Լրահոս
Օրվա լրահոսը

«Բողոքում ենք կուշտ քնած թագավորից, քանի որ փողոցներում կան քաղցած անօթեւաններ»

Հունվար 19,2017 13:30

Զրույց ռոք երաժիշտ Ժիրայր Տեր-Օսիպյանի հետ

Հայկական ռոքը սկիզբ է առել 1960-ական թվականների կեսերից: Խորհրդային տարիներին Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում գործում էին համամիութենական մակարդակի ռոք խմբեր ու կատարողներ, այդ թվում՝ Արթուր Մեսչյանի «Առաքյալները», «Կալեյդոսկոպը» եւ այլն: Չնայած մեր պետության ճնշումներին, երբ օրինակ՝ Ստաս Նամինի խումբը պարզապես արտաքսվեց Հայաստանից, հայտնվեցին նոր խմբեր՝ «Ասպարեզ», «Այաս», հետագայում ԱՄՆ տեղափոխված «Տեսիլքը»: Հիշեցնենք, որ 1980-ականների կեսերին ասպարեզ մտավ ռոքի թերեւս ազդեցիկ խումբը՝ «Ոստան հայոցը», որի շնորհիվ «հայացվեց» հարդ-ռոքը: Իսկ «Dumbarton Oaks»-ը առաջիններից էր, որ միախառնեց տրադիցիոն ռոքի ու դասական երաժշտության տարրերը եւ այլն:

The Small bodies ռոք խումբը: Կենտրոնում՝ Ժիրայր Տեր-Օսիպյանը (կիթառ, վոկալ), Արտակ Ղազարյանը (ֆլեյտա), Նարեկ Բաղդասարյանը (հարվածային գործիքներ):

Այսօրվա նոր սերնդի շատ ներկայացուցիչներ իրենց համարում են System Of A Down խմբի հետնորդներ: Վաղուց երաժշտարվեստի այս ուղղության սիրահարները հաճույքով են լսում «Բամբիռ», «Սարդ», «Դորիանս», նաեւ հայկական բլեք մետալ «Ռահվիրա», «Դիվահար» եւ այլ խմբերի: Նշենք նաեւ, որ Արեւմուտքի օրինակով որոշ երկրների նախագահներ հաշվի են նստում ռոքերների հետ: Ժամանակին մեր երկրի առաջին դեմքերը եւս հյուրընկալել են Deep Purple խմբի անդամ Իէն Գիլանին, Սերժ Թանկյանին եւ այլն:

«Առավոտը» հանդիպեց ռոքեր, կիթառահար ու վոկալիստ Ժիրայր Տեր-Օսիպյանին: Երաժիշտը դեռեւս ուսանում է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում, բայց հասցրել է ճանաչում ձեռք բերել, թեեւ ինքն այս կարծիքի հետ համաձայն չէ. «Եթե ճանաչվել եմ, ապա Hay N ROLL (Հայկ Մալումյան՝ ստեղնաշարային գործիքներ, Ժիրայր Տեր-Օսիպյան՝ կիթառ, Հրաչ Հարությունյան՝ հարվածային գործիքներ, Սիմոն Շահմուրադյան՝ վոկալ, The Small bodies ռոք, Tmba-ta ֆոլք խմբերի հետ համերգների ժամանակ»:

Tmba-ta-ն Վաշինգտոնի օդանավակայանում ֆլեշ մոբ է անցկացրել:

Տասնամյակներից եկած եւ շարունակվող այն կարծրատիպին ի պատասխան, թե աշխարհի, այդ թվում նաեւ հայ ռոքերները «ընդդիմություն են խաղում», մեր զրուցակիցը նշեց, որ այդ խմբերում հնչում են ընկերների եւ իր հորինած մեղեդիներն ու տեքստերը, ինչպես նաեւ Սարգիս Միքայելյանի տեքստերը, հետո հայտնեց, որ TUMO-ի (տնօրեն՝ Մարի Լու) Tmba-ta ֆոլք խմբով (երիտասարդների հետ բեմ է բարձրանում «Բամբիռի» ֆլեյտահար Արիկ Գրիգորյանը) 2016թ. ամռանը շրջագայության են մեկնել ԱՄՆ՝ Վաշինգտոն եւ Նյու Յորք, ելույթ ունեցել Սմիթսոնյան փառատոնում: Մանրամասնեց, որ Նյու Յորքում ներկայացրել են «Հոգիս» բեմադրությունը, իսկ Վաշինգտոնում մատուցել են Կոմիտասից մինչեւ ազգային ու հոգեւոր ստեղծագործություններ:

«Հոգիս» ներկայացման սցենարը Գրիգոր Խաչատրյանինն էր, մասնակցում էր հայորդաց տների պարի անսամբլը՝ Արման Խաչատրյանի խորեոգրաֆիայով, իսկ պրոդյուսերը Պատրիկ Մալաքյանն է: Ընդհանուր պատկերացում կազմելու համար ընդգրկված էր համապատասխան երաժշտություն, որը պատկերավոր ներկայացնում էր եղեռնից մինչեւ մեր օրերը»,- ասաց երաժիշտը:

Տարածված կարծիքի առնչությամբ, թե ռոքը միշտ պայքարել է գործող իշխանության դեմ, Ժիրայր Տեր-Օսիպյանն ասաց. «Շուտով կներկայացնենք «Կարծես ետդարձի ճանապարհ չկա» ստեղծագործությունը, որը նկարահանել է ռեժիսոր, կլիպմեյքեր Հրանտ Մովսիսյանը: Տեքստը Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սարգիս Միքայելյանինն է, որտեղ ասվում է՝ Ավետարանից մինչեւ Լուսավորիչ միշտ հավերժություն են քարոզելու, ու հոգու համար այլեւս ոչինչ ուժեր չի գտնում հույս որոնելու… Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են: Մեծ հաշվով ես ու երաժիշտ ընկերներս բողոքում ենք այն թագավորից, որ քնած է կուշտ, բայց փողոցներում կան քաղցից ընկած անօթեւաններ: Սա հնչեցնում ենք ամենուր»: Ռեպլիկին՝ տասնամյակներ է, ինչ աշխարհի ռոքերները հնչեցնում են նման մտքեր, մեր զրուցակիցը ժպիտով պատասխանեց. «Եթե տեղ չի հասնում, ուրեմն պետք է դարձյալ հնչեցնել, մի օր կհասնի»: Հետո էլ հավելեց, թե իրենց ստեղծագործությունների խոսքերը ոչ միայն քաղաքական են, այլեւ սիրային եւ տարբեր հոգեվիճակներ արտահայտող:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

18.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031