Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության, բնապահպանության և սոցիալական ապահովության ոլորտներում 2016 թվականին համայնքային բյուջեի միջոցներով, ինչպես նաև ներդրումային ծրագրերով կատարված աշխատանքների հաշվետվությունները, նաև խոսել 2017թ. նախատեսված ծրագրերի մասին:
Անդրադառնալով շինարարության և բարեկարգման ոլորտին` նշվել է, որ շարունակվել են փողոցների, կառուցման և վերակառուցման աշխատանքները: Տարեկան ծրագրով նախատեսված 386 փողոցներում և բակերում իրականացվել է շուրջ 800 000 քմ ասֆալտբետոնե ծածկի նորոգում:
Հաշվի առնելով, որ 2016 թվականի ծրագրերը ևս իրականացվել են Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրով նախանշված առաջնահերթությունների հենքով, քաղաքապետի առաջին տեղակալն ընդգծել է, որ ցուցանիշների ծավալներն էլ համապատասխանաբար կներկայացվեն նաև այդ համատեքստում: Ըստ այդմ, 2013-2016 թվականների ընթացում իրականացվել են, ընդհանուր առմամբ Ԣ.7 մլն քմ ծավալով ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ: Նույն ժամանակահատվածում հիմնանորոգվել է 88 փողոց: Համեմատության համար նշվել է, որ եթե 2010-2011թթ. հիմնանորոգվել էր ընդամենը 4 փողոց, ապա միայն 2013-2014թթ.՝ 55, ինչը 11 անգամ ավելի մեծ ցուցանիշ է:
Մայրաքաղաքում 2013-2016թթ. կառուցվել է 12.1 կմ նոր ճանապարհ՝ այդ թվում Լենինգրադյան Իսակով, Ուլնեցի-Ռուբինյանց, նաև ԱԶԲ աջակցությամբ՝ Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի շրջանցիկ նոր ճանապարհի 5 կմ երկարությամբ հատվածը: Միևնույն ժամանակ Կամո Արեյանը նշել է, որ մայրաքաղաքում վերակառուցվել է 17.3 կմ ճանապարհ: Հատկանշական է, որ փողոցների կառուցման ու վերակառուցման ծրագրերի ընթացքում ստեղծվել է շուրջ 6 հեկտար նոր կանաչ գոտի:
Կարդացեք նաև
Փողոցների և խաչմերուկների վերակառուցման ծրագրով վերջին 3 տարվա ընթացքում բացվել են նաև մի շարք փողոցներ ու փակուղային հատվածներ: Առանձնացվել են Տիգրան Մեծ պողոտայի և Գլինկայի փողոցի կամրջային հատվածով կապվող, Արամի-Տերյան-Բուզանդ-Քոչինյան փողոցների հատվող հատվածները, ինչպես նաև Ռիգայի փողոցի կամրջային հատվածը: Նշվել է, որ հետիոտների անվտանգության նկատառումներով մայրաքաղաքում ավելացել են նաև վերգետնյա հետիոտնային անցումները՝ դրանք հասցնելով 27-ի:
Մայթերի սալիկապատման և եզրաքարերի նորոգման մասով նշվել է, որ 2016թ. սալիկապատվել է 3825 քմ մայթ՝ 67 հասցեներում, 53 հասցեներում էլ նորոգվել է 1316 գծմ եզրաքար: Կամո Արեյանը նշել է, որ 2013-2016 թվականներին իրականացվել են 48420 քմ սալիկապատման աշխատանքներ, ինչը 3 անգամ գերազանցում է 2010-2011 թվականների ծավալը: Նշվել է, որ 2017-ին կշարունակվի նաև հենապատերի նորոգումը:
Շինարարության և բարեկարգման ոլորտում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն առանձնացրել է մայրաքաղաքում հարմարավետ միջավայրի ապահովման բաղադրիչը: Այս տեսանկյունից Կամո Արեյանը կարևորել է հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար շահառու կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող թեքահարթակների կառուցումը:
«Մինչև 2013 թվականը քաղաքային ծրագրերով երբևէ չի իրականացվել թեքահարթակների կառուցում: Առաջին անգամ հենց 2013-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ համայնքային բյուջեում ընդգրկված ծրագիրը շարունակվեց նաև հետագա տարիներին: Մինչ օրս կառուցվել է 2005 թեքահարթակ, որից միայն 275-ը՝ 2016-ին: Նախորդ տարի ավելի քան 70 հատվածներում նոր մոտեցում է կիրառվել, և թեքահարթակները հարմարեցվել են նաև տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: Ծրագիրը շարունակվելու է նաև այս տարի: Երևանը կհամալրվի ևս 420 թեքահարթակով»,-հատկանշել է Կամո Արեյանը:
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար մայրաքաղաքն առավել հարմարավետ դարձնելու աշխատանքների մասով՝ առանձնացվել է նաև հասարակական տրանսպորտը հարմարեցնելու նպատակով քաղաքային ավտոբուսները հատուկ վերելակներով կահավորելը: Այսօր արդեն մայրաքաղաքում կա հարմարեցված 25 ավտոբուս:
Բակերի բարեկարգման ծրագրով 2016 թվականի ընթացքում ամբողջությամբ բարեկարգվել, կանաչապատվել, համապատասխան գույքով կահավորվել ու արտաքին լուսավորությամբ է ապահովվել 340 բակային տարածք: Կամո Արեյանը մանրամասնել է, որ մայրաքաղաքի քառամյա զարգացման ծրագրով՝ 2013-2016 թթ. Երևանում բարեկարգվել է 1600 բակ:
Նորաստեղծ բակերը համալրվել են նաև մանկական խաղերով և մարզագույքով: Հատկանշական է, որ վերջին 4 տարվա ընթացքում 551 խաղեր և 1161 մարզասարք է տեղադրվել: Բակերի բարեկարգման համալիր ծրագիրն իր շարունակությունը կունենա նաև 2017-ին: Այս տարի կշարունակվեն նաև կամարանցումների և բակային տարածքների նկարազարդման և գունազարդման աշխատանքները: Կշարունակվի նաև բակային մինի ֆուտբոլի խաղադաշտերի կառուցումը: Ի դեպ, վերջին տարիներին կառուցված խաղադաշտերի թիվը 3 անգամ գերազանցում է 2007-2010թթ. ցուցանիշը:
Նշվել է, որ վերջին 3-4 տարիների ընթացքում մայրաքաղաքում կառուցվել է 11 ջրային նոր ավազան՝ շատրվաններով: Համեմատության համար նշվել է, որ մայրաքաղաքում շահագործվում է 33 ջրային կառույց:
Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության կրթական, առողջապահական, մշակութային և մարզական հաստատությունների վերանորոգման ծրագրին՝ նշվել է, որ 2016 թվականի հիմնանորոգման ծրագրում ընդգրկվել էր 51 օբյեկտ: Այս ուղղությամբ ևս ծրագիրը կշարունակվի 2017-ին, ընդ որում՝ ավելի մեծ ծավալներով:
«2014 թվականի դրությամբ մենք կարողացանք ամբողջությամբ լուծել կրթամշակութային, մարզական և առողջապահական հաստատությունների ջեռուցման համակարգերի ապահովման խնդիրը, որից հետո սկսվեցին նորոգման ու հիմնանորոգման աշխատանքները: Այս տարի ևս նախատեսում ենք հիմնանորոգումներ», – ընդգծել է Կամո Արեյանը:
Քաղաքապետի առաջին տեղակալն ընդգծել է նաև, որ բոլոր ծրագրերում առանձնահատուկ կարևորվել ու պահպանվել է մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքը:
«2013-2016 թվականներին մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Խարբերդում, Նուբարաշենում, Սիլիկյան և Նորագավիթ թաղամասերում: Մասնավորապես, Խարբերդ թաղամասը, որը ստեղծվել է 1960-ական թվականներին, այժմ դարձել է կենսագործունեության իսկական բնակավայր: Մոտ 8000 փաստացի բնակիչների համար առաջին անգամ բարձրացվեց ու լուծվեց շուրջ 3.2 կմ երկարությամբ գազատարի անցկացման խնդիրը: Շուրջ 70 մլն դրամ ծավալի աշխատանք է կատարվել Խարբերդում նաև ջրամատակարարման, ոռոգման, ասֆալտապատման, էլեկտրամատակարարման ուղղությամբ: Սրանք աննախադեպ ծավալներ էին, որոնք հետագայում կշարունակվեն՝ լուծելով թաղամասի համար կարևոր այլ խնդիրներ ևս: Սա լավագույն օրինակներից մեկն է, թե ինչպես է ծայրամասային թաղամասը քայլ առ քայլ փոխվում և ներգրավվում քաղաքային բնականոն կյանքին», – ընդգծել է քաղաքապետի առաջին տեղակալը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն