Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային համալսարանի ռեկտորը՝ դիպլոմներ կեղծած ռեկտորների մասին. «Հայկական ժամանակ»

Հունվար 18,2017 11:47

Ոչ պետական երեք բուհերում կեղծ հիմքերով դիպլոմներ տրամադրելու դեպքերի մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայության՝ օրերս տարածած անանուն հայտարարությունը որոշակի դժգոհություն է առաջացրել մասնավոր բուհերի ղեկավարների շրջանում։

Նրանք համարում են, որ կեղծիք թույլ տված բուհերն անվանական չնշելով՝ ստվեր է ընկնում բոլորի հեղինակության վրա։ Ոչ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ, Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանն այդ մասին նաեւ հայտնել է շաբաթ օրը ԱԱԾ-ում հյուրընկալվելու ժամանակ։ Նրան պարզաբանել են, թե կարծում են, որ դիպլոմներ կեղծելու տհաճ երեւույթը բազմացման, շարունակվելու միտում ունի, ուստի իրենք հետապնդել են կանխարգելելու նպատակ։ «Եվ այնտեղ ինձ ցույց տվեցին, որ մի խումբ ուսանողներ, որոնք ուսումնական պրոցեսներին չեն մասնակցել, դիպլոմ են ստացել։ Եղել են ուսանողներ, որոնք ուսումը կիսատ են թողել երկրորդ կուրսից, երրորդ կուրսից, բայց էլի դիպլոմ են ստացել։ Եղել են օտարերկրյա քաղաքացիներ, որոնք երբեւէ Հայաստանի Հանրապետությունում չեն եղել, ձեւակերպված են եղել ուսանողներ եւ դիպլոմներ են ստացել։ Ոչ պետական բուհերի ռեկտորների խորհրդում ընդգրկված են 12 բուհեր, բարեբախտաբար, մեր բուհերից ոչ մեկից գոնե մի փաստ նրանք չունեին։ Ինձ հրավիրելը նույնպես այս երեւույթի կանխարգելման միջոց էր հանդիսանում։ Ես բոլոր ոչ պետական բուհերի ռեկտորներին այս տեղեկատվությունն ուղարկելու եմ, իրենք թող ծանոթանան, որ զգույշ լինեն, նման դեպք, նման փաստ ոչ մի բուհում չկրկնվի»,- ասաց Բորիս Մակիչյանը։

Այդուհանդերձ, նա ընդգծեց, որ անկախ ոչ պետական բուհերի ռեկտորների անձից, այդ բուհերում կաշառակերության երևույթը գրեթե չկա։ ԱԱԾ ուշադրության կենտրոնում հայտնված երեք բուհերում նույնպես, Մակիչյանի համոզմամբ, կոռուպցիան մեծ տարածում չունի։

Հիշեցնենք, որ տեղեկացրել էինք, որ թեպետ Ազգային անվտանգության ծառայությունը չի նշում կոռուպցիային առնչվող բուհերի անունները, մեզ հաջողվել է պարզել, որ խոսքը վերաբերում է Երեւանում գործող Սուրբ Թերեզայի անվան բժշկական եւ Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարաններին, ինչպես նաեւ Գյումրու «Պրոգրես» համալսարանին։ Այսինքն՝ մեղադրանք է առաջադրվել այս բուհերի ռեկտորների նկատմամբ։

Ոչ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահը եւս անուններ չհրապարակելով, նկատեց, որ խնդրո առարկա բուհերում կազմակերպվում է արտասահմանյան ուսանողների կրթություն։ Նա կարծիք հայտնեց, որ առկա իրավիճակը ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործունեության հետեւանք է, որը ոչ պետական բուհերի ընդունելությունը նույնպես դարձրեց միասնական քննակարգով, ինչը, Բորիս Մակիչյանի խոսքով, ապօրինի էր ու հանգեցրել է դիմորդների թվի էական կրճատման:

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածում գրած է, որ ընդունելությունը բուհի իրավասությունն է, բայց դարձրին միասնական։ Այդ միասնական ընդունելությունն էլ անարդար են կազմակերպում»։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031