Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանի «Համախմբումը» միանշանակ ողջունում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը

Հունվար 18,2017 19:45

«Համախմբում» կուսակցությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Քաղաքական ընթացիկ գործընթացների հետ կապված մի քանի նկատառում.

ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր, այդ թվում՝ համատեղ գործունեության ձևաչափի մասով։ Երկուստեք հնչել են տեսակետներ, որ պետք է հնարավորինս լայն դաշինքով հանդես գալ։ Այդ հանդիպումները լինելու են պարբերական։

ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության, «Երրորդ հանրապետություն» կուսակցության և Հայաստանի դեմոկրատական կուսակցության դաշինքը,  անշուշտ, ընդլայնվելու է։ Ներգրավվելու են ոչ միայն քաղաքական ուժեր, այլ նաև հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ և հասարակական ակտիվություն ցուցաբերող անհատներ։ Նպատակը մեկն է՝ ձևավորել այլընտրանքային բևեռ և հանրությանը ներկայանալ նոր գաղափարներով, նոր ծրագրերով և փոփոխությունների կարգախոսով։

ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության իրավաբանները հիմնավորում են ներկայացրել, ըստ որի՝ ԱԺ հերթական ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը:  Մենք համոզված ենք, որ հակասահմանադրական այս որոշումը պետք է դառնա հանրային ու քաղաքական քննարկման առարկա։ Խնդիրն այս կամ այն օրն առաջ կամ հետ բերելը չէ։ Խնդիրն այն է, որ չի կարելի ի սկզբանե հակասահմանադրական հիմքեր դնել սահմանադրորեն ամրագրված ամենակարևորագույն քաղաքական գործընթացի տակ։

Ի դեպ, ապրիլի 2–ին ընտրության օր նշանակելը նաև այլ մեկնաբանությունների ու գնահատականների տեղիք է տալիս նախորդ տարվա ապրիլի 2-ին սկիզբ առած քառօրյա պատերազմի համատեքստում։ Սա արդեն բարոյաքաղաքական հարթության մեջ է։

ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցությունը միանշանակ ողջունում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը,  ըստ որի՝ ինքը դաշինքի միջոցով մասնակցելու է ընտրական գործընթացներին։ Փաստորեն, կստացվի, որ արդեն իսկ երկու առանձին բևեռներ են գործելու ոչիշխանական դաշտում, և ամեն մեկը կարող է մեծ ընտրազանգված համախմբել։ Քաղաքական դաշտի նման ուրվագծումը բխում է հասարակության իրական տրամադրություններից և սպասումներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031