Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփանակերտ մեկնելուց առաջ զորակոչիկներն այցելեցին Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, մոմեր վառեցին (Ֆոտոշարք)

Հունվար 18,2017 13:16

Հունվարի 16-ին Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքներից եկած զորակոչիկները Բերձորի Արցախյան գոյամարտում նահատակված հերոսներին նվիրված հուշահամալիրից մեկնեցին հանրապետական հավաքակայան: Հայրենիքի վաղվա պաշտպաններին բանակ ուղարկեցինք երգ ու պարով, բարձր տրամադրությամբ: Առավոտյան շրջանային զինկոմիսարիատի աշխատակիցներն ընդունում էին զորակոչիկներին, զրուցում նրանց հետ, լրացնում փաստաթղթերը:

Մայոր Ստեփան Օհանջանյանը 1995-ից աշխատում է շրջանային զինկոմիսարիատում, 2015թ. մայիսից զինկոմն է. տեղեկացրեց, որ 2017-ի ձմեռային առաջին զորակոչը կայանում է պատշաճ, ծանուցագիր ստացած բոլոր տղաները ներկայացել են: Գոհունակություն հայտնեց, որ համայնքների ղեկավարները մշտապես աջակցել են այս կարևոր հարցում: Հավելեց նաև, որ զորակոչից խուսափողներ չեն եղել, ընդհակառակը՝ նույնիսկ առողջական խնդիրներ ունեցողներն են ցանկանում օր առաջ դառնալ զինվոր:

Անցած ապրիլին տեղի ունեցած պատերազմական իրադարձությունների ժամանակ շրջանից հազարից ավելի կամավորականներ մեկնեցին առաջնագիծ, նրանց թվում էին նաև այսօրվա զորակոչիկների հայրերը, ավագ եղբայրները, հարազատները; Այս ամենն իր ազդեցությունն է թողել, որ արդեն 18-ը լրացած տղաները պատրաստ են դառնալ զինվորը հայրենիքի և պաշտպանել հող-հայրենին, իրենց ընտանիքը, մայրերի ու քույրերի պատիվը:

Նշեց՝ չնայած շրջանի տարածքի մեծությանը, որը դժվարություններ է առաջացնում զորակոչի հարցում, մեր բնակիչների պարտաճանաչության շնորհիվ բոլոր զորակոչիկները ժամանակին ներկայացել են:

Զինկոմի տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանը նշեց, որ այս տարի զորակոչիկները համազգեստ ստանալու են հավաքակայանում: Տեղեկացրեց՝ այսօրվա զորակոչիկների թվում կան 4 միակողմանի ծնողազուրկ տղաներ, ովքեր արտոնություն ունեն՝ ծառայելու բնակավայրից 50 կմ-ից ոչ հեռու տեղակայված զորամասերում: Լրացնելով «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկ»-ը՝ յուրաքանչյուր զորակոչիկ իմանում էր, որ դրանցում նշվելու է իրենց ծառայության պատմությունը և հետագայում պահպանվելու է զինկոմիսարիատում:

Զորակոչի բաժնի պետ, կապիտան Հովհաննես Բայաթյանը տեղեկացրեց, որ զորակոչիկներին ուղեկցողների համար հատուկ սենյակ է կահավորվել: Ատոմ Ենոքյանը Գանձա գյուղից է, ավարտել է տեղի դպրոցը և ընդունվել Շուշիում նոր բացված տեխնոլոգիական համալսարան: Կրում է Արցախյան գոյամարտում 1994թ. հունվարին նահատակված հորեղբոր անունը: Հայրը՝ Հարությունը և մյուս հորեղբայրը՝ Արմենը, նույնպես ազատամարտիկներ են: Ավագ եղբայրները՝ Հայկն ու Արսենը, ավարտել են ծառայությունը, և այժմ հերթն իրեն է: Ընկճված չէր, ընդհակառակը՝ գիտակցում է իր դերը և մեկնում է բանակ բարձր տրամադրությամբ:

Հայրը ցանկացավ, որ խաղաղություն տիրի աշխարհում, որպես պատերազմ տեսած մարդ գիտե՝ ինչ չարիք է պատերազմը: Մաղթեց՝ այսպես ուրախ 2 տարի անց տուն վերադառնան բոլոր տղաները:

Մոշաթաղից Սիրակ Գալստյանի երկվորյակ որդիները՝ Գագիկն ու Գևորգը, նույնպես արդեն զինվորացու են: 2016-ին են ավարտել գյուղի միջնակարգը և ընդունվել Շուշիի տեխնոլոգիական համալսարան: Նրանց ավագ եղբայր Արմենը շուտ է ավարտել ծառայությունը, ավարտել է նաև ԱրՊՀ քիմիա-կենսաբանության բաժինը և այժմ աշխատում է գյուղի միջն. դպրոցում: Տղաներն իրենց դասընկերոջ՝ Էդիկ Մեհրաբյանի հետ անցած տարվա գարնանը մշտապես օգնում էին գյուղից սահման մեկնած կամավորականների ընտանիքներին, աշխատում հարազատ դպրոցի շինարարությունում, և այժմ արդեն 3-ով զինվոր են ու խոստացան բարձր պահել Հայոց բանակի զինվորի պատիվը:

Բերձորից Վլադիմիր Սարգսյանի եղբայրն արդեն մեկ տարի է՝ ծառայում է բանակում: Վլադիմիրը ցանկանում է ծառայել նույն զորամասում; Շուշիի տեխնոլոգիական համալսարանից տարկետում է վերցրել:

Վաղազինից բազմազավակ ծնողներ Մարատ և Մարգարիտա Մազուլյանները բանակ էին ճամփում իրենց երկրորդ որդուն՝ Սերոբին: Ունեն 12 երեխա, որից 5-ը տղաներ են: Մայրը մաղթեց, որ խաղաղություն տիրի ողջ աշխարհում, որ իր որդին և նրա ընկերները, բոլոր զինվորները ծառայեն խաղաղ պայմաններում և տուն գան ողջ ու առողջ:

Շրջանի հարավային թևի Փակահան գյուղից 2 զորակոչիկներ են բանակ մեկնելու: Ալբերտ Վարդանյանը և Տիգրան Դավթյանը նույնպես անցած տարի են ավարտել միջնակարգը: Տիգրանն ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ: Տղաները պատրաստ են զինվոր դառնալու: Նրանց համայնքի ղեկավար Արայիկ Եղիազարյանի գլխավորությամբ 10-ից ավելի համագյուղացիներ են եկել ճանապարհելու:

Անցած ապրիլյան իրադարձությունների ժամանակ Փակահանից 15 կամավորական մասնակցեց երկրի սահմանների պաշտպանությանը: Այժմ նույն գյուղից 8 պայմանագրային և 2 ժամկետային զինծառայող կա:

Փաստաթղթերը վերջնական տեսքի բերելուց, բժշկական ևս մեկ զննում անցնելուց հետո զորակոչիկները շարվեցին զինկոմիսարիատի միջանցքում: Կապիտան Կ. Ալավերդյանը վերջնական հարցում ուղղեց տղաներին՝ արդյոք որևէ խնդիր ունեցող չկա, իրազեկեց՝ ինչ է բանակը, որ այսուհետ տղաներն են մեր երկրի պահապան-զինվորը:

Ինչպես ընդունված է՝ Ստեփանակերտ մեկնելուց առաջ զորակոչիկներն այցելեցին Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, մոմեր վառեցին: Այնուհետև հուշահամալիրում կայացավ տոնական արարողությունը. ներկաները ծաղիկներ խոնարհեցին մարտիրոսներին նվիրված խաչքարերի և հուշապատերի մոտ:

Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակից Ն. Մխիթարյանը հայտարարությամբ միջոցառման սկիզբը: Հնչեց մեր երկրի Օրհներգը:

Զորակոչիկներին բարի երթ մաղթեցին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, օգնական Ստեփան Սարգսյանը, Արցախի ազատամարտիկների միության շրջանային խորհրդի նախագահ Քերոբ Մովսեսյանը, նույն միության Բերձորի քաղաքային կառույցի ղեկավար Վիլեն Սիմոնյանը: Ելույթ ունեցողները կարևորեցին զինվորի դերը, մաղթեցին բարի ճանապարհ ու բարի վերադարձ:

Արդեն զինվոր տղաների համար երգով, պարով, ասմունքով ելույթ ունեցան Բերձորի «Բերձոր» ժողգործիքների համույթի երգիչ-երաժիշտները, արվեստի դպրոցի պարի խմբակի սաները: Զորակոչիկներից Սուրեն Վարդանյանը, Կարեն Իսրայելյանը՝ Բերձորից և Խաչիկ Գրիգորյանը՝ Տիգրանավանից լուսանկարվեցին հուշահամալիրում Հատուկ ջոկատի մարտիրոս քաջորդիների խաչքար-կոթողի մոտ և խոստացան լինել իսկական սահմանապահ:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031