Լրահոս
Օրվա լրահոսը

24 ժամվա սկզբունքը

Հունվար 19,2017 10:11

20-րդ դարի ամենաինքնատիպ մտածողներից մեկը՝ Գեորգի Գուրջիեւը, խորհուրդ է տալիս կիրառել «24 ժամվա սկզբունքը»: Այստեղ ոչ մի արտառոց կամ միստիկ բան չկա, ամեն ինչ շատ պարզ է: Եթե ձեզ վիրավորում են, հայհոյում են կամ նույնիսկ ապտակում են, մի՛ շտապեք պատասխանել: Ներքուստ որոշում ընդունեք, որ պատասխանելու եք 24 ժամից: Հետո գնացեք ու մտածեք. եթե ձեզ «նեղացնողը» ճիշտ էր, վերադարձեք եւ շնորհակալություն հայտնեք նրան: Եթե նա, ձեր կարծիքով, սխալ էր, ապա ի՞նչ իմաստ ունի վերադառնալ եւ հաշիվ պահանջել մի մարդուց, որի հետ ընդհանուր եզրեր չունեք:

Խոսքը, ընդգծեմ, վիրավորանքների, ոչ թե սովորական անհամաձայնության մասին է: Օրինակ՝ իմ եւ հայ ժողովրդի ճնշող մեծամասնության միջեւ անհամաձայնություն կա անցած տարվա ամռանը ոստիկանական գնդի վրա հարձակվելու հետ կապված` մեր գնահատականները տրամագծորեն տարբեր են: Արագաչափերի խնդրում նույնպես հայաստանցիների գերակշիռ մասն ինձ հետ համաձայն չէ: Բայց հարյուր հազարավոր մարդկանց հետ իմ հակասությունների մեջ ես որեւէ ողբերգություն չեմ տեսնում, չեմ փորձում որեւէ մեկին համոզել եւ, ինչպես երեւի նկատում եք, ամբիոն եմ տրամադրում այդ` իմ կարծիքին հակասող տեսակետների կողմնակիցներին:

Այդ` լայն ժողովրդական զանգվածների խոսնակներից շատ քչերն են փորձում ինձ վիրավորել կամ պիտակ կպցնել: (Ես էլ, բնականաբար, նման բան չեմ անում): Իսկ ինչ անել նրանց հետ, ովքեր, այնուամենայնիվ, «պորտս տեղն են դնում», «խզարում են», «շշում են» եւ այլն: Առաջին 5 րոպեն կամ առավելագույնը կես ժամը գայթակղություն կա հակադարձելու իրենց ոճով: Այնուհետեւ մոտ 2-3 ժամ անց ցանկություն է առաջանում պատասխանելու ի՛մ ոճով: Իսկ 24 ժամի՞ց: Բնականաբար, մեկ օր անց որեւէ ձգտում չկա այդ խնդրի շուրջ տվյալ անձնավորության հետ զրուցելու: Կարծում եմ՝ այդպիսին պետք է լինի նորմալ, ադեկվատ մարդու կեցվածքը:

Շուտով նախընտրական քարոզչությունն ակտիվ փուլ կմտնի: Քաղաքական գործիչներն անխուսափելիորեն «իրար հագնելու են»: Փոքրիկ առաջարկություն. կիրառեք Գուրջիեւի «24 ժամվա սկզբունքը»: Ենթադրենք, X-ը Y-ին կշտամբում է՝ «էս ի՜նչ վիճակի եք հասցրել էս երկիրը, այ սրիկա թալանչիներ»: Սովորական հակազդեցությունը հետեւյալն է. Y-ը կամ անձամբ, կամ իր մամուլի խոսնակների, կամ էլ իր ԶԼՄ-ների միջոցով պատասխանում է` «բա մի հատ հիշի՝ ձերո՛նք ինչեր են արել, այ հանցագործներ»: Դրան X-ը կամ նրա խոսնակները պատասխանում են՝ «չէ, մեր ժամանակ ամեն ինչ կայֆ էր»: «Ի՞նչն էր կայֆ», եւ այսպես շարունակ: Եթե պատասխանում ես մի անգամ, ապա ձգտելու ես, որ 20-րդ, 30-րդ «փոխհրաձգության» ժամանակ քո խոսքը վերջինը լինի: Մարդիկ ընկնում են ազարտի մեջ եւ սովորաբար, ի դեպ, մոռանում են, թե ինչի մասին են վիճում:

Մի խոսքով, փորձեք, հարգելի քաղաքական գործիչներ, վիրավորանքներին չպատասխանել: Գիտեմ, որ իմ առաջարկը չի ընդունվի: Գիտեմ, որովհետեւ լուսաբանում եմ արդեն 6-րդ խորհրդարանական ընտրությունները:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Այ եթե ճիշտ լուսաբանեիք, իմաստալից վերլուծեիք, մի երկաւ հատ էլ խորհուրդ տայիք`կարող էր այսօրվա ընտրությունը ինչ որ բանի նման լիներ: Բայց ոչինչ չի փոխվել, նույնիսկ ավելի անիմաստ է դարձել: Հիմա ի՞նչ անենք, նորի՞ց եկանք անհեթեթ միակուսակցական համակարգի:

  2. araqel says:

    24 ժամը շատ քիչ է շատ-շատ հայեաստանցիների համար:
    ……..
    Սովորաբար նրանք իրենց հետագա ամբողջ “գիտակից” կյանքը նվիրում են դիմացինի “պորտը տեղը դնելու” սրբազան գործին:
    “Մի կաթիլ մեղրը” մեր հանճարը իզուր տեղը չի գրել, ու “քաջ նազարից” հետո ամենաբնութագրական նկարագիրն է միջինացված հայաստանյան բնակչի:
    Իսկ երրորդ տեղում “Շունն ու կատուն է” – 😀

  3. Seyran says:

    Պատգամավորության ապագա թեկնածուններին մեկ խորհուրդ էլ իմ կողմից՝հաշվի առնելով Հիլարի Քլինտոնի ,,նախընտրական փորձը,,,հակառակորդների ,,կեղտոտ սպիտակեղենը,,ի ցույց դնելու փոխարեն ներկայացրեք կոնկրետն ծրագրեր….

  4. Հ.Շ. says:

    մէջբերում ՝ «իմ եւ հայ ժողովրդի ճնշող մեծամասնության միջեւ անհամաձայնություն կա անցած տարվա ամռանը ոստիկանական գնդի վրա հարձակվելու հետ կապված»

    սա տպավորություն է միայն,
    չի համապատասխանում իրականության

    կարող է ճիշդ լինի, միայն եթէ խօսում ենք հայ ժողովուրդի աղմկոտ հատվածի մեծամասնութեան մասին, կամ ել վիրտուալ հատվածին մասին

    լուռ մեծամասնությունը իր լռութեամբ իսկ դատապարտում է այդ արյունահեղ հիմարությունը. իսկ այս հաստատման ապացոյցը այն է թէ, անմիտ հանցագործության ընթացքին, մի քանի հազար անձեր միայն մասնակցեցան գործողության փողոցային փուլին, իսկ անկէ ի վեր, հանցագործները փառաբանելու միտող հավաքներին՝ ներկաների թիվը հարյուրը չի անցնում, ներառյալ անոնց անմիջական ազգականներն ու բարեկամները.

    չեմ հասկանում միայն թէ ինչու լրագրողները հանրային ձայն չեն տալիս նահատակված ոստիկանների ընտանիքներին… կարծէք անոնք գոյություն չունեն, կամ ել անոնց կարծիքն ու զգացումները երկրորդական են…

  5. Լավատես says:

    Բազմակարծիքությունը լավ բան է ճշմարտության հասնելու համար, բայց գերխնդիրը բազմակարծությունը չէ, այլ հայերով մի ճշմարտության հասնելն է, պետք է լինի մեկը՝ բոլորի կողմից հարգված, որն իր վրա վերցնի ողջ պատասխանատվությունը վերջնական վճիռ կայացնելու ու այդ պահից բազմակարծիքությունը իր տեղը պետք է զիջի միակարծությանը ու բոլորն էլ պետք է այդ վճիռը ընդունեն վերջնական ու անկասկած իրագործեն այն:
    Իսկ վիրավորանքը նման է գողության՝ եթե գողութ՛յունը հանդուրժում ես, դրանով մարդ ոչ միայն ինքն է տուժում, այլեւ գողի մոտ անպատժելիության զգացում է առաջանում ու նրան է’լ ավելի մեծ հանցագործության մղում: Դրա համար մենք պետք է ունենանք հստակ գրված օրենքների մի գիրք, որտեղ հստակ ասվում է, թե քանի՞ ժամ պետք է մտածես, երբ տեսնում ես աջքիդ առաջ հանցագործություն է կատարվում: Մարդու հետ կատարվողը՝ դա միայն այդ մարդու անձնական գործը չէ, չպատժելով հանցագործին, դրանով հանցակից է մարդ դառնում, եթե նույնիսկ իոր հանդեպ այդ հանցանքը այդ մարդը ներել է: Այտը դեմ տալով մենք դառնում ենք հանցակից:

  6. Մարատ says:

    ՚ՙԵթե ավանակն աքացի է տալիս՝ մի՛ փոխադարձիր՚ՙ:
    Արիստոտել:

  7. Ruben says:

    «Հարգելի» “քաղաքական գործիչներ”, վիրավորանքներին չպատասխանել, թքել միմյանց վրա՝ ունենալով թեւի տակ հովանոց / անձրեւանոց, բացել այն եւ գոչել՝. «Անձրեւ է մաղում»…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031