Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական միֆը՝ իբր մեր անօդաչու թռչող սարքերը բարձր ձայն են արձակում

Հունվար 18,2017 16:07

«Ապրիլյան պատերազմի օրերին 10 հազարից ավելի մարդիկ, որոնք զինծառայողներ չէին, հայտնվեցին դիրքերում»,- մեզ հետ զրույցում ասաց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Համեմատելով հակառակորդի հետ, նա ասաց, որ Ադրբեջանում գուցե 100 հոգի ուղղակի գնում էր ինչ-որ հյուրախաղերի, զինվորների հետ նկարվում էին, սելֆիներ էին անում, ձեռով էին անում եւ այլն:

Դիտարկմանը, որ մեզ մոտ էլ կային սելֆի անողներ բավականին շատ՝ նա պատասխանեց. «Մեզ մոտ ֆեյսբուքում, այո, սելֆի անողներ կային, բայց մոտ 10 հազար մարդ եղել է դիրքերում, գուցե նույնիսկ ավելի: Միայն Արցախից 7000 մոբիլիզացված ուժեր կային՝ պահեստազորայիններ»:

Վիգեն Սարգսյանը ՊՆ նախարար նշանակվելուց հետո ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց, որ կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունները պետք է ընդլայնեն: Նա ասաց, որ կանանց համար ոչ միայն զինծառայության համապատասխան պայմաններ պետք է ստեղծեն, այլ նաեւ ծառայողական առաջխաղացման հավասար իրավունքներ եւ երաշխիքներ ապահովեն:

Կարեն Վրթանեսյանի խոսքերով՝ եթե պատերազմ չէ եւ հարկ չկա, որ ամբողջ ազգը մոբիլիզացվի, երկրի համար ավելի շահավետ է, եթե կանայք այսպես ասած թիկունքը պահեն՝ ամուսնանան, երեխաներ ունենան: Մեր դիտարկմանը, որ ասում են՝ հայ կին դիպուկահարները շատ հաջող են՝ նա պատասխանեց. «Մենք ունենք կին, որը ապրիլյան պատերազմի օրերին «Արիության մեդալ» ստացավ՝ հակառակորդի գնդացրորդ ոչնչացնելու համար: Ներուժ կա, բայց դա պետք չի սարքել կանոն: Իսրայելի բանակում էլ այնպես չի, որ առաջին գծում կանայք են, սպասարկում են իրենք»:

Բանակի հետ կապված բազմաթիվ առասպելներ կան: Վերջերս շրջանառվում է այն միֆը, թե մեր թռչող սարքերը բարձր ձայն են արձակում, իսկ Ադրբեջանի թռչող սարքերը, չնայած միայն թույլ լույս են արձակում, բայց մերոնք այնքան բարձր պատրաստվածություն ունեն, որ կարողանում են որսալ եւ ոչնչացնել դրանք: Մենք հետաքրքրվեցինք պարոն Վրթանեսյանից՝ տարբերություն կա՞ մեր եւ հակառակորդի անօդաչու թռչող սարքերի մեջ: Նա պատասխանեց. «Տարբերություն կա, որովհետեւ իրենցը իսրայելական մոդելներ են: Մեզ մոտ անօդաչու թռչող սարքերը հիմնականում տեղական են, բայց մեզ մոտ նաեւ շատ ակտիվ օգտագործվում է այլ երկրների ավելի փոքր սարքեր»:

Ըստ Կարեն Վրթանեսյանի, ամեն դեպքում անօդաչու թռչող սարքերը թե՛ մեզ մոտ, թե՛ Ադրբեջանում նույն սկզբունքով են աշխատում. «Այստեղ էլ է պտուտակով, այնտեղ էլ, պտուտակի ձայնը, միեւնույն է, գալու է»:

Ինչ վերաբերում է մեր սարքերի բարձր ձայնին, դա, ըստ Կարեն Վրթանեսյանի, ծիծաղելի է. «Պարզ է, որ մերը մեզ մոտ է թռչում, ձայնը բարձր է լսվում, իսկ իրենցը տեսնում ենք արդեն բարձրության վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031