Լրահոս
Օրվա լրահոսը

Զորացրվածների զինգրքույկներում ապրիլյան պատերազմը չի նշվում. «Հրապարակ»

Հունվար 18,2017 10:29

Խոստացված արտոնությունն ուսման վարձի համար 50 տոկոս զեղչ սահմանելն էր, ինչն այնքան էլ մեծ լավություն չէ։ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ արդեն իսկ սահմանված է զեղչ։ Ըստ այդ օրենքի, զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայություն անցած ուսանողները՝ կախված առաջադիմությունից, կարող են օգտվել ուսման վարձավճարի առնվազն 30 տոկոս զեղչից։ Փաստորեն, ապրիլյան պատերազմի մասնակիցներին լրացուցիչ 20 տոկոս զեղչ էր տալիս կրթության նախարարությունը, որը կտարածվի բոլորի եւ ոչ միայն լավ սովորողների վրա։

Բայց այս արտոնությունից մեր տղաները չեն կարողանալու օգտվել։ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը, ըստ մեր տեղեկությունների, ներքին հրաման է արձակել՝ զորացրվողների փաստաթղթերում ապրիլյան պատերազմի վերաբերյալ գրառում չանել, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ նշում չդնել, ոչ մի փաստաթուղթ չտրամադրել։ Վերջին երկու օրում երեք այդպիսի ահազանգ ստացանք զինծառայողների ծնողներից։ Նրանցից մեկի որդին ծառայել է Մատաղիսի զորամասերից մեկում։

Ծնողը տրամադրեց որդու զինգրքույկը։ Լուսանկարում պարզ երեւում է՝ այն տողում, որտեղ նշվում է, թե ինչ մարտական գործողությունների է մասնակցել զինծառայողը, գրառում եղել է, բայց հետո սպիտակ մարկերով ջնջվել է։

Այժմ զորացրված երիտասարդը ոչ մեկին չի կարող ապացուցել, որ ինքն ապրիլյան պատերազմի օրերին՝ 2016 թվականի ապրիլի 2-6-ը եղել է Մատաղիսում եւ պաշտպանել ԼՂՀ հյուսիս-արեւմտյան սահմանը։ Տղայի հարազատները պատմում են, որ նա շատ ոգեւորված էր մինչեւ զորացրվելը, բայց, տեսնելով անարդարությունը, կոտրվեց։ «Էլ ո՞ւմ հավատան երեխեքը, եթե այսքան վիրավորական ձեւով խաբում են նրանց»,- հարցնում են հարազատները։

Փորձեցինք բացատրություն ստանալ ԼՂՀ պաշտպանության բանակից։ «Ինչո՞ւ ապրիլյան պատերազմի օրերին ծառայություն անցած զինծառայողների գրքույկներում չի նշվում այդ փաստը»,- հարցրինք ԼՂՀ

ՊԲ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանին։

– Եթե ինչ-որ բողոք կա, կարող եք ուղղել ԼՂՀ պաշտպանության նախարարությանը։ Ես որոշում կայացնող չեմ, ես պարզապես խնդրին տեղյակ եմ։ Հրամանատարությունը տեղյակ է, որ մարդիկ բողոքում են։ Այդ հարցի շուրջ մարդիկ մտածում են։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031