Aravot.am-ը Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանից (լուսանկարում) հետաքրքրվեց՝ ի՞նչ մեկնաբանություն կանի ԱԱԾ-ի այն հաղորդագրության առնչությամբ, ըստ որի՝ երեք բուհերի ռեկտորների մեղադրանք է առաջադրվել կեղծ հիմքերով ձեւակերպված պետական նմուշի դիպլոմներ տրամադրելու համար: Ընդ որում, երեք ռեկտորներից մեկը հենց Լարիսա Համբարձումյանն է:
Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտորը բոլորովին չզարմացավ մեր հարցից: «Այդ մարմինները միշտ էլ վերահսկել են, միշտ էլ եղել են ստուգումներ, բնականաբար, մեզ էլ են վերահսկել, բայց մեզ մոտ ոչ մեկը դիպլոմ չի ծախել: Յոթ հոգու գործ են քննարկում, բոլոր 7-ն էլ մտել են պետական քննության, մասնակցել են պետական քննություններին, այնպես որ, նման երեւույթ մեզ մոտ չկա»,-ասաց ռեկտորը:
Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են իր անունը տալիս եւ իրեն նույնպես մեղադրանք են առաջադրել, եթե իրենց բուհում նման դեպք չի գրանցվել. «Լավ են արել, որ տվել են մեր անունը: Ճիշտ են արել, որ մեզ ստուգել են, ճիշտ վերահսկողություն է գնում, թող բոլոր բուհերին էլ այդպես վերահսկեն: 7 հոգի ունենք, 7-ն էլ քննություն են տվել, ստացել են փաստաթուղթ: Բոլոր հանձնաժողովների նախագահներն էլ ողջ են, խնդիր չկա այդ առումով»:
Բնականաբար, հարցրինք՝ կասկածահարույց դիպլոմներ ստացածների մեջ կա՞ն այլ երկրների քաղաքացիներ: Ռեկտորը պատասխանեց, որ մեկ հոգի Մոլդովայից է եկել եւ սովորել իրենց բուհի կառավարման ֆակուլտետում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ կեղծ դիպլոմներ էին տրամադրվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև օտարերկրյա պետություններին քաղաքացիների:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ