Այսօր աշխատանքային այցով Վանաձորում էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու կառավարության մի խումբ աշխատակիցներ: Այցի նպատակն էր Լոռու մարզի համայնքների եւ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել մարզի տնտեսական զարգացման ռազմավարությունը:
Մինչ կառավարության ղեկավարը կհասներ հանդիպման վայր՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, այստեղ արդեն Կարեն Կարապետյանին սպասում էին «Վանաձոր-քիմպրոմի» նախկին աշխատակիցները: Այս անգամ քիմպրոմցիները հավաքվել էին այլ նպատակով: Վերջիններս եկել էին իրենց շնորհակալությունը հայտնելու մարզպետ Արթուր Նալբանդյանին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին, իրենց աշխատավարձերը ստանալու համար:
Իսկ այս պահին քիմպրոմցիներին ավելի շատ մտահոգում է ընկերության հետագա ճակատագիրը:
Կարդացեք նաև
-Աշխատավարձի հարցերը համարյա լուծվել են: Էսօր ավելի շատ ցավում եմ նրա համար, որ Կովկասի առաջին քիմիական ձեռնարկությունը ենթակա է քանդման, սնանկ է ճանաչվել,- կառավարության ղեկավարին դիմեց ընկերության նախկին աշխատակիցներից մեկը:
-Էս պահին, որ ասեմ ես պատրաստի լուծում ունեմ «Վանաձոր-քիմպրոմի» հետ կապված՝ չէ: Բայց մենք պետք է իրատես լինենք,-ասաց Կ. Կարապետյանը:
Հավաքվածներից մեկն էլ վարչապետին ներկայացրեց «Քիմպրոմից» որոշակի չափով օգուտ ստանալու իր տարբերակը. «Պարոն վարչապետ, «Քիմպրոմից» կարելի է օգտագործել՝ ճանապարհները, կաբելները, էստակադաները, շենքերը»:
Վարչապետն էլ հորդորեց՝ առաջարկները գրավոր ներկայացնել կառավարություն. «Եթե ունեք առաջարկություններ, տվեք, նստենք, խոսենք: Մենք ձեզ կտանք լավագույն մասնագետները, որոնք ձեզ հետ կընդդիմախոսեն: Հետո, եթե պետք է էդ փաթեթը բիզնես-առաջարկ դառնա՝ իրեն կփաթեթավորեն, բանտիկ կկապեն, կթրաշեն, կսանրեն, նենց, որ ներդրողի համար նորմալ լինի»,- խոսքը եզրափակեց վարչապետը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ ներկաներին տեղեկացրեց. «Ես «Ռեջիոնի» գրությունն էլ կփոխանցեմ: Խնդրում եմ այսօր «Ռեջիոնի» հետ կապված չքննարկել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ