Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտոնյաներն այլեւս չեն կարող զոքանչի, եղբոր ու ընկերոջ անունով ընկերություն հիմնել եւ պետական գնումներին մասնակցել (Տեսանյութ)

Հունվար 18,2017 16:10

Պետական գնումների համակարգը, որը, մասնագետների գնահատմամբ տարիներ ի վեր ամենակոռումպացվածն է եւ բյուջեից ավելի միլիոններ է կորզում, փոփոխությունների է ենթարկվել: Պետական գնումների մասին նոր օրենքն ու այս տարվա հունվարի 1-ից ներդրված էլեկտրոնային համակարգը պետական գնումները դարձնելու են հնարավորինս թափանցիկ ու պետական մարմինների համար առավել արդյունավետ գնումներ են ապահովելու:

Այսօր ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը ներկայացրեց նոր համակարգի առավելությունները` նշելով, որ նախկինում ոչ միայն այսչափ թափանցիկություն ապահովված չէր, այլեւ բողոք լինելու դեպքում էր միայն, որ այս կամ այն գործը քննվում էր:
Ըստ պարոն Թամազյանի, նոր համակարգով հասարակությունը կարող է ողջ գործընթացը վերահսկել` անգամ տեղեկանալ, թե ո’ր մասնակիցը ո’ւմ հետ է փոխկապակցված: Այսինքն` եթե նախկինում, որպես կանոն, պետական գնումներին մասնակցում էին տվյալ գերատեսչության կամ առհասարակ պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք եւ հենց նրանք էլ մրցույթները շահում էին ու դառնում մատակարար, ապա, այսօր, նոր օրենքով, եթե այս կամ այն պաշտոնյայի հետ փոխկապակցված անձը մասնակցի պետական գնումների մրցույթներին, այդ ամենը բացահայտվելու է: Համենայն դեպս Կարեն Թամազյանն այսպես վստահեցրեց` պատասխանելով Aravot.am-ի հարցին:

Իսկ թե ոնց են իմանալու, որ պետական գնումների մրցույթի այս կամ այն մասնակիցը տվյալ ոլորտում իր հետ փոխկապակցված անձ ունի, պարոն Թամազյանն ասաց, որ նոր օրենքով հայտատուն պարտավոր է իր հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկություններ հրապարակել:

Եթե մրցույթի մասնակիցը ճիշտ տեղեկություններ չներկայացնի, կամ փորձի մեքենայությունների ճանապարհով մասնակցել մրցույթին եւ հետո այդ մասին պարզ դառնա, ապա կընկնի սեւ ցուցակ եւ երկու տարի այլեւս չի կարող մասնակցել պետական գնումների մրցույթներին:

Aravot.am-ի այն հարցին, թե նախկինում պետական մարմիններից տեղեկատվության արտահոսք էր լինում եւ ներսի աշխատակիցներն իրենց ծանոթ հայտատուներին ինֆորմացիա էին տալիս, թե որ մասնակիցն ինչ գին է ներկայացրել` «նպաստելով», որպեսզի իրենց ծանոթն այնպիսի գին դնի, որ մրցույթը շահի, պարոն Թամազյանն ասաց, որ որեւէ մեկը, անգամ պետական կառույցի աշխատակիցը չի տեսնելու, թե որ հայտատուն ինչ գին է նշել եւ միայն մրցույթի օրը հանձնաժողովը տեղեկանալու է այդ մասին եւ գնային առաջարկից էլ կախված` մրցույթի հաղթողը պարզ է դառնալու:
«Այսինքն` մարդկային գործոն չի լինելու: Փակ համակարգով մասնակիցը ներկայացնում է իր առաջարկը, այդ ներկայացրած ֆայլերը փակվում են, կոդավորվում են եւ համակարգում պահվում են: Հնարավոր է բացել միայն ամփոփելուց, երբ բոլորն արդեն վաղուց իրենց առաջարկները ներկայացրել են»:

Կարեն Թամազյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Քաղաքացիները պետական գնումների մրցույթներին կարող են հետեւել ֆինանսների նախարարության էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով: Հայտերը բացվելուց հետո, դրանք ավտոմատ կերպով հասանելի են դառնում հասարակությանը եւ մրցույթի բոլոր մասնակիցներին:

Ֆիննախի պետական ներքին ֆինանսական հսկողության եւ պետական գնումների մեթոդաբանության վարչության բաժնի պետ Վահե Մահտեսյանը նախարարության կայք էջում ներկայացրեց գնումների նոր համակարգը եւ թե ինչպես ծանոթանալ մրցույթների արդյունքներին:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031