՌԴ) է պրակտիկան անցնելու: Ասում է. «Ռոստովյան պրակտիկան մեծ եւ կարեւոր քայլ է համալսարանի եւ ինձ համար, ինչը կնպաստի երկրների միջեւ կրթական համագործակցության խորացմանը, 4 տարիների ընթացքում ստացած գիտելիքներիս կիրառմանը պրակտիկայում եւ անփոխարինելի փորձի ձեռքբերմանը՝ այնպիսի մեծ շուկայում, ինչպիսին ռուսականն է: Պրակտիկաս անցնելու է հասարակական կառավարման ու մարքեթինգի ոլորտում` «Հայազգ» հիմնադրամի համացանցային հանրագիտարանի գծով, ինչի համար շատ ուրախ եմ՝ վստահ լինելով, որ ապագայում կօգնի ինձ լրացնել Հայաստանի այդ ոլորտում առկա բազմաթիվ բացեր»: Ապա հավելում է. «Վստահ եմ, որ Ռոստովի պրակտիկան կտա ինձ մասնագիտական մեծ փորձ եւ խորը գիտելիքներ, վերադառնալով Հայաստան՝ հուսով եմ, որ աշխատանք կգտնեմ հայրենական որեւէ կազմակերպությունում, որտեղ լավագույնս կկիրառեմ ձեռք բերած գիտելիքներս եւ կնպաստեմ տեղական շուկաների զարգացմանը՝ հիմնվելով ռուսական փորձի վրա եւ իհարկե՝ կիրառելով նաեւ համալսարանի տված լավագույն եվրոպական արժեքները»:
Մարքեթինգի ֆակուլտետի ուսանող Վահե Թումանյանը մեկ ամիս կանցկացնի Փարիզում` Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում: «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը արտասահմանում, ծանոթանալ Հայաստանի եւ Ֆրանսիայի փոխհարաբերություններին ավելի մոտիկից: Այդ պատճառով ակնկալում եմ նախ եւ առաջ կիրառել համալսարանից ստացված գիտելիքներս՝ օգնել Հայաստանը միջազգային հարթակում պատշաճ ներկայացնելու համար եւ զարգացնելու ու ձեռք բերելու նոր գիտելիքներ ոչ միայն հասարակայնության հետ կապերի, տնտեսական վերլուծությունների ոլորտներում, այլ նաեւ դիվանագիտական ասպարեզում»,- նշում է երիտասարդը:
Կարդացեք նաև
Կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Արփի Հարությունյանը նույնպես Ֆրանսիայում պրակտիկա կանցնի, սակայն Մարսել քաղաքում` Marseille Innovation կազմակերպությունում: «Ապրելով եւ աշխատելով Ֆրանսիայում՝ հուսով եմ, որ ձեռք կբերեմ արժեքավոր փորձ, կկիրառեմ ստացածս գիտելիքները բուն աշխատանքային պրոցեսում, համեմատականներ կանցկացնեմ հայաստանյան եւ ֆրանսիական կազմակերպությունների մշակույթների եւ աշխատաոճերի միջեւ: Քանի որ պրակտիկաս անցկացնելու եմ ՏՏ ոլորտի կազմակերպությունում, ապագաս էլ պատկերացնում եմ հենց այդ ոլորտում»,- ասում է Արփին: Նաեւ հույս է հայտնում, որ ստացած գիտելիքներն ու հմտությունները հետագայում կկարողանա կիրառել Հայաստանում:
Կառավարման ֆակուլտետի մեկ այլ ուսանող` Ազատ Ալեքսանյանը մեկ ամիս կանցկացնի Բրյուսելում` European Friends of ArmeniaEuFoA կազմակերպությունում: Գիտելիք, փորձ, ծանոթություն, շրջակա միջավայրից նոր բաներ սովորել, ներկայացնել ՀՀ-ը լավագույն կերպով` ահա նրա ակնկալիքները պրակտիկայից: Ինչ վերաբերում է հետագային, Ազատը ցանկություն ունի փորձը կիրառել Հայաստանում աշխատելիս, լինել առավել մրցունակ աշխատանքային շուկայում եւ դառնալ վաղվա ղեկավար:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
18.01.2017