Լրահոս
Օրվա լրահոսը

Մարինա Կպրյան. «Հայաստանն աշխարհում քիչ է գովազդվում» (Տեսանյութ)

Հունվար 18,2017 15:11

Այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց «Արմենիա թրավել» զբոսաշրջային ընկերության ղեկավար Մարինա Կպրյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանը կարող է ավելի շատ զբոսաշրջիկներ ունենալ, քան Վրաստանը, եթե մեր երկիրը լավ գովազդվի. «Մասնավոր ընկերությունները միշտ արել են, եւ կանեն, բայց մասնավորի հնարավորությունները սահմանափակ են, չեն կարող Հայաստանը գովազդել աշխարհում: Իսկ Վրաստանն ավելի շատ է գովազդվում, քան Հայաստանը: Սա ներդրումների պակասի արդյունք է»:

Հարցին՝ լեռնադահուկային զբոսաշրջությունը կարո՞ղ է մրցակցել Վրաստանի հետ, հաշվի առնելով գինն ու որակը, տիկին Կպրյանը պատասխանեց՝ «Դահուկային տուրիզմի առումով գները գրեթե նույն են, ուղղակի, էլի եմ կրկնում, ավելի լավ գովազդված է, բայց ոչ ավելի լավ որակ ունի, ոչ ավելի լավ ծառայություններ ու հնարավորություններ»:

Տիկին Կպրյանի ներկայացմամբ՝ «Ռուսաստանը, որը ոչ շատ լավ բարեկամական հարաբերություններ ունի Վրաստանի հետ, այս երկրից, անցյալ տարի ավելի շատ են զբոսաշրջիկներ գնացել Վրաստան: Դա ճիշտ մարկետինգային քաղաքականություն է»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք Հայաստանում հյուրանոցների գներն ավելի թանկ չեն, քան Վրաստանում, ինչի պատճառով էլ ռուսները գերադասում են դահուկային սեզոնին Վրաստան գնալ, տիկին Կպրյանը պատասխանեց. «Իհարկե, դա կա: Ձմեռը մեզ մոտ ավելի սահմանափակ է հյուրանոցների քանակը, խոսքը Երեւանից դուրս հյուրանոցների մասին է: Այդ ամիսներին մեր ներգնա շուկայի համար սահմանափակ են հյուրանոցները: Այդ քաղաքականությունը շուկան է թելադրում: Ոչ ոք չի կարող գին հրամայի շուկային: Եթե այսօր Ծաղկաձորի եւ Դիլիջանի հյուրանոցներում ազատ տեղ չկա, իրենք գները չեն իջեցնի: Կարծում եմ՝ պետությունն անելիք ունի, պետությունը կարող է հորդորել ներդրողներին՝ այդ վայրերում նոր հյուրանոցներ բացվեն եւ եթե առաջարկը շատ լինի, գները կիջնեն»:

Մարինա Կպրյանի խոսքերով՝ Հայաստանում զբոսաշրջիկների համար գրավիչ ոլորտներ շատ կան, սկսած պատմամշակութայինից մինչեւ խոհանոցային եւ գինեգործական ոլորտը:

«Քիչ ենք խոսում, որ Հայաստանն աշխարհում ճանաչվել է գինու ստեղծման առաջին երկիր, գտել են առաջին գինեգործության սարքերը: Սրանք քիչ են գովազդվում, մինչդեռ կարող է հեռանկարային լինի»,-ասաց տիկին Կպրյանը: Նա վստահեցրեց, որ Հայաստանում արդեն շատ կան բարձր որակի գինու արտադրությամբ զբաղվող ընկերություններ, որոնք նաեւ էքսկուրսիաներ են կազմակերպում իրենց գործարաններ, այս ոլորտը հեռանկարային է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031