Հայաստանի ջրացատկորդները Ռիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել չկարողացան, թեեւ մոտ էին ուղեգրերին: Սակայն հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը դրանից հուսախաբ չի եղել եւ մտադիր է այդ բացը լրացնել Տոկիոյում: «Առավոտը» զրուցել է նրա հետ՝ իմանալու, թե ինչպե՞ս է նա իր սաների հետ սկսել նոր քառամյա շրջափուլը:
-Պարոն Չանդիրյան, նոր մրցաշրջանն արդեն մեկնարկել է: Ի՞նչ ծրագրեր ունեք 2017 թվականին:
-Արդեն այս ամսին միջազգային մրցման պետք է մասնակցեինք Բելառուսի մայրաքաղաքում, սակայն բաց ենք թողնում որոշ խնդիրների պատճառով: Առայժմ հարցականի տակ է նաեւ, թե կմասնակցե՞նք փետրվարին Գերմանիայում կայանալիք «Գրան Պրիին»: Դրա փոխարեն պլանավորել ենք ապրիլին անպայման մասնակցել Ուկրաինայի բաց առաջնությանը: Քանի որ ջրացատկի Եվրոպայի առաջնությունը լինելու է Կիեւում՝ հունիս ամսին, ուզում ենք մեկնարկից առաջ գոնե մեկ անգամ հանդես գալ այնտեղ՝ մարզաբազան «փորձարկելու» նպատակով: Իսկ դրանից մեկ ամիս անց էլ Բուդապեշտում մեկնարկելու է ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունը:
-Ինչո՞վ է պայմանավորված ծրագրերի այդպիսի փոփոխությունը, առավել եւս, որ 2020 թվականի օլիմպիական խաղերի նախապատրաստությունն սկսվում է այժմվանից:
Կարդացեք նաև
-Բանն այն է, որ մեր առաջատարների՝ Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանների, 18 տարին լրացել է եւ նրանք զորակոչվում են բանակ: Օրենքով սահմանված կարգով երկուսն էլ մարզական վաշտում ծառայել չեն կարող եւ խնդիրը նրանց կանոնավոր մարզումները շարունակելն է: Ջրացատկն այն մարզաձեւը չէ, որ մարզիկը մրցումից մեկ ամիս առաջ սկսի մարզվել ու բարձր արդյունքներ ցույց տա: Իսկ ինչ վերաբերում է Լեւ Սարգսյանին, որը բնակվում է Ռուսաստանում, ինչ-որ անձնական խնդիրներ ունի եւ նրա հետագա մարզական կարիերան առայժմ անորոշ է:
-Այնուամենայնիվ, Ուկրաինայի բաց առաջնությանը, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին մասնակցելը հաստատ է: Ուսումնամարզական հավաքներ լինելո՞ւ են եւ որտե՞ղ:
-Շատ մեծ հույսեր ենք կապում Օլիմպավանի շահագործման հետ, որը նախատեսվում է մոտ ժամանակներս: Ես ուշադիր հետեւում եմ լողավազանի շինարարության ընթացքին: Եթե սահմանված ժամկետներում այն բացվի, կնախապատրաստվենք այնտեղ: Այդ դեպքում դուրս մեկնելն անիմաստ կդառնա:
-Վերջին տարիներին հայկական ջրացատկի մասին խոսելիս հիմնականում երեք ջրացատկորդների անուն է հնչում: Չունե՞նք այլ մարզիկներ:
-Ունենք: Բայց նրանք դեռ փոքր են՝ 8-12 տարեկան տղաներ եւ աղջիկներ են: Այդ երեխաներն արդեն իրենց տարիքի համար բավականին բարդ վարժություններ են կատարում: Անուններ չեմ տա, բայց նրանց մեջ այնպիսի երեխաներ ունենք, որոնք Եվրոպայի պատանեկան առաջնություններում ի վիճակի են մեդալակիր դառնալ:
-Իսկ Արգենտինայի պատանեկան օլիմպիական խաղերո՞ւմ:
– Մենք դրան չենք մասնակցի, որովհետեւ այնտեղ տարիքային սահմանափակում կա՝ 16-18 տարեկաններ: Իսկ մենք այդ տարիքային խմբում համապատասխան ջրացատկորդներ, ցավոք, չունենք: Հարությունյան եղբայրներն արդեն դուրս են եկել այդ տարիքից: Հույս ունեմ, որ հաջորդ՝ 2022 թվականի պատանեկան օլիմպիական խաղերում մենք կունենանք 2-3 մասնակից, որոնք կկարողանան մեդալ նվաճել:
-Ձեր նշած հեռանկարային երեխաները միջազգային մրցափորձ ձեռք բերելու հնարավորություն կունենա՞ն:
-Պիտի ֆեդերացիայի բյուջեն նայենք եւ հնարավորություն լինելու դեպքում փորձենք նրանց մեկ-երկու միջազգային մրցման տանել:
-Վերադառնանք մեծերին: Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում նրանցից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Պլանավորում եմ, որ Ազատն ու Վլադիմիրը Եվրոպայում 10 մետր աշտարակացատկում մասնակցեն սինքրոն ցատկերին եւ տեղ զբաղեցնեն լավագույն վեցյակում, իսկ անհատականում մտնեն եզրափակիչ: Աշխարհի առաջնությունում, որը առաջինն է լինելու նոր օլիմպիական շրջափուլում, սինքրոն ցատկերից եթե կարողանան մտնել 12 առաջինների մեջ, շատ լավ կլինի, իսկ անհատական ցատկերում նվազագույն ծրագիրը կիսաեզրափակչի 18 լավագույնների մեջ մտնելն է:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
18.01.2017