Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մենք Լոռու մարզը 2017 թվականից հայտարարում ենք, որպես Սմարթ մարզ. Արթուր Նալբանդյան

Հունվար 19,2017 00:33

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպեց մարզի համայնքապետերի, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: Կառավարության ղեկավարը ոլորտ առ ոլորտ ծանոթացավ մարզի խնդիրներին:  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզի զարգացումը կապում է տուրիզմի եւ ՏՏ ոլորտի հետ:

-Մենք Լոռու մարզը 2017 թվականից հայտարարում ենք, որպես Սմարթ մարզ: Բառը մի փոքր ամպագորգոռ է, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե էս տեմպերով շարունակենք, անպայման մնացած մարզերից թեկուզ կադրային առումով տարբերվելու ենք: Որովհետեւ քայլերը սկսել ենք հենց դպրոցներից: Դպրոցներից տնտեսված բոլոր փոքրիկ միջոցները ուղղել ենք նույն դպրոցին, որպեսզի սմարթ դասասենյակ կառուցենք,- ասաց մարզի ղեկավարը:

Կ. Կարապետյանը Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանից հետաքրքրվեց. «Մասնավոր կառավարիչ ունե՞ք, փորձել եք ներգրավել»: Բացասական պատասխան ստանալուց հետո առաջարկեց ներդնել մասնավոր կառավարիչի ինստիտուտը:

Թեեւ մարզի քաղաքային համայնքների դպրոցներում ուսուցիչների թիվը մեծ է, փոխարենը 64 գյուղական համայնքներում 198 մասնագետի կարիք կա. «Վանաձորում կամ տարածաշրջանային կենտրոններում ենթադրենք որեւէ ուսուցչի մրցույթ է հայտարարվում, մի տեղի համար կարող են պայքարել մինչեւ 5-8 մարդ: Բայց գյուղական համայնքներ խուսափում են գնալ»,- կրթության ոլորտում առկա խնդիրը բարձրաձայնեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:

Կառավարության ղեկավարն էլ հանձնարարեց այնպես անել, որպեսզի ուսուցիչները ցանկություն ունենան աշխատել գյուղական դպրոցներում. «198 մանկավարժի հարցը գյուղական համայնքներում լուծեք ձեր բյուջեի հաշվին, ավելորդ ծախսերի հաշվին: Իրենց բոնուս տվեք, իրենց շահագրգռեք, թող գան դաս տան: Եթե այստեղ ավելցուկ ունեք, ինչո՞ւ այդ ավելցուկին չեք ուզում մի քիչ վճարելով, կրճատելով, օպտիմալացման ծախսեր նվազեցնելով ասել՝ գիտես ինչ, ուզում ես աշխատես՝ պիտի գնաս կողքի գյուղում մաթեմատիկայի դաս տաս»:

Անդրադարձ եղավ մյուս ոլորտներին եւս: Վարչապետը լսեց նաեւ հանդիպմանը ներկա փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, ֆերմերների խնդիրները: Վերջիններիս հորդորեց իրենց հարցերը նաեւ գրավոր տեսքով ներկայացնեն կառավարություն:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031