Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի վերադարձը լավ հաշվարկած քայլ է համարում:
«Անկախ նրանից, թե դա Սերժ Սարգսյանի ծրագիրն է, թե ոչ, լավ հաշվարկած քայլ է, որը աննախանձելի վիճակում գցեց ընդդիմություն կոչված համախմբումներին: Խաղացողների կողմից բավականին ճիշտ արված քայլ էր»,- այս կարծիքին է ազատամարտիկը:
Նրա վերլուծությամբ, այս պահին ունենք կոռումպացված իշխանություն, ձախողված վարչապետ, որից ժողովուրդն այս պահին շոշափելի ոչինչ չզգաց ու չտեսավ, եւ ունենք գործարար, որը ոչ միայն փող ունի, ավելին՝ իր փողի վրա չի նստում եւ գործնական լուծումներ է առաջարկում. «Օրինակ ասում է՝ այ մարդ, լավ, եկեք հլը մի քիչ փող տամ, յոլա գնացեք: Ինքը, գործնական լուծումներ առաջարկելով, ավելի շահեկան վիճակում է հայտնվում: Արդյունքում կունենանք իշխանությանը հակակշիռ տնտեսական գործունեություն ծավալող մեկը՝ ի դեմս Ծառուկյանի, որը բավականին շահավետ վիճակում կհայտնվի: Արդյունքում՝ ընդդիմություն խաղացողները Սեյրան Օհանյաններն ու մյուսները հիմար վիճակում հայտնվեցին, որովհետեւ նրանց հետաքրքրում էր ոչ թե իրական համախմբումն ու երկրում որեւէ բան փոխելը, այլ կերակրատաշտից փայ ունենալը: Իսկ այդ փայն ունենալու համար մեկ ելք ունեն՝ գնան, խոնարհվեն Ծառուկյանի առջեւ ու նրա միավորմանը մաս կազմեն…մնացածը եթե ուզում են դառնալ պատգամավոր, պետք է գնան ու խոնարհվեն Ծառուկյանին»:
Անդրադառնալով Սամվել Բաբայան- Սեյրան Օհանյան Դաշինքին եւ հնարավոր համագործակցությանը նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ, պարոն Սարգսյանն ասաց. «Այդտեղ Դաշինք կա՞, չի կարող Դաշինք լինել: Ժամանակին ինչ ստեղծեց Բաբայանն իր գործունեությամբ՝ զոռբայության իշխանություն, այսօր ինքը զոռբայություն ստացավ, հիմնադիրներից մեկն է Արցախում՝ Քոչարյանի նման մեկի կողքին կանգնելով: Վարդան Օսկանյանը «Մարտի մեկի» պատասխանատուներից մեկն է, արտաքին քաղաքականության կուտ տանող մարդկանցից մեկը, Սեյրան Օհանյանն այսքան տարի թալանեց բանակն ու կեղեքեց ժողովրդին, նրանց բոլորին ժողովուրդը գիտի, որեւէ լուրջ բան ասել չի կարելի: Լուրջ ասել կարելի էր, եթե Ծառուկյանը հայտ չներկայացներ, երբ ներկայացրեց, նրանք, մեղմ ասած, պրծան, դատարկվեցին: Ում փող է հետաքրքրում, կգնան Ծառուկյանի մոտ, ում պաշտոն է հետաքրքրում վազ կտա դեպի ՀՀԿ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ