Լրահոս
Օրվա լրահոսը

ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգը կատարելագործվում է

Հունվար 19,2017 10:32

Հունվարի 18-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը ներկայացրեց պետական գնումների ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով ինչպես կարգավորման դաշտում կատարված փոփոխություններին, այնպես էլ նախարարության կողմից իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքներով այդ ոլորտում նկատված բացթողումներին և դրանք շտկելու նպատակով կատարված քայլերին: Նա նշեց, որ ինչպես բոլոր առցանց համակարգերը, այնպես էլ էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգը պարբերաբար կատարելագործվում է, և գնումների համակարգի շարունակական բարեփոխումները ֆինանսների նախարարության առաջնահերթություններից է:

2016թ. վերջին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել և սույն թվականի հունվարի 14-ին ՀՀ Նախագահի կողմից վավերացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքը, որի նպատակն է ապահովել հնարավորինս թափանցիկ, արդյունավետ գնումներ՝ պատկան մարմինների կողմից ցածր գնով ապրանքներ ձեռք բերելու համար: Այս նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը 2017թ. հունվարից ներդրել է մի համակարգ, որով պետական գնումներին մասնակցող անձանց տեխնիկական, որակական և ֆինանսական տվյալները հասանելի են դառնում բոլորին: Այլ կերպ ասած՝ եթե նախկինում հրապարակվում էր հաղթողի անունը, և գործը կարող էր քննվել միայն բողոքի առկայության դեպքում, ապա այժմ այս համակարգի ներդրմամբ բոլորը տեղեկացված են լինում մասնակցության տվյալների և արդյունքների մասին: Բարեփոխման արդյունքում բարձրանում է գնումների ընթացակարգերի թափանցիկության և հրապարակայնության, հետևաբար նաև հասարակության կողմից վերահսկողության աստիճանը, ինչն էլ սահմանափակում է հայտերի գնահատման ժամանակ գնահատող հանձնաժողովի՝ հրավերի պահանջներին չհամապատասխանող հայտ ներկայացրած մասնակիցներին հաղթող ճանաչելու վերաբերյալ սուբյեկտիվ որոշումների կայացումը և ոչ լավագույն առաջարկի ընտրությունը:

Կարեն Թամազյանը հույս հայտնեց, որ այսուհետ հասարակությունը հետամուտ կլինի այս գործընթացի վերահսկողությանը, իսկ պետությունն էլ իր հերթին հասարակության մասնակցության արդյունքում ավելի աչալուրջ կլինի ներկայացված բոլոր դիտողություններին և առաջարկներին: Բանախոսը մասնավորապես ընդգծեց, որ ապրիլին ուժի մեջ կմտնի նոր օրենք, որի առավելություններից մեկն էլ մասնակիցների հետ փոխկապակցված անձանց մասին տվյալների լրացումն է, ինչը ևս մեկ դրական քայլ է կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու համար. «Սա այս պահին այն տեսանելի ճանապարհն է, որով հասարակությունը կկարողանա «զսպաշապիկ» հագցնել ոչ պարտաճանաչ թե՛ ապրանք ձեռք բերող պետական մարմիններին, թե՛ մրցույթի մասնակիցներին»:

Կարևորելով գնման գործընթացի թափանցիկությունը՝ նախարարությունը հրապարակայնացնում է գնումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝գնումների պայմանագրերը:

Հաջորդ կարևոր քայլն այն է, որ մինչ գնման ընթացակարգին հայտի ներկայացումը ARMEPS համակարգը նախապես իրականացնում է տվյալ հայտի ստուգում, և եթե այն համակարգ վերբեռնելու համար սահմանված պահանջներին անհամապատասխան է, հայտը չի ընդունվում՝ մասնակցին ներկայացնելով կատարված բացթողումը: Այս գործառույթի իրականացման արդյունքում կնվազեն նշված համակարգի միջոցով պատրաստված հայտերը չբացելու հետևանքով այդ հայտերի մերժման դեպքերը, ինչն էլ կհանգեցնի մրցակցության աստիճանի բարձրացմանը:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կառավարման և համակարգման բաժնի պետ Վահե Մահտեսյանն էլ հանգամանորեն ներկայացրեց էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում հայտերի տեղադրման եղանակը: Նա նշեց, որ հնարավոր է մտնել gnumner.am կայք, որտեղ հրապարակվում է գնումներին առնչվող ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ պայմանագրի մասին հայտարարությունը: «Փոփոխված համակարգը, ըստ էության, հնարավորություն է տալիս տեսնել և՛ հայտերը, և՛ մերժման պատճառները»,- խոսքը ամփոփեց Մահտեսյանը:

Հանդիպման վերջում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կ. Թամազյանը պատասխանեց լրագրողների՝ գնումների ոլորտին առնչվող հարցերին:

 

ՀՀ ֆինանսների  նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031