Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ Իրանը ցանկանո՞ւմ է լեգիտիմացնել ԵՏՄ-ն

Հունվար 19,2017 12:00

Իրանը պատրա՞ստ է լուրջ ներդրումներ անել,
երբ այսքան մեծ է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից

Հայաստանի իշխանությունները համառորեն շարունակում են Հայաստան-Իրան հարաբերությունները կապել ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցությանը, կարծես այդ կառույցն արդեն իսկ ապացուցել է իր կենսունակությունը, մնում է դա գիտակցեն մյուս երկրները:

Իհարկե, Ռուսաստանը շատ կցանկանար, որպեսզի Իրանը, եւ ոչ միայն Իրանը, ԵՏՄ-ի հետ լուրջ համագործակցություն հաստատեին: Դեռ անցյալ տարվանից ռուսական կողմը շարունակաբար բարձրացնում է ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցը:

Այն մասին, թե ինչ ձեւաչափով է ստեղծվելու ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտին, որոշում կկայացվի 2016թ. առաջին կիսամյակում՝ դեռ անցյալ տարի մարտին հայտարարում էր ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը։ Ռուսական կողմը պնդում էր, թե Իրանի հետ պայմանագիրը ավելի խորն է լինելու։ «Իրանի հետ չի լինի Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիր՝ զուտ այդ ձեւաչափով։ Հիմա դրա ձեւաչափի ուսումնասիրման աշխատանքներ են ընթանում»,- ասել էր Լիխաչովը։ Ռուսական կողմը նշում էր, թե Իրանի հետ ԱԱԳ-ն կարող է ստեղծվել ժամանակավոր հիմունքներով, քանի որ Իրանը ԱՀԿ անդամ չէ։

2016թ. վերջին ԵՏՄ-ն կավարտի Իրանի հետ ազատ առեւտրի հնարավոր շահի վերլուծությունը՝ անցյալ տարվա հունիսին հայտարարել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան: Սկզբում ԵՏՄ-ն պատրաստվում էր ժամանակավոր համաձայնագիր կնքել Իրանի հետ ազատ առեւտրի մասին եւ նվազեցնել ապրանքների քանակի սահմանափակման տուրքերը: «Հետագայում մենք պատրաստ ենք ուսումնասիրել Իրանի հետ համագործակցությունից ստացվող շահը, միգուցե ավելի արտոնյալ կարգավիճակով, քան հիմա, եւ նաեւ մյուս ոլորտներում»,- նշել էր նա: Հնարավոր առեւտրային ռեժիմներն ուսումնասիրում է երկկողմ հետազոտական խումբը, որն իր աշխատանքները կներկայացնի տարվա վերջին, նույն խումբն էլ աշխատում է Հնդկաստանի հետ, բանակցություններ են ընթանում Չինաստանի հետ առեւտրային համագործակցության շուրջ՝ անցյալ տարի հայտնում էին ռուսական աղբյուրները:
Անցյալ տարի դեկտեմբերի 5-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել էր ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաիի հետ: Կողմերը քննարկել էին ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման հրատապ հարցեր: Տիգրան Սարգսյանը նշել էր, որ Իրանն այն երկրների ցուցակում է, որոնք առաջնահերթ են ԵՏՄ-ի համար` ազատ առեւտրի գոտու ստեղծման տեսանկյունից:

Այժմ էլ խոսակցություններ կան, թե 2017 թվականին Իրանի հետ կկնքվի նման համաձայնագիր: Սակայն դրա հավանականությունը իրական չէ այն պարզ պատճառով, որ եթե հավատայինք ռուսական կողմի մինչ այժմ արված հայտարարություններին, ապա մի քանի տասնյակ երկրներ արդեն պետք է ԵՏՄ-ի հետ նման պայմանագրեր կնքած լինեին:
Խոսակցությունները, թե Իրանն ու ԵՏՄ-ն պետք է կնքեն ազատ առեւտրի գոտու պայմանագիր, առայժմ հիմնավոր չեն, քանի որ այստեղ նաեւ հարցի քաղաքական բաղադրիչը կա: Արդյո՞ք Իրանը կցանկանա լեգիտիմացնել ԵԱՏՄ-ն: Չէ՞ որ նման որակի հնարավոր հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ կնշանակեն այս տարածաշրջանում Ռուսաստանի գերիշխանության ընդունում: Մի՞թե Իրանը դա ցանկանում է:

Ամենահետաքրքրականն այն է, սակայն, որ Ռուսաստանի համար գոհացուցիչ է Հայաստան-Իրան հարաբերությունների այն մակարդակը, որը ձեռնտու է ռուսական կողմին` ԵԱՏՄ-ի հետ հնարավոր փոխհարաբերությունների մակարդակում:
Հայաստանում Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագիծը գոհացնում է ԵՏՄ-ին՝ հունվարի 16-ին հայտարարեց ԵՏՀ Կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան։ Նա նշել է, որ եվրասիական Մաքսային օրենսգրքի նախագիծը համաձայնեցման վերջնական փուլում է, եւ նրանում հաշվի են առնվել հատուկ հարկային եւ մաքսային ռեժիմների մասին կետերը։ «Մենք պաշտպանում ենք համատեղ աշխատանքը, որը տարվել է մեր երկրների վարչապետների մակարդակով»,- ասել է Վալովայան։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԵՏՄ Մաքսային օրենսգրքին։ Երեւանը նաեւ Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու իրավունք էր խնդրել։

Հայաստանի իշխանությունների կողմից շարունակաբար հնչող` Մեղրիում Ազատ առեւտրի գոտու ստեղծման նախագիծը որքանո՞վ է իրատեսական: Մինչ այժմ մենք չենք ծանոթացել ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված վերլուծության` մեր երկրի համար հնարավոր առավելությունների ու շահի վերաբերյալ: Առայժմ այդ նախագիծը թվում է անիրականանալի:

Նախ` արդյո՞ք այն որպես ներդրումային ծրագիր արդյունավետ կարող է լինել տեսական առումով: Ինչո՞վ պետք է գրավի Մեղրիում Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարը պոտենցիալ ներդրողներին:

Առհասարակ, ենթակառուցվածքային առումով նույնպես պարզաբանված չէ այս գաղափարի գրավչությունը: Իրանից ներդրողները Մեղրիում արտադրությո՞ւն են կազմակերպելու, ապա արտահանե՞ն Իրան: Թե՞ ԵՏՄ երկրներ են արտահանելու Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների պայմաններում:

Այս դեպքում արդեն առանց Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման նման խոսակցություններն իսկապես անլուրջ են: Հայաստանի համար պետք է որ չափազանց կարեւոր լիներ Հյուսիս-Հարավ մայրուղու արագ եւ որակյալ կառուցումը, մանավանդ, որ ժամանակ առ ժամանակ կարծիքներ են հնչում թուրք-ադրբեջանական շրջափակումը ճեղքելու անհրաժեշտության մասին:

Եւ վերջապես, եթե Հայաստանի իշխանություններն այդչափ ոգեւորված հայտարարություններ են անում Իրանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին, թող կոնկրետացնեն, թե ո՞վ է նման զարգացման ծրագրերը ֆինանսավորելու, որտեղի՞ց են ակնկալում աջակցություն:
Բացի այդ, ամենակարեւորը` Հայաստանում գոյություն ունեն ներդրումների իրականացման լուրջ ռիսկեր: Ո՞վ է շահագրգիռ այս մթնոլորտում լուրջ ծրագրեր ֆինանսավորել: Ակնհայտ է, որ ներդրողները Հայաստանից խուսափում են՝ թեկուզ աչքի առաջ ունենալով «Օրանժի» փախուստը Հայաստանից:

Եվ հաջորդը` Իրանը պատրա՞ստ է լուրջ ներդրումներ անել, երբ այսքան մեծ է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից:

Հայաստան-Իրան հարաբերություններում ԵԱՏՄ-ի թեմայի մասին խոսելիս պակաս կարեւոր չէ մեկ այլ հանգամանք: Իսկ ինչո՞վ է առհասարակ գրավիչ ԵԱՏՄ-ն Իրանի համար:

Ընդամենը օրեր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոէկոնոմիկայի նախարար Տատյանա Վալովայան խոստովանեց, որ 2016 թվականը միությունը փակել է 0,3 տոկոս տնտեսական անկմամբ: Այսինքն` ԵՏՄ-ն արդեն երկրորդ տարին է փակում անկումով: Ըստ հրապարակված տեղեկությունների` արդեն երկրորդ տարին է՝ նվազում է նաեւ ԵՏՄ անդամ երկրների փոխադարձ առեւտրի ծավալների ցուցանիշը՝ 2015թ. անկումը 24,5 տոկոս էր, 2016-ի առաջին 10 ամիսներին՝ 12,6 տոկոս: Միության արտաքին առեւտրի ցուցանիշի նվազումն ավելի տպավորիչ է՝ 2015թ.՝ 33,6 տոկոս, 2016թ. առաջին տասը ամիսներին՝ 15,8 տոկոս: «2017 թվականին վերաբերող մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ (ԵՏՄ անդամ) բոլոր երկրները, ողջ միությունը տնտեսական աճ կունենան»,- հույս է հայտնում Վալովայան:

Հիշեցնենք նաեւ, որ մեկ ամիս առաջ Երեւանում ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ Սերժ Սարգսյանն էլ արձանագրեց ԵԱՏՄ-ի անարդյունավետությունը` նշելով. «Մենք միասին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի ակունքներում էինք եւ այդ միությանն անդամակցելով՝ ակնկալիք ունեինք էապես բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը: Ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, եւ մեր քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռեւս, մեղմ ասած, սպասողական է, թեեւ չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ, բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին»:

Վալովայային «Ազատություն» ռ/կ-ն խնդրել էր արձագանքել Ս. Սարգսյանի նշյալ մտահոգությանը: «Կարծում եմ՝ արդարացի գնահատական է, որովհետեւ միշտ սպասումները շատ բարձր են, եւ դա նորմալ է. քաղաքացիներն իրավունք ունեն սպասել ավելի մեծ տնտեսական, սոցիալական արդյունքի, քան իրենք ստանում են: Սա խթան է, որպեսզի մենք զարգացնենք ինտեգրումը, վերացնենք սահմանափակումները, արգելապատնեշները: Միեւնույն ժամանակ, մեր կարծիքով, միանշանակ, Հայաստանը շատ լավ առավելություն է ստանում՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը»,- պատասխանել էր Վալովայան:

Թե ինչ առավելությունների մասին է խոսքը` որեւէ մեկին հայտնի չէ: ԵՏՄ անդամ Հայաստանի գործարարները առավելություննե՞ր ունեն այլ երկրների գործարարների համեմատությամբ:

Ամփոփումը` վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ»

18.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031