Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունալ ոլորտի հիմնական ծրագրերը շարունակական կլինեն նաև 2017 թվականին

Հունվար 18,2017 18:30

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է նաև կոմունալ տնտեսության ոլորտի 2016 թվականին իրականացված ու 2017-ին նախատեսված ծրագրերը:

Առանձնացնելով բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման խնդրին՝ որպես ծրագրային առաջնահերթություն, Կամո Արեյանը նշել է, որ այս ուղղությամբ 2016-ին իրականացվել են տանիքների, մուտքերի, վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես՝ 3050 շենքերում կատարվել է շենքերի մուտքերի, ինչպես նաև հարթ ու թեք տանիքների նորոգում, ինչը 773 շենքով ավելի է 2015 թվականի ծրագրով նախատեսված ծավալների համեմատ: Ընդ որում, 12 շենքում իրականացվել է 11094 քմ թեք տանիքի ամբողջական նորոգում:  Նախորդ տարի վերանորոգվել է նաև 541 բազմաբնակարան շենքի 924 մուտք: Իսկ 2013-2016 թվականներին՝ շուրջ 4000-ը:

«Վերջին 3 տարիներին պահպանման աշխատանքներ են իրականացվել ընդհանուր առմամբ շուրջ 7 հազար շենքում, սակայն այս ցուցանիշը դեռևս բավարար չէ: Երևանի քաղաքապետի կողմից խնդիր է դրվել առաջիկա տարիներին ավարտին հասցնել բոլոր շենքերի մուտքերի և տանիքների նորոգման խնդիրը: Այս առումով ծրագրերը 2017 թվականին լինելու են շարունակական» , – նշել է Կամո Արեյանը:

Անդրադառնալով վթարային պատշգամբներին՝ նշվել է, որ 2016թ. նորոգվել և ամրացվել է 57 շենքի 138 վթարային պատշգամբ: Քաղաքապետի առաջին տեղակալը մանրամասնել է, որ, չնայած շքապատշգամբները համարվում են բնակչի սեփականություն, այդուամենայնիվ, հաշվի առնելով բնակիչների անվտանգության ապահովումն ու սոցիալական խնդիրը՝ Երևանի քաղաքապետարանն աշխատանքներն ընդգրկել է համայնքային բյուջեում:  2013 թվականից մինչ օրս նորոգվել է 728 շքապատշգամբ: Միևնույն ժամանակ նշվել է, որ հաշվառված է վթարայնություն ունեցող դեռևս 500 պատշգամբ: Դրանց մի մասը ևս այս տարի կնորոգվի:

Կշարունակվեն նաև վերելակային տնտեսության ընթացիկ նորոգման աշխատանքները: Մայրաքաղաքում հարմարավետ միջավայր ապահովելուն ուղղված ծրագրերի շարքում կարևորելով արտաքին լուսավորության ապահովումը՝ նշվել է, որ 2016 թվականին քաղաքապետարանի ծրագրերով «Երքաղլույս» ընկերության կողմից ևս 149 փողոցներ, նրբանցքներ, այգիներ, անցումներ ու բակային տարածքներ են լուսավորվել: 40 կմ արտաքին լուսավորության նոր ցանցի ծավալները կրկնակի գերազանցել են նախորդող 2015 թվականի ցուցանիշը:  Մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով ծրագրում ներառվել են ծայրամասային թաղամասերը՝ այդ թվում Նուբարաշենի խճուղին, Հաղթանակ, Սիլիկյան և մի շարք այլ թաղամասեր:

Ներկայացնելով այս ուղղությամբ առաջիկա անելիքները՝ Կամո Արեյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի 28 փողոց կունենա լուսավորության արդիականացված նոր ցանց, մալուխային համակարգն էլ ամբողջությամբ կանցկացվի ստորգետնյա եղանակով:

«Այս ծրագրի մասով մեկնարկային աշխատանքներն արդեն տրված են, և առաջիկայում մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող 28 փողոց նորովի կներկայանա մեր բնակիչներին: Զուգահեռ ևս մեկ կարևոր ծրագիր իրականացվեց: Նորակառույց փողոցներից բացի, երևանյան մի շարք փողոցների ու պողոտաների լուսատուները ևս փոխարինվեցին լեդ տեսակի լուսատուներով, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի տնտեսումը կազմում է ավելի քան 60 տոկոս, ինչն էլ ապահովում է ծրագրի շարունակականությունը», – նշել է Կամո Արեյանը:

Ամոփոփելով արտաքին լուսավորության ցանցում կատարված աշխատանքները՝ նշվել է, որ 2013-2016 թվականներին ընդհանուր առմամբ 898 օբյեկտ ապահովվել է լուսավորության նոր ցանցով:

Անդրադառնալով ջրամատակարարման ու ջրահեռացման ուղղությամբ իրականացված ծրագրերին՝ քաղաքապետի առաջին տեղակալը մանրամասնել է, որ Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով կառուցվել է 94 կմ նոր ջրագիծ և 6344 անհատական ջրաչափական հանգույցներ՝ մասնավոր տնատիրությունների հատվածում, արդիականացվել է 23 փողոցների 5.2 կմ կոյուղագիծ:

«Ներքաղաքային բաշխիչ ցանցի և օրվա կարգավորիչ ջրամբարների վրա տեղադրվել են հեռակառավարման ժամանակակից համակարգեր, որոնք անհամեմատ հեշտացրել են վթարների հայտնաբերումն ու կարգավորումը: Ավարտին է հասցվել մայրաքաղաքի համար կարևոր ևս մեկ ծրագիր՝ Աէրացիայի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանի կառուցման աշխատանքները: Ջրամատակարարման բարելավման և 24-ժամյա ջրամատակարարման ապահովման նպատակով կառուցվել է նաև 30 պոմպակայան: Ի դեպ, եթե 2013-ին մայրաքաղաքի 67 տոկոսն էր ապահովված շուրջօրյա ջրամատակարարումով, ապա նախորդ տարի այդ ցուցանիշը հասցվեց 83-ի: Մեկնարկել են նաև 152 կմ ջրամատակարարման ցանցի կառուցումը և 13 հազար անհատական ջրաչափական հանգույցների և դիտահորերի կառուցման աշխատանքները: Բացի այդ, 2016 թվականի ընթացքում մայրաքաղաքի վարչական տարբեր շրջաններում կառուցվեց նաև 22 կմ նոր ջրագիծ և 1.6 կմ կոյուղագիծ»,- հատկանշել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրով որպես առաջնահերթություն նախանշված մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման խնդրի լուծման համատեքստում նշվել է, որ միջազգային օպերատորը՝ «Սանիթեք» ընկերությունը, 2016 թվականին լիարժեք ստանձնեց բոլոր վարչական շրջաններում համապատասխան ծառայությունների մատուցման իրականացումը:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031