Երեւանի քաղաքապետարանը ինչպես նախորդ մի քանի տարիներին, այնպես էլ այս տարի նախատեսում է ձեռք բերել «Երեւան» թուջե ձուլվածքով նստարաններ եւ աղբամաններ։ Այս նպատակով Երեւանի քաղաքապետարանը քաղաքային բյուջեից հատկացրել է 128 մլն 750 հազար դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը նստարանների եւ աղբամանների գնման վերաբերյալ բաց ընթացակարգով կնքված պայմանագրի հայտարարություն է հրապարակել։
Ըստ այդմ, քաղաքապետարանը նախատեսում է ընթացիկ տարում գնել 500 հատ «Երեւան» թուջե ձուլվածքով նստարան եւ 600 հատ մեծ ձուլվածքով աղբաման։ Եվ ինչպես միշտ, քաղաքապետարանը աղբամաններն ու նստարանները գնում է «Նիկոլ Դուման» արտադրական կորպորատիվից։
Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ նստարանների եւ աղբամանների ձեռքբերման մրցույթին մասնակցել է ոչ միայն «Նիկոլ Դուման» ԱԿ-ն, այլեւ «Վահրամ Ապրեսյան» ԱՁ-ն։ Վերջինիս ներկայացրած հայտը, սակայն, մերժվել է։ Ըստ քաղաքապետարանի՝ «Վահրամ Ապրեսյան» ԱՁ-ի կողմից ներկայացված փաստաթղթերը, այդ թվում գնային առաջարկը եւ հայտի ապահովումը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատվել են լիազորված ստորագրող Ստեփան Ադյանի կողմից։ Սակայն բացակայել է «Վահրամ Ապրեսյան» ԱՁ-ի կողմից վերջինիս տրված լիազորագիրը հրավերով սահմանված փաստաթղթերը ստորագրելու իրավասության վերաբերյալ, ինչպես նաեւ տուժանքի մասին համաձայնագրում չի նշվել ամսաթիվը։
Կարդացեք նաև
Սակայն ամենաուշագրավն այն է, որ մրցույթին մասնակցած «Վահրամ Ապրեսյան» ԱՁ-ն նստարանների համար առաջարկել է 78 մլն 900 հազար դրամ, իսկ «Նիկոլ Դուման» ԱԿ-ն՝ 82 մլն 250 հազար դրամ։ Աղբամանների համար վերոնշյալ ԱՁ-ն առաջարկել է 44 մլն 220 հազար դրամ, իսկ «Նիկոլ Դուման» ԱԿ-ն՝ 46.5 մլն դրամ։ Բայց ԱՁ-ի ներկայացրած հայտը մերժվել է։ Արդյունքում մրցույթի հաղթող է ճանաչվել «Նիկոլ Դուման» ԱԿ-ն, որի հետ էլ քաղաքապետարանը պայմանագիր է կնքել։
«Ժողովուրդ»-ը բազմիցս գրել է, որ «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հիմնադիրներն են Կառլեն Գեւորգյանը, Վարդան Վարդանյանը եւ Արսեն Հայրապետյանը։ Կառլեն Գեւորգյանը ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարարն է, ԱԺ նախորդ ընտրություններում թիվ 12 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՅԴ անդամ։ Իսկ ընկերության հիմնադիրներից Վարդան Վարդանյանը քաղաքաշինության նախկին նախարարն է, ում պաշտոնավարման տարիներին էլ հենց աշխատել է Կառլեն Գեւորգյանը:
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում