Լրահոս
Օրվա լրահոսը

«Պապայիս փեսան ես» հեգնալից արտահայտությունը ՔԿՀ աշխատակից փեսուն վիրավորել է եւ պատճառ է դարձել դանակահարության

Հունվար 18,2017 15:30

Միջնակարգ կրթությամբ, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության սերժանտ, 1 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Գրիշա Հակոբյանը դատական քննության ընթացքում ցուցմունք էր տվել, որ տուժողներից՝ Ֆրունզ Մելքոնյանը եղել է իր ընկերը: Նրա միջոցով ծանոթացել է քրոջ հետ: Նրանց ամուսնությանը դեմ են եղել եղբայրները՝ Ֆրունզ, Պարույր եւ Մելքոն Մելքոնյանները ու նրանց ծնողները, սակայն նա ու տուժողների քույրն ամուսնացել են: Ամբաստանյալի եւ կնոջ հարազատների փոխհարաբերությունները վատ էին եւ ըստ էության կապ չի եղել: Մելքոն Մելքոնյանը բնակվել է Մոսկվայում. նրան ամբաստանյալը երեք անգամ է տեսել: Մելքոնն իր ծննդյան օրը՝ 2016 թվականի հունվարի 25-ին, հրավիրել է խնջույքի: Երեկոյան, ըստ ցուցմունքի, ժամը 20:30-ի սահմաններում, ամբաստանյալն իր կնոջ հետ գնացել են Բուրաստան գյուղում գտնվող նրա ծնողների տուն: «Այդ ժամանակ Պարույրը ձեռքով ցույց տվեց կողքի ազատ աթոռն ասելով. արի կողքս նստի: Մերժեցի նրան՝ ասելով. «Եթե փեսադ եմ, ուրեմն կո՞ղքդ պետք է նստեմ»: Պարույրն ասաց. «Պապայիս փեսան ես», ինչին պատասխանեցի. «Եթե պապայիդ փեսան լինեի՝ քույրդ ձեր տանը չէր երեւա»,- ասաց ամբաստանյալը: Նա արդեն մի քանի բաժակ խմել էր եւ վիրավորված, դիմում է կնոջը՝ «Հագնվիր, տուն ենք գնում»:

Արդեն հագնված՝ միջանցքում էին. «Այդ ժամանակ Ֆրունզը միջամտեց եւ առաջարկեց դուրս գնալ խոսելու, ես էլ ասացի՝ գնանք Արտաշատ խոսենք: Ֆրունզը միջանցքից դուրս եկավ փողոց, իրենք էլ հետեւից եւ նրա հետեւից քայլել է Պարույրը»: Ի դեպ, երբ հասնում են աներոջ «Ժիգուլի» ավտոմեքենայի մոտ, տուժող Ֆրունզ Մելքոնյանը շրջվել, հանկարծակի բռունցքով հարվածել է փեսայի դեմքին, ինչի հետեւանքով ինքը թիկունքով ընկնում է «Ժիգուլիի» բեռնախցիկի վրա: Պարույրը նույնպես սկսել է հարվածել: Նրա հարվածից էլ ամբաստանյալն ընկել է գետնին: Ըստ ամբաստանյալի, երբ Ֆրունզն ու Պարույրն իրեն գետնից բարձրացրել ու կանգնեցրել են, ինքը գոտկատեղից այդ ժամանակ հանել է իր մոտ պահվող դանակն ու «ցուցադրաբար այն փակ վիճակում առաջ է պարզել, որ նրանք վախենան ու իրեն չծեծեն, սակայն նրանք շարունակել են իրեն հարվածներ հասցնել»:

Սակայն հարվածները չէին դադարում, այդ իսկ պատճառով, պաշտպանվելու նպատակով մեկ անգամ դանակով հարվածել է իր ձախ կողմում գտնվող Ֆրունզին: «Ֆրունզին դանակով հարվածելուց հետո իր ձեռքին եղած դանակով մեկ անգամ էլ խփել է Պարույրին, որից հետո օգտվելով այն հանգամանքից, որ դուրս եկած հյուրերը բռնել են Ֆրունզին ու Պարույրին, նա փախել է: Շուրջ 5-10 մետր չհեռացած՝ Մելքոնն իր ձեռքից վերցրել է դանակը, պահել իր մոտ եւ իրենք միասին ոտքով քայլել են դեպի Ազատավան գյուղի կամրջի ուղղությամբ: Երբ հասել են կամրջի մոտ, ինչ-որ ավտոմեքենա է կանգնել, որից իջել է իր կնոջ հայրը` Գարեգին Մելքոնյանն ու երկու ձեռքով բռնելով իր կոկորդից, սկսել այն սեղմել, ասելով. «Տղաներիս խփել ես», սակայն ներկա գտնվող Մելքոնն իրենց բաժանել է եւ իրեն հաջողվել է հեռանալ»,-շարունակել էր ցուցմունք տալ ամբաստանյալը:

Դատարանում հարցաքննության ժամանակ ամբաստանյալը պատճառաբանեց, թե տուժողներին՝ Պարույր եւ Ֆրունզ Մելքոնյաններին չէր դանակահարի, եթե նրանք իրեն ծեծի չենթարկեին, նրանց ծեծից ազատվելու եւ փախչելու նպատակով է նրանց ամեն մեկին մեկ անգամ դանակով հարվածել:

Ի դեպ, Պարույր Մելքոնյանն էլ ցուցմունք էր տվել, ասելով, թե իր մոտ դանակ չի եղել: Դատարանում ասվել էր, թե Ֆրունզի կողմից ծեծվելու ժամանակ Պարույրի ձեռքին դանակ է եղել եւ նա նույնպես դանակահարել է:

Ամբաստանյալը նախաքննության ժամանակ հայտնել էր, թե դիտավորությամբ է հարվածել: Եվ դա դատարանում պատճառաբանեց նրանով, թե ինքն այդ ժամանակ եղել է ընկճված եւ իմանալով, որ կնոջ եղբայրների առողջական վիճակը ծանր է, այդ պատճառով իրեն մեղավոր է ճանաչել, որովհետեւ գտնում էր՝ «իրեն ծեծից պաշտպանելու համար կարիք չկար նրանց դանակով հարվածելու»:

Տուժող Ֆրունզ Մելքոնյանի ցուցմունքի համաձայն էլ՝ իր եղբոր՝ Մելքոն Մելքոնյանի ծննդյան խնջույքի ժամանակ Գրիշան կնոջ հետ ուշացումով է եկել ու միացել խնջույքի մասնակիցներին: Իրենք բոլորն էլ ոգելից խմիչք են օգտագործել: Կարճ ժամանակով ինքը մտել է հարեւանությամբ գտնվող ազգականներից մեկի տուն, երբ վերադարձել է տուն, միջանցքում կանգնած են եղել Գրիշան ու Պարույրը: Տեսնելով նրանք վիճաբանում են՝ Գրիշային առաջարկել է իրեն կարգի հրավիրել, սակայն վերջինս իրեն դիմել է «այ տղայով»: Ինքը բարկացել եւ նրան առաջարկել է գնալ դուրս խոսելու, իսկ Գրիշան առաջարկել է գնալ Արտաշատ խոսել:

Նկարագրելով դանակահարության պահը, տուժողը հայտնել էր՝ «Գրիշայի ձեռքին փակ դանակ տեսա, սակայն չպատկերացրի, որ նա կարող է իրեն խփել: Դանակը բացված վիճակում չի տեսել, դանակով հարվածելը չի տեսել եւ չի զգացել, ծեծն ավարտվելուց հետո շուրջ 30-40 րոպե անց, երբ կողքի փողոցում բնակվող սանիկի տնից վերադարձել ու մտել է տուն, նոր միայն զգացել է, որ Գրիշան դանակով հարվածել է իր որովայնին: Եթե ինքն ու եղբայրը Գրիշային չծեծեին, ապա Գրիշան իրենց դանակով չէր հարվածի»:
Իսկ տուժող ճանաչված Պարույրն էլ վեճի դրվագը նկարագրել էր այսպես. «Գրիշան նրան դիմեց «այ տղայով», իսկ Ֆրունզն առաջարկեց դուրս գնալ խոսելու: Ֆրունզի առաջարկով Գրիշան եւ Ֆրունզը դուրս եկան փողոց: Տեսա, թե եղբայրը ձեռքով ինչպես է հարվածել Գրիշային, վերջինս էլ բաց դանակով հարվածել է եղբոր որովայնին: Բարկությունից աչքերի դեմը սեւացել է եւ այդ պահին, եթե իր մոտ որեւէ բան լիներ, նրան «կփրթեր»: Գրիշայի կողմից դանակով հարվածելուց հետո Ֆրունզը շարունակել է նրան ձեռքերով հարվածներ հասցնել»: Գրիշայի՝ դանակով հարվածելուց հետո Պարույրը փեսայի ձեռքին այլեւս դանակ չի տեսել, թե ո՞վ էր դանակը վերցրել, չի տեսել:

Պարույրը դատարանում ասել էր, թե նախաքննական ցուցմունքը Գրիշայի կողմից անմիջապես իրեն դանակահարելու մասին չի համապատասխանում իրականությանը, քանի որ ինքը նման ցուցմունք է տվել Գրիշային ծեծելու համար քրեական պատասխանատվության չենթարկվելու նպատակով:

Վկա Մելքոն Մելքոնյանը դուրս գալով փողոց՝ տեսել էր. «Նրանք միմյանց բրթբրթում են»: Տեսնելով փեսայի ձեռքի դանակը, ինքն անմիջապես խլել է Գրիշայի ձեռքից, որի ժամանակ էլ վնասել է ձեռքի ափը:

Վկա՝ երաժիշտներից Վոլոդյա Գրիգորյանը մասնակցել է Մելքոն Մելքոնյանի ծննդյան տարեդարձին: Նրանք նվագել ու երգել են, ուրախ մթնոլորտ էր: Գրիշային նա դեմքով էր միայն ճանաչում: Ժամը 22-ի սահմաններում, ինչ-որ իրարանցում է սկսվել եւ նվագը դադարեցնելով՝ դուրս են եկել փողոց ու տեսել խառնաշփոթ իրավիճակ, որտեղ եղել են նաեւ Պարույրն ու Ֆրունզը: Վերջիններս լարված ու ջղայնացած էին, փողոցում Գրիշային չի տեսել, չի տեսել նաեւ վեճ ու ծեծկռտուք: Իսկ տանը տեսել է Պարույրի ու Ֆրունզի մարմնական վնասվածքները: Դեպքից հետո Պարույրն ու Ֆրունզը ոչ մի տեղ չեն գնացել եւ կանչով ժամանած շտապօգնության ավտոմեքենայով նրանց տեղափոխել են հիվանդանոց:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

17.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031