Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը բարեգործ է, ինքնուրույն մարդ եւ ինքնուրույն որոշում է կայացրել
«Ի՞նչն է ձեզ անհանգստացնում Գագիկ Ծառուկյանի հետ կապված»,- երեկ մեզ հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպես հանգստացրեց Ծառուկյանի վերադարձով անհանգստացածներին ու վստահեցրեց, որ նա քաղաքական դաշտում կարող է ունենալ իր տեղը:
Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ բացում է քաղաքական գործունեության փակված էջը: Քաղաքականություն վերադառնալու իր որոշումը նա բացատրեց այսպես, որ «զերծ կմնայի քաղաքական գործընթացներին մասնակցելուց, եթե տեսնեի, վստահ լինեի, որ մեր երկիրն ընթանում է ճիշտ ճանապարհով»: Վահրամ Բաղդասարանը Ծառուկյանին հեռակա հարցրեց՝ իսկ ո՞րն է իր ծրագիրը՝ ճիշտ ճանապարհով ընթանալու. «Ընդհանուր առմամբ ես չեմ պատկերացնում մի քաղաքական ուժ եւ քաղաքական գործչի, որը պետք է մուտք գործի քաղաքական դաշտ եւ գովաբանի իշխանությանը: Բնականաբար, բոլորն իրենց տեղը գտնելու համար պետք է քննադատեն իշխանությանը: Ես դա բնական եմ համարում եւ ողջունում եմ ցանկացած քաղաքական ուժի եւ քաղաքական գործչի, որոնք հայտ են ներկայացնում սահմանադրական ճանապարհով իրենց տեղը գտնելու քաղաքական դաշտում»:
Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանը նրան ասել էր, որ քաղաքական դաշտը քո տեղը չէ, հիմա, փաստորեն, ստացվում է, որ քաղաքական դաշտում Ծառուկյանն իր տեղն ունի՞, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այն մարդիկ, որոնք հեղափոխական կոչերով, իշխանափոխության կոչ անելով, նոր նախագահական ընտրությունների կոչ անելով տանում են ծայրահեղությունների, որոնք խոչընդոտում են մեր ազգային անվտանգությունը, նման դեպքերի հետ կապված մենք դեմ ենք եւ կտրականապես թույլ չենք տա, որ մեր երկրում նման ճանապարհով ցանկանան ցնցումներ իրականացնել: Իսկ բոլոր քաղաքական ուժերը եւ գործիչները, որոնք սահմանադրական ճանապարհով կփորձեն իրենց տեղը գտնել քաղաքական դաշտում՝ մենք ողջունում ենք բոլորին»:
Կարդացեք նաև
Գագիկ Ծառուկյանն ասում է, որ քաղաքականություն վերադառնալու այդ ծանր որոշումն իր խաչն է, որը կրելու է մինչեւ վերջ: Մեր հարցին, թե ինչո՞ւ է նա վերցնում այդպիսի խաչ իր ուսերին, կա՞ դրա կարիքը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «ՀՀ ցանկացած քաղաքացի, որը իր երկրի համար որեւէ գործ կատարում է, դա պետք է իր սուրբ խաչը համարի եւ այդ խաչը կրի ինքը: Բոլորիս նպատակը դա է: Ես այդտեղ վատ բան չեմ տեսնում»:
Այս անգամ ունի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը քաղաքական դաշտ վերադառնալու թույլտվություն, նրան թույլատրե՞լ են՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այն բոլոր քաղաքական գործիչները, որոնք առավել եւս ընդդիմադիր դաշտում են ցանկանում հայտ ներկայացնել, եւ նրանք սպասում են թույլտվության, ավելի լավ է, որ նրանք ընդհանրապես հայտ չներկայացնեն քաղաքական դաշտում»:
Տեսակետներ կան, որ սա ընդամենը շղարշ է, Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ է համագործակցում, որ նա Արթուր Բաղդասարյանի դերն է կատարելու եւ ձայներ է ընդամենը փախցնելու ընդդիմությունից, Դուք կարո՞ղ եք բացառել այս տարբերակը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Չէի ցանկանա, որ երբ հայտարարություն է կատարվում, որ մտնում են քաղաքական դաշտ, սկսեն վարկաբեկելու գործերով եւ նման տիպի քննադատություններով: Ես համարում եմ, որ նա ինքնուրույն մարդ է եւ ինքնուրույն այդ որոշումը կայացրել է: Պետք չի նման քննադատություններ: Իսկ ՀՀԿ-ն իր առաջնորդի հետ միասին դրա կարիքը բացարձակապես չունի, որ ինչ-որ մարդիկ ուղղորդի, որ դաշտում ինչ-որ խլրտումներ անեն: Մեր նպատակն է քաղաքական դաշտի կայացումը, առավել եւս՝ այն բացը, որը կա ընդդիմադիր դաշտում, որպեսզի կայանա ընդդիմադիր դաշտը»:
Մեր հարցին՝ Դուք Գագիկ Ծառուկյանին քաղաքական գործիչ համարո՞ւմ եք՝ Վահրամ Բաղդասարյանը դժվարացավ պատասխանել՝ ասելով. «Կներկայացնի իր ծրագրերը, իր մոտեցումները, այդ ժամանակ մենք դրա մասին կխոսենք»:
Հարցին՝ Գալուստ Սահակյանն ասում էր, որ նա բարեգործ է, Դուք Ծառուկյանին բարեգործ գոնե համարո՞ւմ եք, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Այո, նա բարեգործ է եւ բավականին լուրջ գործեր է կատարում, որ որեւէ մեկը չի կարող ժխտել»:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ «Սերժ Սարգսյանը, ով արտամղել էր Գագիկ Ծառուկյանին, ասել էր, որ նա քաղաքականության մեջ անելիք չունի: Ես ողջունում եմ, որ ինքը, փաստորեն, Սերժ Սարգսյանի կամքն այլեւս չի կատարում: Ես դա ողջունում եմ»:
Մեր հարցին՝ սա կարո՞ղ է շղարշ լինել, եւ պարզվի, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի համար է աշխատում, Հայրիկյանը պատասխանեց. «Հազար բան կարող է լինել, ինձ համար մի բան է հստակ՝ եթե որեւէ մեկը գնալու է պայքարելու «ոչ ռեժիմին» կարգախոսով, դա ինձ համար ոչինչ չի նշանակում: Բայց եթե որեւէ մեկը գնում է պայքարի՝ հանուն նրա, որ ՀՀ քաղաքացին երկրի տերը դառնա, դա ինձ համար ամեն ինչ է»:
Մեր հարցին՝ տեսնո՞ւմ եք Ծառուկյանի հետ Ձեր համագործակցության հնարավորություն, նա պատասխանեց հարցով. «Իսկ Ծառուկյանը այդ բնույթի հայտարարություն արե՞լ է, որ քաղաքացին պիտի երկրի տերը դառնա»: Դիտարկմանը, որ հիմա նախընտրական շրջան է, քաղաքական գործիչները ինչ ասես՝ կարող են եւ հայտարարել, այնքան ժողովրդահաճո հայտարարություններ կարող են անել, Պարույր Հայրիկյանն արձագանքեց. «Չէ, չեն կարող, այդ մակարդակը պիտի ունենան, որ անեն: Մենք քաղաքացիական նախաձեռնության մասին հայտարարություն ենք արել, եւ այնտեղ հավաքվում են մարդիկ, հավաքված մարդկանց մեջ Գագիկ Ծառուկյանը չկա»:
Մենք հիշեցրինք՝ ժամանակին հիասթափված էիք Գագիկ Ծառուկյանից՝ Հայրիկյանը հերքեց. «Հիասթափվա՞ծ, երբե՛ք: Պիտի մեկով հիացած լինես, որ հիասթափվես: Ինքը ինձ համար քաղաքական գործիչ չի: Ինքը բիզնեսմեն է: Այո, իրար հետ համագործակցել ենք ինչ-որ հարցերում, բայց դրանք եղել են ոչ քաղաքական: Օրինակ՝ Աիմավանի եկեղեցին կառուցելու հարցում: Քաղաքական համագործակցություն չի եղել, որ հիասթափվեմ»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
18.01.2017