Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրասիական երազներ Իրանի հետ հարաբերություններում

Հունվար 18,2017 12:00

Իրան-Հայաստան երկաթուղու թեման փակվե՞ց

2016թ. արտաքին քաղաքականության, թերեւս, թիվ մեկ իրադարձությունը կարելի է համարել դեկտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի սպասված այցը Հայաստան:

2015թ. ապրիլի 2-ին պատմական համաձայնություն կայացավ Իրանի եւ վեց երկրների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի ու Գերմանիայի միջեւ: Աշխարհի ամենաբարդ հիմնախնդիրներից մեկի կարգավորման ուղին գտնվեց։ Մի քանի օր տեւած երկարատեւ եւ լարված բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց իրանական միջուկային վիճահարույց խնդրի կարգավորման առանցքային դրույթների շուրջ։

Չեղյալ հայտարարվեցին Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները:
Արեւմուտքի պատժամիջոցների վերացումից հետո ակնհայտ է, որ Իրանը դիվերսիֆիկացնում է հարաբերություններն ի շահ երկրի զարգացման` դիտարկելով բոլոր կողմերից ստացվող հետաքրքիր նախագծերը: Ակնհայտ է նաեւ, որ Իրանը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ տարբեր ոլորտներում: Պաշտոնական Թեհրանը վերջին տարիներին ժամանակ առ ժամանակ կարեւոր ուղերձներ էր հղում պաշտոնական Երեւանին:

Երկու հարեւանների հետ խնդիրներ ունեցող Հայաստանը թվում է, թե Իրանի ու Վրաստանի հետ հարաբերություններն ավելի նպատակաուղղված պետք է խորացներ` հայտարարությունների եւ բարի ցանկությունների մակարդակից գործնական դաշտ տեղափոխվելով: Բայց… Առայժմ ունենք այն, ինչ ունենք:

ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը ժամանակ առ ժամանակ խոսում էր Իրան-Հայաստան գազամուղի, համապատասխան տրամաչափի խողովակաշարի, գազի տարանցման, երկաթգծի կառուցման համար անհրաժեշտ գումարներ ներդնելու անհրաժեշտության մասին:

Ի՞նչն է խոչընդոտում` ներդրումների բացակայությո՞ւնը, թե՞ երկու երկրների կառավարություններում բավարար կամքը. «Առավոտ»-ը դեռ 2015թ. հունվարի 27-ին այս հարցն էր ուղղել Երեւանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին` հիշատակելով Իրան-Հայաստան գազամուղի, երկաթուղու եւ ՀԷԿ-ի կառուցման ձգձգման պատճառները: Իրանի ԱԳ նախարարը մեր հարցին ի պատասխան՝ հայտարարել էր. «Քաղաքական կամք գոյություն ունի: Լուծումներ գտնելու համար քննարկումներ են ընթանում: Իրանական կողմը ՀԷԿ-ի իրականացնողն է, ներկայացրել է որոշակի տեխնիկական պարամետրեր, դրանց վերաբերյալ պատասխաններ ստանալուց անմիջապես հետո առաջընթացի հնարավորություններ կլինեն: Երկաթգծի հետ կապված եռակողմ լավ քննարկումներ են եղել, դրական որոշում է կայացված: Մենք հույս ունենք, որ արագ առաջ կընթանանք: Մնացած ոլորտներում՝ էներգետիկայի, գազի, էլեկտրաէներգիայի, Իրանում արդյունավետ բանակցություններ են ընթացել, համաձայնություններ են ձեռք բերվել, որոնք միգուցե արդյունք կտան… Մենք հույս ունենք, որ գոյություն ունեցող քաղաքական կամքի շնորհիվ մնացած խնդիրները կլուծվեն»:

Իրանական կողմը մշտապես պատրաստակամություն է հայտնել Իրան-Հայաստան գազամուղի կառուցման առնչությամբ, այն առումով, որ եթե ստեղծվի համապատասխան տրամաչափի խողովակաշար, որեւէ խնդիր չկա, ինչպես նաեւ՝ երկաթուղու եւ ՀԷԿ-ի կառուցման ուղղություններով: ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին երկու տարի առաջ մի առիթով` Իրան-Հայաստան գազամուղի թեմային անդրադառնալիս նշել էր. «Գազամուղը, այդ տրամաչափով հնարավոր չէ տարանցում իրականացնել: Եթե ստեղծվի համապատասխան տրամաչափի խողովակաշար, որեւէ խնդիր չկա Հայաստանի միջոցով գազ տարանցելու»: Դեսպանը հավելել էր, որ մեկ երկաթգծի կառուցման համար 3-4 միլիարդ դոլարի ներդրում է անհրաժեշտ:

Դեկտեմբերին ոգեւորված հայտարարություններ էին հնչում Հասան Ռոհանիի հայաստանյան այցի կապակցությամբ, սակայն ուշագրավ մի փաստ ներկայացնենք. Հայաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում «Երկկողմ հարաբերություններ» բաժնում Իրանի հետ հարաբերությունների էջը վերջին անգամ թարմացվել է 09.02.2015-ին, իսկ Հայաստան-Իրան առեւտրի ծավալների վերաբերյալ տվյալները` 2013-ին:

Ինչեւէ, Հայաստան կատարած՝ Իրանի նախագահի երկար սպասված այցի արդյունքում Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, վերահաստատեցին երկկողմ հարաբերությունները առավել ընդլայնելու վճռականությունը. «Նախագահներն ընդգծեցին այդ պայմանավորվածությունների իրագործման կարեւորությունը` երկու պետությունների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացման եւ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության եւ տնտեսության այլ ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացման առումով»:

Նկատենք, սակայն, որ Ռոհանիի` Հայաստան կատարած այցի ընթացքում Իրան-Հայաստան երկաթուղու թեման առհասարակ չշոշափվեց: Համատեղ հայտարարության մեջ ասվում էր. «Երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Իրանի միջեւ տրանսպորտային կարողությունների ընդլայնումն ու զարգացումը: Այդ համատեքստում նախագահներն ընդգծեցին Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի եւ Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը: Նախագահները կարեւորեցին ՀՀ-ի եւ ԻԻՀ-ի կողմից տնտեսական, տրանսպորտային, գիտատեխնոլոգիական, հումանիտար եւ այլ համատեղ նախագծերի իրականացումը եւ փոխադարձ աջակցությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին կարեւորեցին գազի եւ էլեկտրաէներգետիկայի բնագավառում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաեւ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շահագործումն ու Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը»:

Հայտարարության մեջ նշվում էր, որ կողմերը կարեւորել են Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ արտոնյալ պայմաններով առեւտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները եւ այդ համատեքստում Հայաստանի աջակցությունը. «Նախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետությունում եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում գործարար կապերի ընդլայնման, տնտեսական եւ ներդրումային գործունեության, ինչպես նաեւ զբոսաշրջության խթանման համար երկու երկրների միջեւ ելքի եւ մուտքի արտոնագրերի չեղարկումը»:

Ուշագրավ էր նաեւ համատեղ հայտարարության այն հատվածը, որում Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին կարեւորում են տարածաշրջանում հարատեւ խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատումն ու հետագա ամրապնդումը` «այդ նպատակին հասնելու համար կարեւորելով առկա հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը եւ տարածաշրջանային համակողմանի համագործակցության ընդլայնումը»:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին՝ «երկու պետությունների նախագահներն ընդգծեցին, որ այն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ սկզբունքների վրա»: «Երկու պետությունների նախագահները վստահություն հայտնեցին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների դրական ավարտի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն ի շահ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության եւ կայուն զարգացման: Երկու պետությունների նախագահները կարեւորեցին համընդհանուր խաղաղությանը միտված տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների շուրջ համատեղ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը»:

Ինչպես հայտնի է, Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվում է գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակում: «Ելնելով նշված փոխանակման արդյունքում Հայաստանում էներգակիրների անհրաժեշտ չափաքանակների ապահովման նկատառումներից եւ Երեւանում կայացած քառակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ անդրադարձանք Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի գործարկմանը: Մտքեր փոխանակեցինք Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ միջանցք ստեղծելու ծրագրերի շուրջ, որի իրականացմամբ կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, հնարավորություն կտրվի նվազագույն տրանսպորտային ծախսերով իրանական ապրանքներին մուտք գործելու եվրոպական շուկա, ինչպես նաեւ ներգրավելու բեռների տարանցում այլ երկրներից: Սա ոչ միայն իրանական տրանսպորտի համար ամենակարճ եւ անվտանգ անցումը կլինի Հայաստանով, այլեւ շատ լուրջ խթան կհանդիսանա մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճի համար»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը հայ-իրանական բանակցությունների արդյունքում:

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Երեւանում նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ եւ պայմանավորվածություններ:
Մինչդեռ պաշտոնական Երեւանը շարունակում էր խոսել ԵԱՏՄ-ի մասին: Իրանի նախագահի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վերահաստատում էր «Հայաստանի պատրաստակամությունը՝ սերտորեն աջակցելու Իրան-ԵԱՏՄ բանակցային գործընթացում»:

Դեկտեմբերի 21-ին Երեւանում կայացավ Հայաստան-Իրան գործարար համաժողովը, որի նպատակն էր նպաստել երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության աշխուժացմանը եւ ներդրումների ավելացմանը: Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Ըստ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հաղորդագրության` նա ներկայացրել է Հայաստանից արտահանման հնարավորությունները դեպի երկու խոշոր շուկաներ՝ ԵՄ եւ ԵԱՏՄ. «ՀՀ-ն տարածաշրջանում այն միակ երկիրն է, որ բավականին բալանսավորված առեւտրային հարաբերություններ ունի խոշոր շուկա ունեցող երկրների միավորումների հետ: ՀՀ-ում արտադրված ապրանքը ազատորեն, առանց մաքսային ձեւակերպումների արտահանվում է ԵԱՏՄ մայր անդամ երկրներ»:

Շարունակությունը` հունվարի 18-ի  համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 17.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031