«Գիրք կարդալը գիտակցված, թե չգիտակցված, միեւնույն է, անձնային աճի, ճկուն աշխարհայացքի ձեւավորման հիմնական միջոցն է»
«Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է»,-ամերիկացի գրող, փիլիսոփա Ռալֆ Էմերսոնի խոսքերն է հիշեցնում հոգեբան Մանուկ Խաչատրյանը: Նա «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ցանկացած գրական ստեղծագործություն, անկախ ժանրից կամ գրական ուղղությունից, անպայմանորեն այս կամ այն չափով հոգեբանական ազդեցություն է ունենում անձի բոլոր ոլորտների վրա, սակայն դրանցից յուրաքանչյուրն ավելի որոշակի ազդեցության ոլորտ ունեն:
Մասնագետը, ըստ ժանրերի ներկայացնելով դրանց հոգեբանական ազդեցության դրական կողմերը, նշեց`
Փիլիսոփայական գրականություն
Այն ուղղակիորեն նպաստում է սեփական անձի, շրջապատի, աշխարհի ու կատարվող երեւույթների մասին տարբեր տեսանկյուններից պատկերացում ստանալու եւ աշխարհընկալումը ընդլայնելու գործընթացի վրա: Դրանով իսկ մարդը սկսում է ունենալ կյանքի, իրերի նկատմամբ սեփական մեկնաբանությունները, հարստանում են կոգնիտիվ կառույցները:
Կարդացեք նաև
Կենսագրական եւ ինքնակենսագրական գրականություն
Այսպիսի ստեղծագործություններում, որտեղ նկարագրված են լինում կոնկրետ մարդկանց կյանքի պատմությունները, որպես կանոն, լինում են ընթերցողի համար ոգեշնչման ու մոտիվացիայի աղբյուր: Հերոսները դառնում են դերային մոդելներ, իդեալներ, որոնց նմանվելը ընթերցողին մղում է կենսական ակտիվության:
Դետեկտիվ եւ արկածային գրականություն
Զարգացնում է տրամաբանությունը, ընդլայնում մտածողությունը, կերպարներին ապրումակցելով` մարզվում են հույզերը: Այն ընթերցողին թույլ է տալիս, օրինակ, մտածել, հասկանալ, որ համբերատարություն ունենալը, չհանձնվելու ու կամք դրսեւորելու կարողությունը կարեւոր որակներ են կյանքում իր խնդիրներին լուծումներ գտնելու համար:
Դասական գրականություն
Սովորաբար արծարծվում է կյանքի կենսականից, անձնայինից մինչեւ սոցիալական ոլորտին վերաբերող խնդիրներ, որոնց մարդը հանդիպում է իր առօրյայում: Ուստի դա օգնում է տեսնել իրավիճակներ, լուծումներ, ելքեր, ապրումներ ու վարքային դրսեւորումներ, որոնք որպես այլընտրանքային օրինակներ են լինում ընթերցողի համար:
Հումորային գրականություն
Անձին հաղորդում է կյանքի դրական տրամադրվածություն եւ մղում է լավատեսության: Հումորը եւ դժվար իրավիճակներին հումորային արձագանքումը կյանքի բարդ իրավիճակներում թույլ է տալիս խուսափել խնդրի մեջ պարփակվելուց ու հոռետեսական զգացումների ֆոնի վրա լուծումների հնարավոր ելքերը չտեսնելուց:
Դրամատուրգիա
Սովորեցնում է սոցիալական շփման մեջ փոխհարաբերությունների հանդիպող խնդիրների, դերային կոնֆլիկտների եւ դրանց լուծումների մոդելներ, սովորեցնում դրանց հակազդման ձեւեր:
Ֆանտաստիկ եւ հեքիաթային գրականություն
Ոչ ստանդարտ մտածողության ձեւավորման, ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին խնդիրների լուծմանը ստեղծագործական լուծումներ տալու խթան է հանդիսանում: Հեքիաթը, որը հանդիսանում է հեքիաթաթերապիա, հոգեթերապեւտիկ առանձին ուղղության գլխավոր գործիքը, կարեւոր դեր է խաղում անձի կյանքի սցենարի ձեւավորման կամ փոփոխման համար:
Առանձնացնելով անձի հոգեկանի վրա կոնկրետ գրական ուղղության` ժանրի ազդեցության կոնկրետ ոլորտները, հոգեբանը ավելացրեց նաեւ, որ չի կարելի այն ընդունել միանշանակ եւ կարծել, թե այլ ոլորտի վրա այն չի ազդում: «Օրինակ, բիբլիոթերապիան, որպես հոգեթերապիայի առանձին ուղղություն, ազդեցությունը առավել նպատակային եւ արդյունավետ է, եթե այն ուղղորդվում է համապատասխան գիտելիք ու հմտություն ունեցող անձի կողմից: Սակայն սա վերաբերում է վերջինիս կոնկրետ հոգեթերապեւտիկ խնդիր լուծելու գործընթացին»:
Մասնագետի խոսքերով` գիրք կարդալու դրական ազդեցության լայն ոլորտները, բոլոր դեպքերում, ցանկալի է եւ շատ կարեւոր, որ մարդիկ պարբերաբար ու շատ գեղարվեստական գրականություն կարդան. «Գիրք կարդալը գիտակցված, թե չգիտակցված, անմիջական, թե միջնորդավորված ձեւով, միեւնույն է, անձնային աճի, հոգեբանական հասունության, սոցիալական փորձի ձեռքբերման ու ճկուն աշխարհայացքի ձեւավորման հիմնական միջոցն է»:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
18.01.2017