Եվրախորհրդարանի նոր նախագահ է ընտրվել Անտոնիո Տայանին, որը ներկայացնում է Եվրոպական ժողովրդական կուսակցություն խմբակցությունը, հաղորդում է Reuters-ը: Նա ընտրվել է քվեարկության 4-րդ փուլում, որը տեղի է ունեցել հունվարի 17-ին Ստրասբուրգում:
Հիշեցնենք, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը ավելի վաղ հայտարարել էր, որ լիազորությունների ժամկետի ավարտից հետո երրորդ անգամ չի առաջադրվի, քանի որ պատրաստվում է մասնակցել Գերմանիայի ներքաղաքական կյանքին:
63-ամյա Տայանիի օգտին քվեարկել է 351 պատգամավոր, նրա հիմնական մրցակից, սոցիալիստ Ջաննի Պիտելլան ստացել է 282 ձայն: 80 խորհրդարանական ձեռնպահ է մնացել: Նշվում է, որ քվեարկությունը տեղի է ունեցել գաղտնի:
Տայանին հանդես է գալիս Եվրոպական միության արդյունավետության բարձրացման դիրքերից: «Եվրոպական հանձնաժողովը չափազանց շատ օրենքներ է սահմանում մանր հարցերի վերաբերյալ և միաժամանակ ակնհայտորեն բացթողումներ ունի խոշոր հարցերում: Ներկայումս ԵՄ-ի առաջ հսկայական մարտահրավերներ են դրված արտաքին քաղաքականության, ահաբեկչության դեմ պայքարի, միգրացիոն ճգնաժամի և տնտեսական ճգնաժամի ոլորտներում: Անհրաժեշտ է խիզախություն հավաքել և իրական եվրոպական քաղաքականություն վարել»,- ասել է Տայանին:
Կարդացեք նաև
Անտոնիո Տայանին եղել է «Առա՛ջ, Իտալիա՛» կուսակցության հիմնադիրներից մեկը, նա նաև եղել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի պաշտոնական ներկայացուցիչը: Տայանին երկու անգամ զբաղեցրել է եվրահանձնակատարի պաշտոն. 2008-2010թթ. նա Եվրահանձնաժողովում զբաղվել է տրանսպորտի հարցերով, իսկ 2010-2014թթ.՝ արդյունաբերության և ձեռնարկատիրության:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ