Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկարծեք, թե Երեւանի բոլոր հիվանդանոցներում արյան մեծ խմբաքանակ կա». Կապանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն

Հունվար 18,2017 16:22

Հունվարի 17-ին մարզպետի հրամանով աշխատանքից ազատված Կապան բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Սմբատ Օրբելյանը վստահեցնում է՝ իրեն աշխատանքից ազատելու հիմքեր չկան:

Նա չի ընդունում, որ բժշկական կենտրոնում խախտումներ են եղել, որոնք, ըստ մարզպետարանի տարածած հաղորդագրության, բացահայտվել են ՀՀ Սյունիքի մարզպետի 2017 թվականի հունվարի 13-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից:

Մեր հարցին, թե բժշկական կենտրոնում վերջին ընթացքում իրար հաջորդող ծննդկանների մահացության դեպքերը պատճառ չէի՞ն, որ կադրային փոփոխություն արվեր, նախկին տնօրենը պատասխանեց. «Նույն մարզպետի հրամանով 2016 թվականի դեկտեմբերի 19-ից մինչեւ 2017 թվականի հունվարի 8-ը արձակուրդում եմ եղել: Ես աշխատանքի պետք է գայի հունվարի 9-ին, այսինքն` մայրական մահացության երկու դեպքերը եղել են այն ժամանակ, երբ ես արձակուրդում եմ եղել»:

Նախկին տնօրենը զարմացած է, որ իրեն ազատելու հստակ պատճառ այդպես էլ չեն ասել, ինքը փորձել է մարզպետի հետ հանդիպել, հարցը քննարկել, բայց մարզպետը խուսափել է հանդիպումից. «Ինձ հստակ պատճառ չեն ասել, չգիտեմ՝ ինչու են ազատել: Ազատման հիմքը, որը նշված է՝ որպես աշխատանքային պայմանագրի ինչ-որ կետ, ոչինչ չասող կետ է: Դա մի կետ է, որ ցանկացած մարդ կարող է այդ կետով ազատել իր աշխատողին»:

Մեր դիտարկմանը, թե մամուլն էլ Կապանի բժշկական կենտրոնի թերացումների մասին գրեց, օրինակ` վերջերս մահացած ծննդկան Մարինե Իվանյանի հայրը պատմում էր, որ դուստրը մահացել է արյունահոսությունից, իսկ բժշկական կենտրոնում արյուն չկար, Երեւանից էին բերում:

Պարոն Օրբելյանը շարունակեց. «Մենք Երեւանից չէինք պահանջել այդ արյունը: Այսօր բոլոր տեղերում, չկարծեք՝ Երեւանի բոլոր հիվանդանոցներում արյան մեծ խմբաքանակ կա: Երեւանը մոտիկ է, թվում է, թե բոլոր խնդիրները լուծված են: Երբ որ դրանից մի քանի օր հետո մեր հիվանդներից մեկին անհրաժեշտ էր նույն խմբի արյուն, Հայաստանում չկար այդ արյունն այդ ժամանակ, զոռով 3-րդ կարգի դրական արյուն գտանք: Ես ուղղակի այդ մարդու անունը չեմ կարող տալ, բայց ամենայն պատասխանատվությամբ եմ ասում»:

Պարոն Օրբելյանը նկատեց, որ ծննդկանների մահացության դեպքերը հանրապետության տարբեր շրջաններում լինում են, բայց զարմանալին այն է, որ. «Հայաստանում առաջին դեպքն է, որ քննչական գործողությունները չավարտած, դեռ եզրակացություններ չստացած, որեւէ բժշկի պատասխանատվության չենթարկած, որոշվում է տնօրենի փոփոխության հարցը: Այս բոլոր խնդիրները պատճառ չէին, ընդամենը առիթ էին: Պատճառը, թե որն է, ես չգիտեմ: Մարզպետի հետ ծանոթ չենք եղել մինչեւ իր նշանակումը, նշանակումից հետո հանդիպել ենք մեկ, երկու անգամ, որից հետո նա խուսափել է ինձ հետ հանդիպել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031