«Ի՞նչ խաղաղության պլատֆորմի մասին կարող է խոսք լինել, երբ մարդիկ դաժանաբար սպանվում են, պարզապես հայ լինելու համար: Ապրիլյան պատերազմը…ԼՂՀ ՄԻՊ-ի զեկույցը նայեք, այդ ժամանակվա մեր աշխատանքը, հայտարարությունները…դաժանաբար սպանվում էին ապրիլին հենց նրա համար, որ այդ մարդիկ հայ են: Ավելին, այդ զինվորը, որը կատարում էր այդ դաժանությունը, կտրված գլուխը ներկայացնում էր իր հանրությանը, որպես հպարտության առարկա եւ ինքը դառնում էր գովասանքի առարկա: Կադրերն ունենք, որոնք ներկայացրել ենք նաեւ միջազգային կառույցներին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն`անդրադառնալով Բաքու մեկնած Վահան Մարտիրոսյանի եւ նրա ընկերների`խաղաղության հարթակի մասին հայտարարություններին վերաբերվող հարցին:
Այս պայմաններում, այդ թվում նաեւ Չինարիի վերջին դեպքերի, երբ ակնհայտ սպառնալիքներ կան երեխաների, քաղաքացիական բնակչության կյանքին սպառնացող վտանգներ կան, Արման Թաթոյանը անլուրջ է համարում ինչ-որ խաղաղության պլատֆորմի մասին խոսելը:
Արման Թաթոյանը նկատում է, որ սա միայն հայերի շրջանակում կամ Հայաստանում քննարկվող հարց չէ: Ինքն ուսումնասիրել է հայտնի փորձագետ Թոմաս Դե Վալի հարցազրույցը, որտեղ վերջինս նկատում է`Բաքու մեկնած այդ անձինք ՀՀ-ում որեւէ հասարակական կազմակերպության մեջ ընդգրկված էլ չեն:
Առհասարակ, պատերազմական օրերին մարդու իրավունքների խախտումների հետ կապված, Արման Թաթոյանը կարծում է, որ շատ մեծ դեր ունի ԼՂՀ ՄԻՊ-ը: Նա, իր կարծիքով, պետք է ներգրավված լինի բոլոր գործընթացներում, քան որ մարդու իրավունքները սահմաններ չպետք է ճանաչեն:
Կարդացեք նաև
Իսկ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալման ու Բաքու հնարավոր արտահանձնման մասին Արման Թաթոյանն ասաց. «Ես դա համարում եմ շատ մտահոգիչ: Սա լուրջ վտանգ է խոսքի ազատության ու առհասարակ մարդու իրավունքների տեսանկյունից»,- Արման Թաթոյանն ասաց, որ տեղի ունեցածը հակասում է Եվրադատարանի նախադեպային պրակտիկային:
Հիշեցնենք, որ երեկ Հանրային խորհուրդն էր նամակ ուղղել Բելառուսի նախագահին: Արման Թաթոյանն ասաց, որ իրենք եւս ուշադրության կենտրոնում են պահում այս հարցը եւ հնարավոր բոլոր տարբերակներով պաշտպանելու են խոսքի ազատությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ