Լրահոս
Օրվա լրահոսը

«Գևորգ Սաֆարյանը դասական խղճի բանտարկյալ է». Ավետիք Իշխանյան

Հունվար 18,2017 12:38

2 տարվա ազատազրկման դատապարտված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն իր պաշտպանյալի դատաքննությունը համարում է թատերական ներկայացում:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Հայրապետյանը վրդովվեց. «Դատաքննության ընթացքում բացահայտվեցին քննիչների բացահայտ ապօրինությունները: Դատարանը պատվեր կատարեց: Հինգ րոպեում կարելի էր փակել գործը՝ նայելով տեսանյութը, որտեղ երևում է, որ հնարավոր չէր, որ Գեղամ Խաչատրյանը Գևորգ Սաֆարյանի ոտքի հարվածից ընկած լիներ: Մինչդեռ տեսանյութում երևում է, որ Գևորգ Սաֆարյանին են հարվածում»:

Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ բողոք են ներկայացնելու Վերաքննիչ դատարան՝ ներպետական ատյանները սպառելու և այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելու համար:

«Իրավունքի և ազատության կենտրոն» հ/կ-ի ղեկավար Վարդան Հարությունյանը փաստեց, որ առաջին դեպքը չէ, որ ոստիկանության ցուցմունքով ՀՀ-ում մարդիկ են դատապարտվում. «Սա պատահական չէ: Ի դեպ, այդ ոստիկանները նույնն են, որոնք հանձնարարություն և այդ սև գործն են կատարում: Այդ հանձնարարությունները գալիս են Բաղրամյան փողոցից»:

Անդրադառնալով Գևորգ Սաֆարյանի մարդկային հատկանիշներին՝ պարոն Հարությունյանը նշեց. «Գևորգ Սաֆարյանը պայծառ երիտասարդ է, մարդ, որը մտահոգ է մեր երկրի ապագայով, և իշխանությունները նրա ու նրա նմանների նկատմամբ կայացնում են ոչ թե դատավճիռներ, այլ վենդետա: Պատժում են մարդուն, որը համակարծիք չէ իրենց հետ»:

Հարցին՝ Գևորգ Սաֆարյանի հետ կատարվածը ընտրությունների շեմին ուղերձ չէ՞ր մյուս այլախոհներին, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատասխանեց, որ իշխանությունները նույնիսկ դրանք մեկը մյուսի հետ չեն կապում. «Սա այն եզակի գործերից է, որտեղ առավել ցայտուն երևում է ամբողջ ցինիզմը մեր հասարակության նկատմամբ: Այս դատավճիռը դատավճիռ է ընդդեմ նաև խոսքի ազատության: Գևորգը ազնվագույն երիտասարդ է, որի վերջին 4-5 տարվա կենսագրությունը վկայում է, որ ինքը բացարձակ առնչություն չպետք է ունենար իրավապահ համակարգի հետ, բայց մշտապես իր կարծիքների համար հետապնդվել է: Հատուկ թիրախավորված իրականացվում է պատժիչ գործունեություն Գևորգ Սաֆարյանի և նրա նմանների նկատմամբ»:

Դառնալով դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ պարոն Սաքունցը նրան համարեց քաղաքական դատավարությունների համար մասնագիտացված դատավոր, որոնք հիմնականում ընտրվում են նման գործերի համար:

Վարդան Հարությունյանը վստահեցրեց, որ Մնացական Մարտիրոսյանի նմանները պատրաստ են դառնալ ապագայի անեծքի առարկա:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հորդորեց բոյկոտել այդ դատավորին, որ հարևանները, բարեկամները նրան անգամ չբարևեն: Այնուհետև հղում կատարելով «Ամնեսթի ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպության՝ խղճի բանտարկյալ և քաղաքական բանտարկյալ եզրույթներին՝ նա Գևորգ Սաֆարյանին համարեց դասական առումով խղճի բանտարկյալ. «Եթե Շանթ Հարությունյանն ու ընկերները սկզբում քաղաքական բանտարկյալներ էին, այնուհետև երբ նրանց պատժի չափն ավել եղավ, դարձան խղճի բանտարկյալներ, ապա Գևորգ Սաֆարյանը դասական առումով խղճի բանտարկյալ է: Մարդ, որ ոչինչ չի արել, երկու տարի ազատազրկվում է: Սա մեր երկրի հերթական խայտառակությունն է»:

Անդրադառնալով այս հարցում քաղաքական ուժերի լռությանը՝ պարոն Իշխանյանը նշեց. «Բացի Րաֆֆի Հովհաննիսյանից ոչ ոք չխոսեց: Եվ թող հետևաբար չխոսեն ժողովրդավարության մասին, քանի որ նրանց այս կեցվածքը նշանակում է, որ եթե նրանք էլ գան իշխանության, ապա մենք կրկին ունենալու ենք քաղբանտարկյալներ»: Ավետիք Իշխանյանը զուգահեռներ անցկացրեց Գևորգ Սաֆարյանի և Անդրիաս Ղուկասյանի միջև՝ փաստելով, որ երկուսի դեպքում էլ նրանց հետ կալանավորածներին և նույն մեղադրանքները առաջադրվածներին բաց են թողել, իսկ նրանց միտումնավոր պահում են. «Սա անհատական հաշվեհարդար է»:

«Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի անդամ Արտակ Զեյնալյանը Գևորգ Սաֆարյանին համարեց քաղաքական բանտարկյալ. «Գևորգի գործողությունները հասարակության դեմ ուղղված չէին և չունեին վտանգավորություն: Ու նրա արարքը վտանգավոր արարք համարվել չի կարող: Ընդհակառակը, ոստիկանների գործողություններում կա հանցակազմ, ու Գևորգ Սաֆարյանը պետք է վերցվեր պաշտպանության իրավապահ մարմինների կողմից: Նա խտրականության զոհ է, հետապնդվել ու հալածվել է իր հայացքների համար: Իսկ Հայաստանում այս պարագայում բացակայում է իրավական պաշտպանության միջոցը»:

Արտակ Զեյնալյանը Տիգրան Հայրապետյանին խորհուրդ տվեց հենց հիմա գանգատ ներկայացնել ՄԱԿ-ի կոմիտե և ՄԻԵԴ՝ հայտնելով, որ չկա իրավական պաշտպանության միջոց, և բացառվում է, որ հնարավոր լինի ներպետական ատյաններով վերականգնել Գևորգ Սաֆարյանի՝ խախտված իրավունքները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031